img499«Կինոաշխարհի» «Պատերազմի վավերագրողները» շարքի հերթական հարցարույցը ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ, «Զինուժ», «Մեր բանակը», «Մարտիկ» հեռուստահաղորդումների ղեկավար , Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական կուրսի ղեկավար Սեյրան Շահսուվարյանի հետ է։

1988-ին նա հեռոստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արտադրության ղեկավարն էր: Հանրահավաքները նկարահանող խմբերին ապահովում էր անհրաժեշտ սարքավորումներով: Մեր զրույցի ընթացքում Սեյրան Շահսուվարյանը հիշեց մի դրվագ.

– Այդ շրջանում հորեղբայրս էր մահացել, և ես մեկնել էի Ադրբեջան՝ Զուրգես, որը գտնվում էր Գանձակից 20 կմ հեռավորության վրա: Թաղման արարողության ժամանակ ստանում եմ «կայծակ» հեռագիր, թե շտա՛պ վերադարձիր: Հեռագիրը «Երևան» ստուդիայի տնօրենն էր ուղարկել: Թաղման արարողությունը կիսատ թողնելով՝ ստիպված վերադառնում եմ Երևան: Պարզվում է՝ ՊԱԿ-ը փակել է ստուդիան ու իմ սենյակում խուզարկություն է իրականացնում՝ փնտրելով հրապարակում նկարահանված նյութերը: Մենք այդ նյութերն ուղարկում էինք արտասահման, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանում: ՊԱԿ-ի աշխատակիցները ոչինչ չգտան, որովհետև ամեն ինչ տանն էի պահում:

1992 թվականին հեռուստատեսությունում էի, երբ նամակ ստացանք պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանից: Նա հեռուստատեսության տնօրենին  խնդրել էր բանիմաց մեկին գործուղել Արցախ՝ այնտեղ հեռուստատեսային ֆիլմերի ստուդիա հիմնելու համար: Այդ աշխատանքը վստահվեց ինձ: Ես գործուղվեցի Արցախ որպես բանակի մշակույթի բաժնի պետ, այն ժամանակ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը դեռ չկար: Սակայն այդ նախաձեռնությունը կիսատ մնաց, որովհետև Վազգեն Մանուկյանը գնաց բուժման և այլևս չվերադարձավ իր պաշտոնին:

1993-ին ինձ նշանակեցին ՀՀ ՊՆ լրատվության բաժնի պետ: «Ժամանակավորապես» այդ պաշտոնում մնացի 20 տարի: Տարիների ընթացքում բաժինն ընդարձակվեց՝ դառնալով վարչություն, սկսեցինք հրատարակել թերթ, ամսագիր: Այդ տարիներին ամենադժվարը տեխնիկայի խնդիրն էր: Երբ ինձ նշանակեցին, տեխնիկա չունեինք: Տանն ինչ ունեի՝ տարա նախարարություն: Ոչ միայն ես, տղաներից շատերն էին իրենց անձնական տեխնիկան տրամադրում, որպեսզի կարողանանք աշխատել:

1993-ի վերջին, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, վարչության վիճակը կտրուկ փոխվեց: Նա գնեց մեզ համար այն ժամանակների լավագույն տեխնիկան, որի նմանը չուներ անգամ Հանրային հեռուստաընկերությունը: Ավելի քան 100 հազար դոլարն այն ժամանակ հսկայական գումար էր երկրի համար, բայց վարչության աշխատանքը կարևորելով՝ նախարարն այդ գումարը չխնայեց: Վարչության կազմում ես ստեղծեցի վավերագրական ֆիլմերի ստուդիա, որը գործում է մինչ օրս: Ստուդիայում տարեկան 10-12 ֆիլմ էր նկարահանվում: Այժմ էլ, կարծում եմ, նույն ռիթմով ստուդիան աշխատում է: Մենք ունենք պատերազմի ու դրան հաջորդած տարիներին ստեղծված հսկայական արխիվ, որը պահպանվում է ՊՆ-ում: Ասեմ, որ այդ նյութերի 60-70 տոկոսը լայն հանրության համար դեռևս անհասանելի է և ցուցադրման ենթակա չէ: Անգամ վարչության կազմում շատերը չեն դիտել այդ նյութերը:

img501

-Պատերազմով անցած դեմքեր, նաև դեպքեր, որոնք դաջվել են Ձեր հիշողության մեջ։

– Կարելի է ասել՝ արցախյան պատերազմի բոլոր նշանավոր դեմքերը, հրամանատարներն ու գեներալներն անցել են իմ տեսախցիկի միջով: Բոլորն էլ տպավորվել են հիշողությանս մեջ: Մենք մեկնում էինք նկարահանումների՝ մի քանի խմբերի բաժանված: Երբեմն եթեր էինք մտնում տարբեր տեղերում արված 10-15 ռեպորտաժներով: Ուրբաթ օրերին «Նորք» հեռուստաստուդիան եթեր էր հեռարձակում մեր «Ոչ ոք չի մոռացվել» հաղորդաշարը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ցուցադրվում էին «Զինուժ» և «Բարի լույս, զինվոր» հաղորդումները: Վերջինը ավելի ուշ վերանվանվեց «Մարտիկ», որը մինչ օրս հանրայինի եթերում է և այս տարի նշեց իր 20-րդ տարեդարձը: «Բարի լույս, զինվոր» հաղորդաշարը պատրաստում էին զորակոչված տղաները, և այդ աշխատանքը ևս ծառայություն էր համարվում: Այդ «դպրոցն» են անցել բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ՀՀ նախագահի մամուլի երկու քարտուղարները՝ Արմեն Արզումանյան, Արման Սաղաթելյան և այլն:

-Պատերազմի տարիների ամենածանր տպավորությունները:

– Դրանք, իհարկե, մարդկային կորուստների հետ են կապված: Չափազանց ծանր էր տեսնել մեր զոհված տղաներին: Հետաքրքիր մի օրինաչափություն բացահայտեցի պատերազմի տարիներին. Արցախ մեկնելիս ողջ ճանապարհին, երբ լուռ էինք ու մեր մտքերի հետ, երբեմն մտածում էի՝ ու՞ր եմ գնում, երեք երեխա, եթե մի բան պատահի, էն խեղճ աղջիկը ո՞նց է մեծացնելու… Հասնում էինք առաջնագծին, ու նման բոլոր մտքերը հօդս էին ցնդում: Այնտեղ մոռանում ես և՛ տունը, և՛ երեխաներին, ամեն, ամեն ինչ: Կարևոր է դառնում միայն այդ սահմանը, որը ամեն գնով պաշտպանելու ուժ ու ցանկություն ես ունենում: Գլուխդ տնկած՝ առաջ ես գնում՝ չմտածելով անգամ վտանգի մասին: Այդ ամենը տեղի է ունենում ենթագիտակցորեն: Դա անբացատրելի մի բան է, ինչպես անբացատրելի է մեր հաղթանակի առեղծվածը: Տարիների ընթացքում ես առիթ եմ ունեցել հանդիպելու օտարազգի բավականին լուրջ զինվորականների հետ, ովքեր մեր հաղթանակի բացատրությունը չեն կարողանում գտնել: Օրինակ՝ հարուստ կենսափորձով ամերիկյան մի գեներալ ասում է. «Պատերազմների պատմության մեջ նման բան գոյություն չունի: Ինչպե՞ս է պատահում, որ 10-12 հոգանոց ջոկատը մտնում է գյուղ ու գերի վերցնում 200 հոգանոց լավ զինված մի գումարտակ: Ռազմական տրամաբանությամբ ազերիները ինչպե՞ս կարող էին հանձնել Շուշին: Եթե զենք էլ չունենային, միայն քարեր գլորելով կարող էին երկար ժամանակ պահել քաղաքը, բայց չարեցին դա, չկարողացան: Մեր պատերազմը միայն մեկ տրամաբանական բնորոշում ունի՝ ոգու պատերազմ: Մենք մեր տունն ու հողն էինք պաշտպանում, նրանք ի՞նչ էին պաշտպանում: Այդ ոգին այսօր էլ մեր տղաների մեջ կա: Անգամ նրանք, ովքեր դժգոհում են, ասում ՝ էս ի՞նչ երկիր է, ինչո՞ւ գնացինք: Եթե պետք լինի, նրանք առաջինը կգնան, կասկած չունեմ:

-Այսօր, երբ դիտում ենք պատերազմի տարիներին արված տեսագրություններն ու լուսանկարները, ավելի հաճախ տեսնում ենք կենսուրախ, հավատով ու պայծառությամբ լի դեմքեր, որոնք մի տեսակ համատեղելի չեն պատերազմի դաժան իրականության հետ: Դա օպերատորների և լուսանկարիչների ընտրության արդյո՞ւնքն է, թե՞ մթնոլորտն այն ժամանակ իսկապես այդպիսին էր:

– Իրականում օպերատորներն ու լուսանկարիչներն արձանագրել են ամեն ինչ: Պատերազմի ամբողջ սարսափը վավերացված է այն նյութերում, որոնց մասին արդեն նշեցի: Ռեժիսորների ու մոնտաժողների աշխատանքի արդյունքն է, որ այդ սարսափից զերծ է մնում դիտողը, որովհետև դրա կարիքը, իսկապես, չկա: Հավատացեք, որ դաժան տեսարաններից զերծ ֆիլմերը երբեմն ավելի ազդեցիկ են լինում: Ես նկարահանել էի ֆիլմ 88-ի երկրաշարժի մասին՝ « Ուրիշի վիշտ չի լինում»: Այդ ֆիլմում որևէ դիակ չկա, արյան տեսարաններ չկան: Կենտրոնական հեռուստատեսությունը մի քանի տարի դեկտեմբերի 7-ին այդ ֆիլմը ցուցադրում էր: Հետո արգելվեց ցուցադրումը: Պարզվեց, որ Չազովը զանգահարել է ստուդիա և ասել, որ այդ ֆիլմի ցուցադրության ժամանակ շտապ օգնության կանչերը մի քանի անգամ ավելանում են: Ֆիլմում կա մի տեսարան՝ Մոսկվայի վերականգնողական կենտրոնում երեխաներ են, մեկը՝ մեկ ոտքով, մյուսը ՝ առանց ձեռքի, վազվզում ու խաղում են… Հենց այդ տեսարան էր ամենից շատ ազդում դիտողի վրա: Սա էլ կինոյի հնարքներից մեկն է:

Ես անգամ դեմ եմ, երբ թաղումներն են նկարում ու ցուցադրում: Պատերազմի ժամանակ մենք նկարել ենք զոհված գրեթե բոլոր տղաների թաղումները, որոնք պահպանվում են մեր արխիվում, բայց դրանք ցուցադրելու կարիք չեմ տեսնում:

-Ի՞նչ պատահեց, որ մեր կյանքում հերոսներ դարձան ոչ թե պատերազմում հաղթանակ տարած տղաները , այլ անազնիվ ճանապարհով հարստացած օլիգարխներն ու քրեական հեղինակությունները: Ինչո՞ւ հայ երեխան այսօր հենց վերջիններին է ուզում նմանվել:

– Դրանում իր մեղքն ունի և՛ կինոն, և՛ հեռուստատեսությունը, և՛ թերթը: Մենք նկարահանում ենք «Մարտիկ» հաղորդաշարը: Նման ծրագիր առաջարկել եմ բազմաթիվ հեռուստաընկերությունների, հրաժարվում են, ասում են՝ փող չկա: Լավագույն դեպքում ասում են՝ նկարե՛ք, մենք ցույց կտանք: Բոլորը համոզված են, որ դա ՊՆ-ի գործն է: Արդյունքում՝ գնում ես դպրոց, երեխաները արցախյան որևէ հերոսի անուն չգիտեն, բայց գիտեն հեռուստասերիալների օլիգարխ հերոսների անունները: Ասում են՝ այսպիսի ֆիլմերի պահանջարկ կա, դրա համար էլ նկարում ենք, բայց հենց կինոն ու հեռուստատեսությունը պետք է ճաշակ ձևավորեն ու թելադրեն այդ պահանջարկ ասվածը: Բացի այդ, թացն ու չորն այսօր խառնվել է: Այնպիսի մարդկանց մասին են ֆիլմեր նկարում, գրքեր գրում, որոնք պատերազմի հետ որևէ առնչություն չունեն: Սովորաբար հենց նրանք էլ սիրում են խոսել պատերազմի մասին: Իրական կռվողները ավելի զուսպ են և քչախոս:

img500

– Չնայած երիտասարդներին տրվող «անառողջ սննդին»՝  2014-ի օգոստոսյան դեպքերը փաստեցին, որ նոր սերունդը կարող է լինել արցախյան հերոսների արժանի փոխարինողը:

– Այո՛, մեր 60-նն անց  կռվողները գնացին՝ նրանց կողքին կանգնելու, իսկ տղաները նրանց հետ ուղարկեցին. «Գնացե՛ք, դուք ձեր գործն արել եք, հիմա մեր հերթն է»: Սուտ է , թե հիմա ոգին կորել է: Հայի տեսակը անբացատրելի տեսակ է: Պատերի տակ շատ բան կարող ենք խոսել, բայց գործի ժամանակ կարողանում ենք համախմբվել: Ինձ մտահոգում է մեր կրթական համակարգի ցածր մակարդակը: Դպրոցը թույլ գիտելիքներ է տալիս: Դասավանդում եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ռեժիսորական կուրսն եմ ղեկավարում: Ցավալի է, երբ ոմանք փորձում են դառնալ ռեժիսոր՝ չիմանալով անգամ Մհեր Մկրտչյանի անունը: Բայց կան նաև հրաշալի երիտասարդներ՝ պրպտող, որոնող, համարձակ:

– Բայց նրանցից շատերը գերադասում են հեռանալ, որովհետև իրենց ներուժը Հայաստանում չեն կարողանում իրացնել:

– Գնացողը կգնա, մնացողը՝ կմնա: Միշտ էլ այդպես է եղել: Խորհրդային տարիներին ևս գնում էին: Այսօր պարզապես գնալն ավելի է հեշտացել: Հաճախ գնում են պատրանքներով ու հիասթափվում:

img502

-20 տարի ղեկավարելով ՊՆ լրատվության և հասարակայնության կետ կապերի վարչությունը՝ ի՞նչ սխալներ եք արձանագրել բանակին վերաբերող նյութերի լուսաբանման ոլորտում: Կարծում եմ ՝ ոչ միայն լրագրողներս զերծ չենք այդ սխալներից, այլև ռեժիսորները, որոնք բանակին նվիրված ֆիլմեր են նկարահանում: Մինչդեռ սա չափազանց զգայուն ոլորտ է, որտեղ սխալները անթույլատրելի են:

– Զինված ուժերի լուսաբանման ոլորտում ընդամենը մեկ ոսկե կանոն գոյություն ունի՝ ասել միայն ճշմարտությունը: Պետք է խոսել տեղին և հասցեագրված: Սխալ է, երբ ընդհանուր դատողություններ են արվում՝ բանակում այսպես է, բանակում այնպես է: Եթե ուզում ես օգնել, ուրեմն խոսի՛ր կոնկրետ: Շատերը մոռանում են, որ այն, ինչ իրենք ասում են, լսում են նաև մեր հակառակորդները: Ես կատակով երբեմն ասում եմ՝ Ադրբեջանն ինչու՞ է գումար ծախսում հետախուզության վրա, մեր լրագրողները նրանց հերիք են, ամեն ինչ գրում են, մի բան էլ ծաղկացրած: Մարդիկ մոռանում են, որ բանակը ոչ թե նախագահի կամ պաշտպանության նախարարի սեփականությունն է, այլ բոլորիս ծնունդը: Երբ այս երկիրն ամեն ինչ ուներ, բանակ չուներ, հիմա շատ բան չունի, բայց ունի բանակ, որը մեր հարստությունն է, անվտանգության միակ իրական երաշխավորը:

Հարցազրույցը՝ Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԻ


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը