download (1)Քրիստոֆեր Նոլանն ամերիկացի ճանաչված ֆիզիկոս Քիփ Թորնի կինոնախագծին` «Միջաստղային»-ին միացավ այն ժամանակ, երբ հոլիվուդյան արտադրող ընկերությունների միջև ծագած խնդրի պատճառով նախագծից հրաժարվեց Սթիվեն Սփիլբերգը: Ջոնաթան Նոլանը հրավիրված էր իբրև սցենարիստ, և նրա առաջարկով էլ եղբայրը՝ Քրիստոֆերը, ստանձնեց ֆիլմի ռեժիսուրան:

 Կապե՛ք ամրագոտիները կամ #spoiler 1

 «Միջաստղայինը» ժանրային յուրահատկություն չունի. ընտանեկան դրամայի և գիտական ֆանտաստիկայի համադրություն է: Գործողությունները տեղի են ունենում ոչ հեռավոր ապագայում: Մարդկության գոյությունը վտանգված է: Մթնոլորտում ազոտի հարաբերակցությունը հետզհետե աճում է: Անկանխատեսելի հողմամրրիկների պատճառով, եգիպտացորենից բացի, հացահատկի այլ տեսակ չի աճում: ՆԱՍԱ-ի նախկին օդաչու Քուփերը (Մեթյու Մքքոնըհեյ), որն այժմ ագարակատեր է, ապրում է ԱՄՆ նահանգներից մեկում: Նրա աղջիկը՝ Մըրֆը, պարբերաբար հորը պատմում է ննջասենյակում բնակվող և գրապահարանից շարունակ գրքեր դուրս նետող ուրվականի մասին: Դստեր պատմությանն անլուրջ վերաբերվող Քուփերն անոմալ երևույթ-ուրվականի գործողություններում օրինաչափություն է տեսնում և ստացած նշանների ճշգրիտ վերծանման շնորհիվ ինչ-որ օբյեկտի կոորդինատներ հայտնաբերում: Ճանապարհը տանում է դեպի ՆԱՍԱ-ի տիեզերական գաղտնի ստորաբաժանում: Լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Բրենդը (Մայքլ Քեյն) Քուփերի բազայում հայտնվելը համարում է նախախնամություն և առաջարկում գլխավորել մարդ տեսակի փրկության առաքելությունը՝ «Ղազարոս» անվանումով: Մինչև Քուփերի հայտնվելն արդեն իսկ մի քանի գիտնականներ Սատուրնի ուղեծրի շրջանում գերբնական ուժերի ստեղծած որդնանցքով (ենթադրական տեղագրական հատկություն, որի երկու ծայրերը տարածաժամանակային տարբեր գոտիներ են) հատել են արեգակնային համակարգը և դրանից դուրս հայտնաբերել երեք մոլորակ, որոնց բնակլիամայական պայմանները բարենպաստ են մարդկության գոյատևման համար: Քուփերի գլխավորած արշավախումբը պետք է մեկնի` որոշելու երեք մոլորակներից հարմարը: Պրոֆեսոր Բրենդը մարդ տեսակի փրկության երկու ճանապարհ է մշակել: Նա փորձում է լուծել մարդկանց մեծ խմբերի՝ Երկիր մոլորակից տեղափոխելու գիտական խնդիրը: Երկրորդ ճանապարհն արդեն իսկ բեղմնավորված ձվաբջիջներին հատուկ ինկուբատորների միջոցով նոր մոլորակում կյանք տալն ու մարդ տեսակը շարունակելն է: Հակառակ դստեր աղաչանքներին՝ Քուփերն ընդունում է Բրենդի առաջարկը և գլխավորում գործողությունը:

 Հավերժապտույտի մեխանիկան

«Միջաստղային»-ի ձևը բարդ կառուցվածք ունի: Զարգանում է մաթեմատիկոս Մյոբուսի հնարած փակ ժապավենի սկզբունքով, ըստ որի՝ եթե ժապավենի մակերևույթով անընդհատ շարժվենք առաջ, ապա կհայտնվենք ոչ թե ելակետային դիրքում, այլ ժապավենի հակառակ մակերեսին: Իսկ դա ենթադրում է, որ ժապավենի կամայական կետից կարելի է հասնել հակառակ կողմի կամայական կետ առանց հատելու ժապավենի եզրը:

2

Մյոբուսի ժապավենը

Սյուժեն ներկայացնելու շեղատառ հատվածը կարևոր հանգույց է, որն էլ առաջարկում եմ ընդունել որպես վերոնշյալ ժապավենի կամայական կետ, բայց ոչ թե այնտեղից սկսելու, այլ հատելու համար: Այսինքն՝ Ջոնաթանի և Քրիստոֆերի գլուխկոտրուկը լուծելու համար կարելի է ֆիլմը բաժանել երկու պայմանական հատվածների, ըստ այդմ էլ՝ առաջին հատվածն ընդգրկում է Քուփերի՝ մինչև ՆԱՍԱ-ի գործակալությունում հայտնվելը, իսկ երկրորդը՝ Երկիր մոլորակից հեռանալն ու տիեզերական ոդիսականը:

Առաջին հատվածում ներկայացվում է Քուփերի կերպարը՝ ՆԱՍԱ-ի օդաչուից մինչև ագարակատեր, նրա անձնական դրաման (կինը մահացել է, և երկու երեխան մնացել են իր խնամքին), մարդկությանը սպառնող վտանգը, ուրվականի պատմությունն ու անորոշ ժամանակով երեխաներին թողնելու ծանր որոշումը: Երկրորդ հատվածում ընտանեկան դրամայի տարրերն ու սրտաճմլիկ երկխոսությունները հետին պլան են մղվում, գերակշռողը դառնում է ֆանտաստիկան՝ համեմված ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտական բանաձևերով: Այս կտորը ՆԱՍԱ-ի գործակալությունում պրոֆեսոր Բրենդի և նրա գործընկերների կողմից ներկայացված պատմությունների էկրանավորումն է. որդնանցքեր, խաղ տարածաժամանակային գոտիների հետ, սև խոռոչներ, արեգակնային գալակտիկայից դուրս գտնվող մոլորակներ, բազմաչափ իրականություններ և այլն:

«Միջաստղային»-ի երկու մասերը, որոնք պայմանական բաժանման արդյուք են, թեև ունեն սյուժետային առանձին գծեր, բայց և մեկը մյուսի ոչ միայն տրամաբանական շարունակությունն է, այլև լրացումը: Ուրվականի ով լինելու, Քուփերի՝ տվյալ իրականությունում և միաժամանակ ապագայում գտնվելու պատմությունները, որ բացահայտվում են երկրորդ բլոկում և ենթադրելի էին առաջինում, ձևավորում են «Միջաստղային»-ի հիմնական փիլիսոփայական շերտն ու սցենարը դարձնում յուրօրինակ: Սյուժեի զարգացման և մոնտաժի այդօրինակ սկզբունքով B բլոկը տեղավորվում է A-ի հակառակ կողմում և վերջինիս բովանդակությանը նոր շերտ ավելացնում: Այսինքն՝ երկու բլոկները պատումի ոչ ավանդական զարգացման հետևանքով ձեռք են բերում երկուստեք ազդեցություն:

3

«Միջաստաղային»-ում ժամանակը ոչ թե առաջ է մղում պատմությունը, այլ, ընդհակառակը, վերադարձնում է ելակետ:

A և B բլոկներն ունեն նաև ոճի ու ռիթմի տարբերություններ: Առաջին հատվածում ռիթմն ավելի դանդաղ է, և օպերատոր Հոյե Վան Հոյթեմայի խցիկն էլ աշխատում է հիմնականում ընդհանուր և միջին պլաններով: Երկրորդ բլոկում ռիթմն ավելի արագ է՝ քլիպային մոնտաժի տարրերով, և գերակշռում են խոշոր ու գերընդհանուր պլանները: Ձեռագրի տարբերություններն ուղղակի փոխազդեցության-լարումի մեջ գտնվող առանձին բլոկների ինքնուրույնությունն են ընդգծում:

 Միջաստղայինի տարածական մոնտաժը

 Արտավազդ Փելեշյանը 1974-ին հրատարակած «Տարածական մոնտաժ» աշխատությունում կադրերի կամ առանձին բլոկների մոնտաժի հետևյալ բանաձևն է առաջարկում.

4

Ըստ Փելեշյանի՝ տարածական մոնտաժը ֆիլմի կառուցվածքին ոչ թե ավանդական՝ «շղթայական» մոնտաժի կամ առանձին «շղթաները» համագումարի բերելու ձև է հաղորդում, այլ ստեղծում է շրջանաձև, ավելի ճիշտ՝ գնդաձև շարժման փոխդասավորություն:

«Ընդգծված կադրերը կամ հատվածները, որոնք տարածական մոնտաժում հանդիսանում են «լիցքավորված օջախներ», մյուս տարրերի հետ ոչ միայն ուղղագիծ փոխազդեցության մեջ են, այլև միջուկային ֆունկցիա ունեն և ֆիլմի յուրաքանչյուր հատվածի հետ գտնվում են վեկտորային կապի մեջ: Այդպիսով, մյուս ենթակա օղակների միջև դրանք «շղթայական ռեակցիա» են առաջացնում, որը մի կողմից վարընթաց է, մյուսից՝ վերընթաց»:

«Միջաստղային»-ի մոտաժի հիմքում Արտավազդ Փելեշյանի «տարածական մոնտաժի» տեսության ժամանակակից և փայլուն իրագործումն է: Ցավոք, «տարածական մոնտաժը», որը խորհրդային կինոտեսության հիմնասյուներից մեկն է, հայկական կինոյում այդպես էլ չունեցավ իր շարունակությունը:

«Միջաստղային»-ի այդչափ ուշագրավ և գրավիչ կառուցվածքը, որ վստահ եմ` կգնահատվի նաև Օսկար քեռու մի քանի արձանիկներով, անկասկած, պատկանում են Քրիստոֆեր և Ջոնաթան Նոլան եղբայրներին, մոնտաժի հեղինակ Լի Սմիթին և օպերատոր Հոյե Վան Հոյթեմային: Բայց ինչպես միևնույն աշխատությունում Փելեշյանն է նկատում, ստեղծագործության ձևը դրա բովանդակությունն ու հեղինակի ներդրած գաղափարների արտահայտման առաքելությունն ունի: Բարձր գնահատելով Նոլանի կատարած աշխատանքը` այդուամենայնիվ նշենք, որ ֆիլմում առանձնակի կարևորություն ունի ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ Քիփ Թորնը, որը ֆիլմի համապրոդյուսերն ու գաղափարի հեղինակն է: Կինոյի պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ մեծավաստակ գիտնականը որոշում է մտնել կինոարտադրություն և ֆիլմի գաղափար առաջարկել:

Ի՞նչն է դրդել ժամանակակից գիտության մեջ մեծ ավանդ ունեցող գիտնականին դիմել այդ քայլին, և ո՞րն է այն գլխավոր գաղափարը, որը նա ուզում է փոխանցել կինոսիրող հանրությանը: 

 

 Գիտնականի խոստովանությունը

«Միջաստղային»-ում նշանային տեսարան կա, որը փոխանցում է ֆիլմի գաղափարական ասելիքը: Երեխաների հետ դպրոց ուղևորվող Քուփերը պատահաբար անօդաչու թռչող սարք է տեսնում և սկսում է հետապնդել: Քուփերին հաջողվում է որսալ: Պարզվում է՝ անօդաչու սարքը հնդկական արտադրության է, որն ունի արևային մարտկոց և մոտ տասը տարի է՝ թռչում է այդ տարածքներով ու ինչ-որ տեղեկատվություն հավաքում (հավանաբար ռազմական կարևորության): Քուփերը երեխաներին բացատրում է, որ մարտկոցը մեծ արժեք ունի, և դրանից կարելի է մարդկությանն օգտակար սարք պատրաստել, օրինակ՝ խոտհնձիչ մեքենա:

Տեսարանում աբսուրդ միտք կա: Անօդաչու թռչող սարք, որն ուղարկված է տեղեկատվություն հավաքելու, բայց արդեն տասը տարի է, ինչ օդում է, և մեծ հարց է՝ արդյոք ուղարկող երկիրն այլևս գոյություն ունի՞: Լրտեսող սարքերի հավաքած տեղեկատվությունն այլևս պետք չէ, քանի որ համայն մարդկությանը միավորել է ոչնչացման վտանգը: Հաջորդ տեսարանում մտահոգության երանգն ավելի է խտանում: Դպրոցում Քուփերին տեղեկացնում են դստեր հեռացման մասին, քանի որ նա դպրոց է բերում ֆիզիկայի հին դասագիրքը, որտեղ նշված է, թե իբր մարդիկ XX դարում տիեզերք են բարձրացել: Մարդկային պատմությունը հանգել է դիպվածի, որտեղ այլևս ճարտարագետներ հարկավոր չեն, և գիտության երբեմնի ձեռբերումներն էլ հեքիաթի որակ ունեն: Մարդկությունն այժմ ագարակատերերի կարիք ունի սովամահ չլինելու համար:

Ֆիլմի գաղափարը մերօրյա քաղաքականության քննադատությունն է: «Միջաստղայինը» սթափության կոչ է, ապաշխարություն գիտության մինչ օրս ձեռք բերած նվաճումների հեղինակների անունից, որոնց բացահայտումները քաղաքական որոշմամբ օգտագործվել են ոչ թե ի նպաստ մարդկության, այլ երկրագնդի մասնատման զենքեր պատրաստելուն: Մոտ ապագայում, երբ Մայր բնությունը դեմ դուրս գա իր զավակներին, ըստ «Միջաստղային»-ի, նրանց այլևս ոչինչ չի մնա, քան հավատալ վերերկրային ուժին:

 Կորչի Նոյի առասպելը. ինքնափրկություն

Հավատքը Քիփ Թորնի և Քրիստոֆեր Նոլանի ֆիլմում երբեմն արտահայտվում է ուղղակի հղումներով:

ՆԱՍԱ-ի՝ մարդկության փրկության գաղտնի առաքելությունը կոչվում է «Ղազարոս», որն ակնհայտ հղում է Ավետարանին՝ Ղազարոսի հարության հիշատակմանը (Հովհ. 11.1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի ընտանիքից էր, Քրիստոսը նրան հարություն է տալիս:

«Ղազարոս» գործողությունը հիմնված է գիտության մեջ ենթադրական, բայց ֆիլմում իբրև գերբնական ուժերի կողմից Սատուրնի մոտ ձևավորված որդնանցքի գոյության վրա, որը թույլ էր տալու հատել արեգակնային համակարգը: Պրոֆեսոր Բրենդը «Ղազարոսի» խմբին տիեզերք է ճանապարհում ուելսցի նշանավոր բանաստեղծ և դրամատուրդ Թոմաս Դիլանի հետևյալ տողերով, որոնք ֆիլմում մի քանի անգամ հիշատակվում են.

Հեշտ մի գնա դեպի գշերն այդ բարի

Ծերությունը պիտի վառվի օրվա հետ

Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի:

 Իմաստունը մութն է սիրում աշխարհի,

Բայց քանի որ խոսքերն անզոր են հավետ

Հեշտ չի գնում դեպի գիշերն այդ բարի…

             (թարգմանությունը՝ Ս. Մկրտչյանի )

«Հեշտ մի գնա դեպի գշերն այդ բարի» բանաստեղծությունը Թոմաս Դիլանը նվիրել է հորը: Յուտայի համալսարանում նա երկար պատմել է երդվյալ աթեիստ հոր մասին: Ասել է, որ հայրն Աստծուն անձնական թշնամի էր համարում և ատում: Դիլանը հիշում է, որ հայրը կարող էր նայել պատուհանից դուրս ու ասել. «Էլի անձրև. անիծված լինի էս Աստվածը»: Թոմաս Դիլանի հայրը մահից առաջ կուրացել է և երկար ժամանակ ծանր հիվանդությամբ գամվել մահվան մահճին: Նա բանաստեղծությունը հոր մահվանից առաջ է գրել, բայց այդպես էլ չի ընթերցել նրա համար: Դժվար է ասել՝ Դիլանի անձնական պատմությունը նշանակությո՞ւն է ունեցել ֆիլմում հենց այս բանաստեղծությունից հատված օգտագործելիս: Ակնհայտ է, որ սա գոյի ու անգոյի սահմանը հատողին նվիրված տողեր են, և ֆիլմում դառնում են երաժշտական բազմաձայնության մաս: Ֆիլմի կոմպոզիտորը գերմանացի օսկարակիր Հանս Ցիմերն է, որը Նոլանի հետ համագործակցելու երկար պատմություն ունի: «Միջաստղային»-ի համար Ցիմերի գրած պոլիֆոնիկ երաժշտությունն իր բարդությամբ չի զիջում ֆիլմի պատկերապատումին: Միևնույն մեղեդիների ու մեղեդային դարձվածքների համակցումը, որ տարբեր դրվագներում ընդօրինակվում է, նմանակվում մյուս ձայների կողմից (ալիքների, քամու, տիեզերական միօրինակ լռության, մրրիկի ձայներ, բանաստեղծությունը) ստեղծում է նմանակային բազմաձայնություն: Ֆիլմում շատ քիչ են այն տեսարանները, որոնց երաժշտություն չի ուղեկցում: «Միջաստաղային»-ի երաժիշտությունը հիմնականում կատարվում է երգեհոնով: Երաժշտության և պատկերաշարի համադրությունն արված է կոնտրապունկտի (պատկերն ընդդեմ երաժշտության և երաժշտությունն ընդդեմ պատկերի) սկզբունքով: Դեռ 1929-ին Սերգեյ Էյզենշտեյնն իր «Չորրորդ չափումը կինոյում» հոդվածում խոսում է ֆիլմում երաժշտության և պատկերի նմանօրինակ համադրման մասին: Ըստ Էյզենշտեյնի, քանի որ պատկերն ու երաժշտությունն առանձին-առանձին իրենց կայուն հնչերանգներն ունեն, դրանց ամբողջականությունը պահպանելու և պատկերի ու երաժշտության սկզբնային իմաստների կոնտրապունկտային համադրությունից (որը տվյալ դեպքում կարելի է հակադրություն էլ անվանել) կառաջանա երրորդ իմաստ կամ զգացողություն:

Ֆիլմի նույնիսկ կենցաղային տեսարաններին զուգահեռ հնչող երաժշտությունը, իրոք, հավելյալ զգացողություն է հաղորդում անբացատրելի, անճառելի հավելյալ ուժի գոյության մասին: Հենց այդ Ուժի գոյության պարբերական հիշատակումն է ամբողջացնում Քիփ Թորնի ու Քրիստոֆեր Նոլանի գաղափարը: «Միջաստղային»-ում այն Գերբնական ուժը, որը մարդկության փրկության բանալին է տալիս, Վերածննդի փիլիսոփայությունն է՝ անսահման սերն ու հավատը Մարդու նկատմամբ: Ուստի մարդու տեսակը շարունակելու հնարավորությունը ոչ թե պարգև է լինելու Աստծուց, ինչպես Նոյի դեպքում, այլ նախ և առաջ ինքնափրկության որոշում ու պարտավորություն ընտանիքի, սիրելիների հանդեպ: «Միջաստղային»-ի գաղափարն իրականում առավել քան պարզ է. մարդու անսահման հնարավորությունների հանդեպ ունեցած հավատի և փոխադարձ սիրո գերակա ուժն է միայն ի զորու ապահովելու մարդկության հարությունը:

Րաֆֆի Մովսիսյան