IMG_5600Աշնանը տեղեկատվական դաշտում սենսացիա առաջացրեց այն լուրը, թե բիզնեսմեն, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանում իր իսկ գրած սցենարով: Հոկտեմբերի վերջերից սկսած՝ ստեղծագործական  խմբի հետ Հակոբ Հակոբյանը մասնակցել է բոլոր նկարահանումներին: Ֆիլմի գլխավոր ռեժիսորի՝ Քաջայր Հակոբյանի հետ զրույցից պարզվեց, որ բիզնեսմեն-սցենարիստն անփոխարինելի խորհրդատու է եղել, ստեղծագործական նորանոր մտքերով աջակցել խմբին ու իր խանդավառությամբ վարակել բոլորին: Ցեղասպանության մասին ֆիլմը, որի վերանգիրն է «Հիշողություն», մոնտաժման փուլում է և էկրան կբարձրանա 2015-ի փետրվարի 10-ին: Ֆիլմի թրեյլերն արդեն երկու օր է՝ տեղադրված է համացանցում: Ստեղծագործական խումբն սպասում է «Հիշողության» արձագանքներին: Ֆիլմի երիտասարդ ռեժիսորը մոնտաժային աշխատանքից կես ժամով կտրվեց՝ «Կինոաշխարհին» հարցազրույց տալու առիթով:

– Ինչպե՞ս է  Հակոբ Հակոբյանը որոշել է Ցեղասպանության մասին ֆիլմի սցենար գրել ու նկարահանել: Մեր ժամանակներում մի քիչ տարօրինակ է ցեղասպանությամբ կամ կինոյով հետաքրքրված բիզնեսմեն տեսնելը:

– Հակոբ Հակոբյանը Ցեղասպանության 90-ամյակին նվիրված խաչքար է կանգնեցրել, իսկ 100-ամյակին որոշել է մնայուն գործ թողնել հայ ժողովրդի համար: Սցենարը գրել է, բավականին երկար ժամանակ մշակել ու որոշել նկարահանել:

– Ձեր նպատակը 100-ամյակին ընդառաջ ֆիլմը հասցնել-ներկայացնե՞լն է: Պետական ատյաններում անգամ կարծում են, որ բոլորովին էլ պարտադիր չէ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմը 100-ամյակին էլ հենց ավարտել:

– Շատերն են սպասում, որ հենց 100-ամյակին տեսնեն Մեծ եղեռնի մասին ֆիլմ: Մեկ դարը գլորեցինք՝ առանց այդ թեմայով լուրջ ֆիլմ ունենալու: Էլի՞ սպասենք, որ մեկ դարն էլ անցնի, հետո կամաց-կամաց սկսենք գործել: Մեր գերագույն նպատակն է  ֆիլմը 2015-ին ներկայացնել հանրությանը. մենք չենք կարող սպասել:

– Ինչպե՞ս և որտե՞ղ անցան ֆիլմի նկարահանումները: Անսովոր չէ՞ր Հակոբ Հակոբյանի՝ նկարահանման հրապարակում հայտնվելը: Ի վերջո, ամեն օր չի, որ նախկին պատգամավորի կարող ենք տեսախցիկից այն կողմ տեսնել, այն էլ` ոչ ավելի, ոչ պակաս սցենարիստի կարգավիճակում:

– Արել ենք առավելագույնը, ստացել ենք այնպիսի կադրեր, ինչպես պատկերացնում էինք մինչև նկարահանումներն սկսելը: Աշխատել ենք տարբեր վայրերում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Գաղտնիքները չբացահայտեմ. կասեմ միայն, որ աշխատել ենք նկարահանումներն անել այնտեղ, որտեղ իրականում կատարվել են գործողությունները:  Պարոն Հակոբյանը ոչ միայն հետևողականորեն մասնակցել է նկարահանումներին, այլև եղել ամենամեծ խորհրդատուն: Շատ է օգնել թե՛ ինձ, թե՛ դերասաններին: Նրա դիտողություններն ու միջամտություններն այնքան տեղին են եղել, որ արդյունքում ունենք ֆիլմ՝ մեր պատկերացրածին համապատասխան: Հաճախ  հենց տեղում փոխել է սցենարի որոշ դրվագներ, որովհետև հասկացել է, որ այդպես ավելի ճիշտ է, ավելի բնական: Պարոն Հակոբյանը փակ աչքերով էր տեսնում ֆիլմը և ուզում էր նույն կերպ տեսնենք նաև մենք: Կարծում եմ` եթե ֆիլմը չնկարեինք այնպես, ինչպես նա էր պատկերացնում, մենք կփչացնեինք այն:

– Փաստորեն, Հակոբ Հակոբյանը եղել է ավելին, քան սցենարիստ, նաև ռեժիսոր, դերասան, խորհրդատու: Քասթինգը նո՞ւյնպես ինքն է արել:

– 30-ից ավելի ռեժիսորների է փորձել. ես նրան դիմեցի մի ցանկությամբ՝ մասնակցել նկարահանումներին, թեկուզ ոչ  որպես ռեժիսոր:  Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչու հենց ինձ ընտրեց որպես գլխավոր ռեժիսոր: Դերասաններին ևս նա է ընտրել: Խաղում են Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Գարիկ Չեպչյանը, Յուրի Իգիթխանյանը, Լուիզա Ղամբարյանը, փոքրիկ դերասանուհիներ՝ երեխաների դերերում; Եղել են դեպքեր, երբ պարոն Հակոբյանը գնացել է թատրոն՝ ներկայացում նայելու, հետո զանգահարել է ինձ ու ասել, որ այսինչ դերասանին հավանել է ու այսինչ դերի համար նրան է հարմար գտնում: Կանչել է դերասանին, փորձել ենք, ու զարմանալիորեն չի սխալվել պարոն Հակոբյանը:

– Տարաձայնություններ, վեճեր, բախումներ չե՞ն եղել: Չէ՞որ շատ հնարավոր է, որ նրա ու Ձեր պատկերացումները տարբեր լինեին: 

– Շատ-շատ են եղել վեճեր: Նման դեպքերում ինձ կողքից ասում էին՝ Հակոբ Հակոբյանն է ախր, էդպես մի խոսիր հետը: Կամ նրան էին ասում՝ պարոն Հակոբյան, կծեծեք իրար, էդպես մի արեք: Բայց դրանք ստեղծագործական հողի վրա բռնկվող վեճեր էին՝ կապված դերասանների ընտրության, կադրը բռնելու ձևի և շատ ու շատ այլ պատճառների հետ, որոնք հարթվում էին իհարկե: Վերջում փաթաթվում էինք իրար՝ որպես հայր և որդի, և ամեն ինչ հանդարտվում էր:

– «Հիշողությունն» ունի նատուրալիստական պատկերներ՝ բռնություն, սպանդ: Մեր օրերում ոչ մի բանով չես զարմացնի հասարակությանը, քանի որ դաժանության ամենավայրագ ձևերը մոլորակի տարբեր անկյուններում բացեիբաց կիրառվում և ցուցադրվում են, իսկ ցեղասպանության դեպքում ենթադրելի է, որ յուղ ու մեղր չեն բաժանել: Ամենասոսկալի մեթոդներն  են կիրառել թուրքերը: Այդ տեսարանները ցուցադրելու նպատակը ո՞րն է:

– Մենք ցուց ենք տվել, թե ինչ ստեղծագործ ժողովովրդի են կոտորել թուրքերը: Իսկ նրանց բռնություններն ու դաժանություներն ինքնանպատակ չեն ֆիլմում: Պետք է մարդկությունն իմանա, թե ինչ սարսափելի, անմարդկային վայրագություններ են արել թուրքերը հայերի նկատմամբ. ու ոչ թե մեկ, երկու, երեք հոգու, այլ մի ամբողջ ազգի հանդեպ: Եղել է դաժանություն, ցուցադրում ենք այդ դաժանությունը: Բացի այդ, ֆիլմը քաղաքական, դիվանագիտական շերտեր ունի, որոնք ուղղված են այսօրվա Թուրքիային ու ընդհանրապես մարդկությանը:

– Ֆիլմը կցուցադրվի՞ Թուրքիայում:

– Շատ ենք ուզում, որ ցուցադրվի. բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ: Մեր թրեյլերի տակ շատ թուրքեր մեկնաբանություններ ու կարծիքներ են գրել, թե այո՛, ամեն ինչ շատ ճիշտ է, որ իրենք ընդունում են իրենց մեղքը: Գրել են նաև, որ ֆիլմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կնպաստի:

– Ուղղակի ձեր բախտը բերել է, որ այսպես կոչված առաջադեմ, չքաղաքականացված թուրքերի եք հանդիպել և ոչ ծայրահեղականների:

– Մեր ֆիլմում թուրք հերոսներ էլ կան: Իրականում եղել են և՛ մարդասպան, և՛ մարդասեր թուրքեր. երկու տեսակն էլ կա ֆիլմում: Եվ առհասարակ հերոսները բազմաթիվ են, կարելի է ասել՝ չունենք գլխավոր և երկրորդական հերոսներ: Բոլորն էլ ունեն ճակատագիր, և այս ֆիլմը նրանց ճակատագրերի մասին է:

https://www.youtube.com/watch?v=k-VsCv8GKcg

– «Հիշողություն». ենթադրել կարելի է, որ հիշողությունն է հերոսին կամ հերոսներին տանում 15 թվական:

– Այո, 1976 թվականն է. Սովետական Հայաստանը, իսկ հիշողություններում արթնանում է 1915-ը: Բազմաթիվ հայերի խեղված ճակատագրեր խտացնում են մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը: Ավելին պատմել չեմ կարող. կինոցուցադրության ժամանակ ամեն ինչ պարզ կլինի:

– Մեզնից մեկ դար առաջվա նկարագրությունները, պատկերները, հագուստները, միջավայրը, գույներն ստանալն այնքան էլ հեշտ չէ: Ըստ Ձեզ՝ համոզի՞չ է ֆիլմն այդ առումով:

– Քննադատություններ շատ կլինեն: Բոլորը չէ, որ ֆիլմը կտեսնեն մեր աչքերով: Ամեն ինչ արել ենք պրոֆեսիոնալ մակարդակով: Նոր շորեր ենք գնել, ճղճղել, գարշահոտության մեջ մտցրել, հետո նոր հագցրել գաղթականների դերում նկարահնվողներին, որպեսզի նրանք լիովին մտնեն դերի մեջ:

– Այդքա՞ն նատուրալիստական:

– Նույնքան նատուրալիստական էր Հակոբ Հակոբյանը, օրինակ, հենց իմ նկատմամբ: 150-200 գաղթականներ՝ բարակ հագնված, անցնում են գաղթի ճամփեքով. շատ ցուրտ է: Ես տաք-տաք հագնված՝ պատրաստվում եմ նկարահանել այդ տեսարանը: Մեկ էլ այն կողմից լսում եմ պարոն Հակոբյանի ձայնը՝ Քաջա՜յր, սպասիր: Եկավ, շարֆս պոկեց վզիցս, բաճկոնս հանեց ու ասաց՝ այ հիմա նկարիր: Ես զարմացա, բայց հետո հասկացա, որ ուզում էր՝ որպես ռեժիսոր, ես էլ զգայի, թե ինչքան են մրսում գաղթականները, ինչ դժվար է նրանց համար: Մի ամբողջ գիշեր պարոն Հակոբյանն ինձ թողել է ցուրտ սենյակում. ես հատակին եմ քնել, որպեսզի հաջորդ առավոտյան սեփական մաշկիս վրա զգալով կոտորվող ու անօթևան հայերի ցավը՝ կանգնեմ նկարահանման հրապարակում: Ու, հավատացեք, արդյունքը լրիվ ուրիշ է:

– Որքա՞ն է ֆիլմի բյուջեն:

– Չեմ կարող ասել: Միայն կավելացնեմ, որ պարոն Հակոբյանը ոչինչ չի խնայել ֆիլմի համար:

– Եվ վերջում ո՞ւմ անուններն եք կարդալու լուսագրերում, որոնք կադրում չեն երևում, բայց հենց նրանք են ֆիլմն ստեղծողները:

– Սցենարի հեղինակ՝ Հակոբ Հակոբյան, գլխավոր ռեժիսոր՝ Քաջայր Հակոբյան, բեմադրող ռեժիսոր՝ Սեյրան Հակոբյան,  հնչյունային ռեժիսորը պարսիկ է՝ Այդին Դավուդի, բեմադրող օպերատոր՝ Վահե Սայան, կոմպոզիտոր՝ Արա Գևորգյան, որն, ի դեպ, ասել է՝ եթե փողի մասին խոսք եղավ,  երաժշտությունը չեմ գրի:

-Փաստորեն, երեք Հակոբյան…IMG_6820

 

IMG_5446

IMG_4958

IMG_8064

IMG_4370

 

Հարցազրույցը`  Նաիրա Փայտյանի