«Մարդը հակված է ամեն բան մոռանալու։ Եվ ժամանակի հետ մարդկային ցեղն այս հատկությունը վերածել է իսկական արվեստի։ Եթե մոգական մոռացությունը չխլացներ մտքերը, որոնք տառապում են կրքերի գերության մեջ, թույլ տալով, որ գիտակցությունը անհրաժեշտ կերպով կարգավորի դրանք, ապա մեր ուղեղը իրենից կներկայացներ մի սովորական կոնտեյներ։ Եթե չլիներ մոռացությունը, մարդը չէր կարողանա արժանապատիվ կերպով սկսել նոր օրը… Քունը և մոռացությունը խլացնում են մարդկային անտանելի ցավն ու անսահման ուրախությունը։ Եթե չլիներ մոռացությունը, սիրո կորստի ցավը անտանելի կդառնար։ Նույնը վերաբերում է նաև գլոբալ մարդկությանը, երբ նա անընդհատ վերապրում է պատմության մասշտաբային ճգնաժամերն ու կատակլիզմները»։ Հենց այսպես է սկսում իր ինքնակենսագրական «Որտե՞ղ է իմ տեղն այս պատմության մեջ» գիրքը ժամանակակից կինոյի պաշտամունքային դեմքերից թերևս ամենապաշտամունքայինը՝ Էմիր Կուստուրիցան։
Կինոյի վարպետն այս տարի արդեն 60 տարեկան է։ Կուստուրիցան ծնվել է 1954 թ․ նոյեմբերի 24-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյի Գորիցա թաղամասում, որտեղ ապրում էին մուսուլմանական համայնքը և թափառական գնչուները։ Հետագայում Կուստուրիցան կխոստովանի, որ հենց գնչուներն են մատուցել նրան կյանքի, ընկերության և ազատության առաջին ու թանկ դասերը։ Ու նաև այն, որ ոչնչին այս ունայն և անցողիկ կյանքում չպետք է շատ լուրջ վերաբերվել:
Եվ այսպես, երբ 1961 թ․ Յուրի Գագարինը թռավ տիեզերք, փոքրիկ Էմիրն առաջին անգամ դպրոց գնաց։ Հռչակավոր տիեզերագնացի թռիչքը, անկասկած, նախապատրաստվել էր բազմաթիվ մասնագետների, փորձագետների կողմից, իսկ ահա Էմիրին նոր կյանքին նախապատրաստելն ընկել էր միայն նրա մայրիկի՝ տիկին Սենկայի ուսերին, քանի որ նրա պատվարժան ամուսինը՝ Մուրադ Կուստուրիցան, այդ ժամանակ գործուղման էր մեկնել Բելգրադ։
Դեռևս դպրոցական տարիքից Էմիրը շատ սիրեց սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը, բասկետբոլը և թեթև ատլետիկան, ու նաև՝ գեղարվեստական մարմնամարզությունը։ Առողջ մարմնում՝ առողջ հոգի, ինչպես ասում են։ Իսկ երբ նա արդեն պատանեկան հասակում էր, որոշեց լրջությամբ նվիրվել ֆուտբոլին, սակայն բժիշկները նրա մոտ հոդերի հիվանդություն հայտնաբերեցին ու խորհուրդ տվեցին մեկ այլ բանով զբաղվել։ Երիտասարդ Կուստուրիցան տարվեց կինոյի մոգական աշխարհով։ Իհարկե, նա քաջ գիտակցում էր, որ այդ աշխարհը գոյություն չունի, սակայն այն ժամանակ կինոն նրա համար ավելի իրական աշխարհ էր, քան իրականը։
1972 թ․ արկածային ֆիլմերի հեղինակ Խայրուդին Սիբա Կրվավացի հորդորով Կուստուրիցան կարճամետրաժ կինոնկար նկարահանեց՝ «Ճշմարտության մի մասը», որն ուսանողական ֆիլմերի փառատոնում մրցանակ շահեց։ Հետո նկարահանեց «Աշունը»։ Դրանից հետո ծնողները որոշեցին, որ կարելի է տղային ուղարկել մի ավելի լուրջ տեղ՝ կինեմատոգրաֆիա ուսանելու։ Որոշվեց, որ դա պետք է Պրագան լինի, հանրահայտ FAMU արվեստների ակադեմիան և կինոդպրոցը, որովհետև Չեխիայի մայրաքաղաքում ապրում էր նրա հորաքույրը, որը հարկ եղած ժամանակ հոգ կտաներ երիտասարդ Էմիրի մասին։
Կուստուրիցան սկսեց սովորել այնտեղ, որտեղ սովորել էր Միլոշ Ֆորմանը։ Նրա ուսուցիչները դարձան Օթակար Վավրան («Ռոմանս կոռնետի համար») և Իրժի Մենցելը («Ես սպասարկել եմ անգլիական թագավորին»)։ Կուստուրիցան պատմում է, որ բացի Չեխով, Տոլստոյ ու Դոստոյևսկի կարդալուց, ուսումնառության տարիներին անընդհատ դիտում էր կյանքն իր ամենատարբեր դրսևորումներով։ Նա քայլում էր փողոցում, նստում կանգառներում, սրճարաններում ու բարերում, մի խոսքով, այն վայրերում, որոնք սովորաբար մարդաշատ են։ Որտեղ կարելի է դիտարկել կենդանի միզանսցեններ՝ հասարակ մարդկանց մասնակցությամբ։
Կուստուրիցայի դիպլոմային աշխատանքը «Գերնիկա» կարճամետրաժն էր, որը գլխավոր մրցանակ ստացավ Կառլովի Վարիի կինոփառատոնում։ Հետո հայրենի տուն վերադարձավ և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Հենց այստեղ ծնվեցին նրա առաջին ոչ այնքան վստահ ու հստակ կինոօպուսները՝ «Հարսները գալիս են» և «Սրճարան «Տիտանիկը»։
Սակայն Կուստուրիցային իրական փառք ու ճանաչում բերեց 1981 թ․ նկարահանած «Արդյոք kinopoisk.ruհիշում ես Դոլլի Բելլին» ֆիլմը։ Գլխավոր հերոսուհու անունը վերցված է իտալացի նեոռեալիստ Ալեսանդրո Բլազետտիի 1959 թ․ նկարահանած «Եվրոպան գիշերով» կինոնկարից՝ մերկապարուհու կերպարից։
Կուստուրիցայի ֆիլմը պատմում է 50-ականներին Բոսնիայի մայրաքաղաքում ապրող և լուսավոր գալիքի պատրանքով խաբված երիտասարդության մասին։ Սա մի ամբողջ սերնդի դրամա է՝ նուրբ քնարական երանգներով։ Ասք առաջին սիրո, առաջին հիասթափության, առաջին կորստի ու ձեռքբերման մասին: Դեռ նոր-նոր առաջացող փոփ-մշակույթի մասին։ Գլխավոր հերոսը փորձում է մոտեցնել կոմունիզմի արքայությունը, իրեն սիրահարեցնել էժան կաբարեի հմայիչ երգչուհի Դոլլի Բելլին, բայց եթե չստացվի էլ, գոնե սեփական կենսադաշտով ազդեցություն գործել ճագարի վրա։ Կինոնկարը հատուկ մրցանակ և Կինոքննադատների գիլդիայի՝ ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակ շահեց Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Կուստուրիցան այդ ժամանակ բանակում էր, և նրան շտապ Լիդո կղզի ուղարկեցին՝ մրցանակը ստանալու։ Եվ քանի որ այդ պահին տղան իր մոտ գումար չուներ, երկչոտ մոտեցավ Բոսնիայի մշակույթի նախարարին, նրանից մի քիչ գումար վերցրեց պարտքով և ժյուրիի բոլոր անդամներին խմելու հրավիրեց։ Նշենք, որ այս կինոնկարի սցենարի հեղինակը տաղանդավոր դրամատուրգ Աբդուլլահ Սիդրանն է։
kinopoisk.ru1984 թ․ էկրան բարձրացավ «Հայրիկը գործուղման է» ֆիլմը։ Կուստուրիցան արդեն բանակից վերադարձել էր և սկսել էր մտորել ավելի լուրջ հարցերի շուրջ։ Ֆիլմն այն մասին է, որ մի գեղեցիկ օր Տիտոն ու Ստալինը վիճում են այն հարցի շուրջ, թե Հարավսլավիան միշտ էլ փորձել է միաժամանակ նստել երկու աթոռի՝ սովետականին և ամերիկյանին։ Ու նաև ինչպես են բեկվում ու խեղվում հասարակ մարդկանց ճակատագրերը իշխանության անհեռատես խաղերի հետևանքով։ Գլխավոր հերոսի հայրը մեկնում է գործուղման, համենայն դեպս, նրա մանուկ որդուն այդպես են հայտնում։ Եվ միայն շատ հետո, երբ նա մեծանում է, իմանում է, որ իրականում հայրն ուղղիչ աշխատանքային գաղութում էր, որտեղ նրան գաղափարապես վերադաստիարակում էին։ Գաղութի անունն էլ «Գոլի ոտոկ» էր («Մերկ կղզի»)։ Ֆիլմն արժանացավ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի»։ Մրցանակը հանձնեց աշխարհահռչակ Միլոշ Ֆորմանը՝ երիտասարդ ռեժիսորին անվանելով «Եվրոպական և համաշխարհային կինոյի հույս»։
Գնչուների ժամանակը 11988 թ․ Կուստուրիցան նկարահանեց հիրավի հանճարեղ «Գնչուների ժամանակը»։ Հենց այս ֆիլմում առաջին անգամ հնչեց Գորան Բրեգովիչի անզուգական երաժշտությունը։ Օպերատորը Վիլկո Ֆիլաչն է, սցենարիստը՝ Գորան Միխիչը։ Հենց այստեղ է, որ ռեժիսորը սկսեց ավելի խորը մտածել կյանքի և մահվան հարցերի շուրջ։ Եվ չնայած մեր իրականությունն իռացիոնալ է և աբսուրդ, հաճախ շատ ցավալի ու դաժան, առանց թունելի վերջում երևացող լույսի, նմանվելով դրամայի՝ առանց հոգեմաքրող կատարսիսի, այնուամենայնիվ հեղինակը պահպանում է սերն ու հավատը մարդկանց հանդեպ, հավատում է կյանքի անսպառ էմոցիոնալ ուժին և երբեք հույսը չի կորցնում։
Քննադատներն այս կինոնկարը համեմատում են Դուշան Մակավեևի ֆիլմերի և Անդրեյ Տարկովսկու «երազային» կինոկտավների հետ, ու նաև օգտագործում մարկեսյան «մոգական ռեալիզմ» եզրույթը։ Մետաֆիզիկական առակ կամ կինոավետարան ըստ Կուստուրիցայի։ Եվ ինչպես ռեժիսորի հայրն էր սիրում հաճախ կրկնել, «մահը դա չստուգված ասեկոսե է»։
The No Smoking Orchestra 2Նշենք, որ Կուստուրիցան հենց այս տարիներին ստեղծեց իր հայտնի «The No Smoking Orchestra» նվագախումբը, որը հիմնականում մասնագիտացված է հարսանիքներին և թաղումներին նվագելու մեջ։ Չէ՞ որ այս աշխարհում երկու հզոր շարժիչ ուժ կա՝ սերը և մահը, հին հույները կասեին՝ Էրոսն ու Թանատոսը։ Իր հարցազրույցներում ռեժիսորն ասում է, որ իրականում ինքը երաժիշտ է, որը, չգիտես ինչու, համերգների ընդմիջումների ժամանակ ֆիլմեր է նկարահանում։ Իսկ հետո ավելացնում է, որ իրականում պետք է գրող դառնար։
Եվ այսպես, 36 տարեկանում Կուստուրիցան Միլոշ Ֆորմանի հրավերով դասավանդում էր Կոլումբիայի համալսարանի կինոբաժանմունքում։ Հենց այս ժամանակ էլ թողարկվեց «Արիզոնյան երազանքը» Ջոնի Դեպի և Ֆեյ Դանաուեյի մասնակցությամբ։ Ոմանք այն համարում են նրա վատագույն, ամենաթույլ ֆիլմը, ոմանք էլ գլուխգործոց են համարում։ Այսպես թե այնպես, այս ֆիլմով Կուստուրիցան արտահայտում է իր վերաբերմունքն Ամերիկայի նկատմամբ։ Հետաքրքրականն այն է, որ ֆիլմը ստեղծվել է Կուստուրիցայի ուսանողներից մեկի փորձնական սցենարով։
Underground 2Իսկ հետո «Ընդհատակի» ժամանակներն էին։
…Կար-չկար մի երկիր-դրախտավայր, անունն էլ՝ Հարավսլավիա։ Ահա թե ինչ է գրում կինոգետ, կինոպատմաբան Սիրանույշ Գալստյանն այս էպիկական կինոկտավի առնչությամբ․ «Ամեն ժողովուրդ մարդկության սկիզբը փնտրում է դիցաբանության մեջ, իսկ վերջը պատկերացնում որպես Ապոկալիպսիս։ Պետությունները հառնում են, հարատևում և մի օր էլ փլուզվում։ Այս ֆիլմն ինչ-որ անխուսափելի, նախասահմանված շրջապտույտի անվերջանալիության մասին է։ Հերոսների կյանքը տևում է պատերազմից պատերազմ, ֆաշիստների դեմ պատերազմից մինչև քաղաքացիական, եղբայրասպան պատերազմ։ Տոտալիտար երկրի կյանքն ամփոփող կինոմետաֆոր՝ վերացական և որոշակի կերպար՝ ներկա չունեցող, պայծառ գալիքի գաղափարով խաբված, «սիզիփյան» աշխատանքով զբաղված ժողովուրդը։ Այդ կերպ «Ընդատակն» իր այլաբանական նշանակությունն ունի։ Մենք տեսանք պատմությունը և նրա աղավաղված մատուցումը։ Մարդկությանը միշտ մատուցվում է ոչ այնքան պատմությունը, որքան առասպել պատմության մասին։ Ֆիլմն այն մեծ խաբեության մասին է, որի թակարդում շարունակ հայտնվում են մարդիկ, ժողովուրդներ։ Այդ խաբեությանը տրվելը ողբերգություն է, դրանից ձերբազատվելը՝ կրկնակի ողբերգություն»։
Այս ֆիլմը ռեժիսորին բերեց Կաննի երկրորդ «Ոսկե արմավենու ճյուղը»։ Դրա կապակցությամբ հույն հռչակավոր ռեժիսոր Թեո Անգելոպուլոսը Կուստուրիցային անվանեց «Դիոնիսոս աստծո որդի», իսկ Կուստուրիցան էլ կատակելով վերաձևեց սա. «Ոչ, ես Դիոնիսոսի հոր որդին եմ»։
Նոր հազարամյակի սկզբում ռեժիսորը թեթև մի ֆիլմ նկարահանեց՝ «Սև կատու, սպիտակ կատու՝ հանդիսատեսի ամենասիրածը, ամենից շատ դիտվածն ու ճանաչվածը։ «Ես վերադարձել եմ Կյանքին և Լույսին», – ասում էր հեղինակը։ Հրաշալի են նաև նրա «Բոլոր անտեսանելի երեխաներն» ու «Մարադոնան»։
2004 և 2007 թթ. ռեժիսորը ևս երկու ստեղծագործություն հրամցրեց հանդիսատեսին՝ «Կյանքը հրաշք է» և «Պատգամը», երկուսն էլ հաջողված։
Վերջին տարիներին Կուստուրիցան ապրում և աշխատում է Բելգրադում, Փարիզում և Նյու Յորքում։ Նախընտրում է խոսել անգլերեն, ինքն իրեն հարավսլավացի է անվանում, գոյություն չունեցող երկրի էմիր։ Ով գեթ մեկ անգամ ընթերցել է նրա վերոհիշյալ ինքնակենսագրական գիրքը, խորապես կհասկանա, թե որքան դառն ու ցավագին, որքան ծանր է նա ապրել իր հարազատ երկրի, մանկությունից իրեն ծանոթ իրականության փլուզումն ու նոր աշխարհի կառուցումը։ «Ամերիկան լավ է քանդում ամեն բան, բայց չէ՞ որ այն նաև շատ լավ կառուցում է, քանդում է ավելի լավ»,- ասվում է նրա «Պատգամը» ֆիլմում։ Ռեժիսորը ողբում և սգում է այն մասին, որ հին աշխարհն այլևս չկա, իսկ թե ինչ է մնացել փլատակների տակ, դեռ հայտնի չէ…
Սակայն Կուստուրիցան կարողացել է կառուցել սեփական աշխարհը՝ վերջին հանգրվանն այս անհաստատ ու փոթորկուն աշխարհում։ Դա «Դրվենգրադ»-ն է կամ «Կուստենդորֆ»-ը՝ ռեժիսորի հայտնի գյուղը, հենց այն գյուղը Սերբիայի Զլատիբոր լեռնային հատվածում, որտեղ Ջոննիի արձանընկարահանվել է «Կյանքը հրաշք է» ֆիլմը։ Այստեղ ամեն տարի նույնիսկ կինոփառատոն է անցնում։ Գյուղում շրջելով՝ կարելի է տեսնել փողոցներ ոչ ավել ոչ պակաս՝ Ֆելինիի, Բերգմանի, Միխալկովի, Բրյուս Լիի անվան, Տարկովսկու անվան կենտրոնական հրապարակ, «Վատ ֆիլմերի գերեզմանոց», Սթենլի Կուբրիկի անվան կինոթատրոն։ Տներն այստեղ զարդարված են Էռնեստո Չէ Գեվարայի, Ֆիդել Կաստրոյի, Դիեգո Մարադոնայի գրաֆիտի-նկարներով։ Իսկ փողոցներից մեկում էլ կարելի է լուսանկարվել Ջոնի Դեպի արձանի հետ։ Այն մարդահասակ է, որպեսզի երբ Ջոնին այցելության գա իր հին ու բարի ընկերոջն ու իր դստեր կնքահորը, կարողանա ինքն իրեն կողքից տեսնել ու գնահատել։
Իսկ այժմ էլ Էմիր Կուստուրիցան աշխատում է իր նոր՝ «Սեր և պատերազմ» կինոնկարի վրա, գլխավոր դերում Մոնիկա Բելուչչին է։ Այս ֆիլմը պատմում է բալկանյան սարսափելի պատերազմի խորապատկերում սկիզբ առնող ու զարգացող մի հուզիչ սիրո մասին։. Maya Kusturica wife«Շնորհակալություն քեզ, Ֆեդերիկո»,- անվերջ բացականչում է Կուստուրիցան։ Չէ որ հենց Ֆելինիի «Ամարկորդը» պարգևեց նրան կյանքում ամենից կարևոր 2 բան՝ սիրելի կնոջը, գեղեցկուհի Մայային (նրանք հանդիպել են այս ֆիլմի դիտման ժամանակ) և կինոյով լրջորեն զբաղվելու, կինո նկարելու անսպառ ցանկությունը։ Իզուր չէ, որ Կուստուրիցային «Բալկանյան Ֆելինի» են անվանում։ Ակամա վերհիշում եմ ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովի խոսքը․ «Նա, ով կարողացել է գտնել իր երկրոդ կեսին և իր ճշմարիտ զբաղմունքն այս կյանքում, ուրեմն իսկապես լիարժեք երջանիկ է, և նրա կյանքում ամեն ինչ լավ է առաջ գնալու ու հաջողությամբ է պսակվելու»։ Երևի սա նաև Կուստուրիցայի մասին է։ Իսկ մեզ մնում է կրկին շնորհավորել նրան հոբելյանի կապակցությամբ և դիտել ու վերադիտել նրա խորիմաստ, կյանքով ու սիրով լի կինոնկարները։ Եվ սովորել, անվերջ սովորել…

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ