01Արցախյան պատերազմի մասին գեղարվեստական ֆիլմեր միայն վերջին տարիներին սկսեցին նկարահանվել։ Թեման արդիական էր, ռազմավարական նշանակություն ուներ, բայց հապաղում էինք։ Մինչդեռ Ադրբեջանը նախահարձակ է եղել նաև կինոյի ոլորտում. You tube-ը վաղուց հեղեղել է զրպարտանքներով, կեղծիքներով ու խեղաթյուրումներով լի ֆիլմերով։ Պատերազմի վավերագրողներ շատ ունենք, որոնք ոչ միայն տեսախցիկով նկարահանված փաստեր ունեն, այլև արժեքավոր հուշեր ու պատերազմական իրական պատմություններ։ Այդ օպերատորները վառոդի հոտը մոտիկից են զգացել, տեսել մարդկային  ճակատագրերի վախճաններ, եղել սոսկալի դեպքերի վկան։ Զենքն ու տեսախցիկը ձեռքներին՝ նրանք արցախյան հերոսամարտի տարեգրությունն են հավերժացրել պատմության ու սերունդների համար, ու հաստատ յուրաքնչյուրի պատմած մի փոքր դիպված-հիշողությունն անգամ գտնված նյութ կդառնա ֆիլմերի համար։ Սակայն պատերազմի վավերագրողները միշտ չէ, որ այդ պատմությունները ֆիլմի վերածելու որոշում են կայացնում։ Նման ֆիլմ նկարահանելու մասին անգամ մոտավոր պատկերացում ունենալու դեպքում դժվար չէ ենթադրել, որ ֆինանսական լուրջ միջոցներ են պետք։ Անգամ 100  հազար դոլարը նման սցենարներին տրամադրելը մեր երկրում լուրջ խնդիր է։

07Անվանի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագրող Շավարշ Վարդանյանը պատրաստվում է արցախյան պատերազմի մասին խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարահանել։ Սցենարը Հայաստանի ազգային կինոկենտրոնը հաստատել է, նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. հոկտեմբերի 23-ին սկսվել են նկարահանումները։

– Ո՞ր ժանրում է լիելու ֆիլմը, գլխավոր ասելիքը, նպատակը ո՞րն է։ Սա այն թեման է, որը կարող է զենք լինել մեր ձեռքին, ու եթե «վրիպենք», Ադրբեջանի հետ քարոզչական պայքարում կտուժենք։

– Ֆիլմը պատերազմական դրամա է՝ հիմնված իրական պատմության վրա։ Ներկայացված են Բաքվի, Սումգայիթի հայկական ջարդերը, արցախյան պատերազմը, մարդկային խաչվող ճակատագրեր, ողբերգական դեպքեր։ Սա մե՛ր պատմությունն է, մե՛ր մասին է, բայց կարող է լինել նաև այլ ժողովուրդների պատմություն ու այլ ժողովուրդների մասին, այսինքն՝ համամարդկային թեմա է։ Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ Ֆիլմում 65-ից ավելի կերպարներ կան։ Մարդասպան ու վայրագ ադրբեջանցիների կողքին տեսնելու ենք մի բժշկի, որը հայերի է փրկել Բաքվի ջարդերից։ Նա իր ֆրանսիացի գործընկերոջը պատմում է, թե ինչ անմարդկային դաժանություններ են կիրառել իր ազգակիցները հայերի նկատմամբ։ Ադրբեջանցիները հերքում են Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, խեղաթյուրում փաստերը. այս ֆիլմը կմասնակցի միջազգային փառատոներին, կցուցադրվի այլ երկրներում, ու շատերը կիմանան իսկությունը։ Ֆիլմի հերոսները խտացումն են այնպիսի կերպարների, որոնք  ընկալելի ու համոզիչ են բոլոր ազգերի համար։ Մեծ կտավի վրա, ինչպես կյանքում, տարբեր ճակատագրեր են գծագրվում, խեղվում, որի պատճառը պատերազմն է։ Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության:

-Ի՞նչ ռեսուրսներով եք աշխատելու։ Ստեղծագործական խումբն արդեն ձևավորվե՞լ է։

– Ամեն բան պատրաստ է։ Քասթինգի  միջոցով ընտրել ենք դերասաններին։ Գլխավոր դերակատարուհին Նարինե Գրիգորյանն է. մարմնավորելու է Սոնայի կերպարը։ Նրա երեխաներին ադրբեջանցիները դաժանաբար սպանում են հենց իր աչքի առաջ, ու կինը վրիժառու է դառնում։  Գլխավոր դերեկատարին հրավիրել ենք Ֆրանսիայից՝ Երո Մուրյան. նա մարմնավորելու է 1991-ին Բաքու գործուղված ֆրանսիացի բժշկին։  Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Ֆրանսիացին ակամա հայտնվում է երկու ազգերի բախման կիզակետում ու սեփական մաշկի վրա է զգում ադրբեջանցիների սանձարձակությունները։ Ադրբեջանցի բժիշկն է նրան պատմում Բաքվի, Սումգայիթի ջարդերի մասին ու բացում իր գաղտնիքը: Նա ֆրանսիացուն տանում է իր տան նկուղն ու ցույց տալիս մի հայ կնոջ՝ իր երեխայի հետ, որոնց ինքը փրկել է կոտորածից: Ֆրանսիացին հանձն է առնում կնոջն ու երեխային անցկացնել սահմանը: Նրանց թաքցնում է իր ավտոմեքենայում ու ճանապարհ ընկնում: Սակայն  օմոնակաները հայտնաբերում հայ ընտանիքին ու հենց ֆրանսիացու աչքի առաջ սպանում, իսկ նրան բանտարկում են: Հետո ևս երկու հայ գերիների հետ ֆրանսիացուն վաճառում են հայկական կողմին, ու օտարազգի  բժիշկը հայտնվում է պատերազմական Արցախում: Խաչվում են գլխավոր հերոսների ճանապարհները, որոնք անցնում են պատերազմի թոհուբոհով: Մի խոսքով, մեծածավալ կտավ, որը ներկայացնում է արցախյան պատերազմն իր ամբողջ արհավիրքով:

Դերասանների մեծ մասին շատերն են ճանաչում՝ Շանթ Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արմեն Մարգարյան, Զավեն Աբրահամյան, Ռազմիկ Խոսրոև, Ալինա Մարտիրոսյան, Սարգիս Գրիգորյան, Գնել Ուլիխանյան, Մարջան Ավետիսյան և այլք։

– Ֆիլմը նկարահանվելու է միմիայն տեղի ուժերո՞վ։ Որքա՞ն կտևեն նկարահանումները։

– Դերսանանները Հայաստանից են, տեխնիկական կազմը՝ նույնպես։ Պաշտպանության նախարարությունն է աջակցելու ռազմական տեխնիկայով։ Ինձնից բացի, սցենարի վրա աշխատել են նաև Էդուարդ Խալդը, Արմեն Վաթյանն ու Արսեն Դանիելյանը։ Օպերատորներն են Ռուբեն Գասպարյանն ու Արտավազդ Խաչատուրյանը։ 40  օր ենք նախատեսել հայաստանյան, 5 օր՝ Ֆրանսիայի նկարահանումների համար։ Կմեկնենք նաև Արցախ. պարզ է, որ Արցախի մասին ֆիլմում արցախյան պատկերներ են լինելու։  Ֆիլմում շատ են լինելու զանգվածային տեսարանները։  Կերպարները շատ են. նրանք ստեղծելու են ժամանակի ու զարգացող դեպքերի ճշգրիտ պատկերներ, բազմապիսի հարաբերություններ, մթնոլորտ, նկարագիր։ Ըստ մեր նախատեսածի՝ մինչև  2015-ի ավարտը նկարահանումները կվերջացնենք։

– Որքա՞ն կկազմի ֆիլմի բյուջեն։

– Հստակ թիվ դեռ չկա։ Բնական է, որ մեր պատկերացրածից բավականին քիչ. այնքան, որքան, օրինակ՝ Ամերիկայումկնկարեին մի փոքրիկ ֆիլմ՝ մի քանի դերասաններով ու մեկ վայրում։ Իսկ նույն Ամերիկան նման մեծածավալ ֆիլմի վրա կծախսեր 20-30 միլիոն դոլար։ Էնտուզիազմի, կինոյի նկատմամբ մեր սիրո հաշվին ենք ֆիլմ նկարահանում՝ սեփական գրպանները դատարկելով, ընկերների աջակցությանը դիմելով։

– Որքան գիտեմ, «Երկար վերադարձ» ֆիլմում կան նաև Ցեղասպանության պատկերներ ու զուգահեռներ։ Արցախյան պատերազմի նկարագրությունը խտացնելու համա՞ր են դրանք։

– Օգտագործելու եմ Արցախյան պատերազմի վավերագրություններ, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու։ Այդ նյութերը ես եմ նկարել 1990-ականներին: Ֆիլմը դրված է մի շրջանակի մեջ, որը փաստացի ցույց է տալիս դիտողին, որ Սումգայիթի, Բաքվի ջարդերը, արցախյան պատերազմի պատճառը  դարձյալ ցեղասպանություն իրականացնելն է։ XX դարավերջին իրականացվող ցեղասպանությունը շարունակությունն է նույն դարի սկզբներին իրականացված Եղեռնի. եղեռնագործները չեն պատժվել, հետևաբար նրանց գործը շարունակողները նույնպես իրենց անպատժելի են համարում։ 1915-ի ու 1980-90- ականների ցեղասպանությունների համամետական զուգահեռներն են տարվում ֆիլմում։ Գլխավոր հերոսուհու՝ Սոնայի անձնական ողբերգության օրինակով խտացվում, շեշտվում է այդ փաստը։ Ցեղասպանության 100-ամյակը մոտենում է: Չգիտեմ` պատրաստի ֆիլմ կունենա՞նք արդյոք հենց ապրիլի 24-ին: Մինչդեռ թուրքերն առաջ են ընկել ու իրենց ֆիլմերով արդեն միջազգային փառատոների են մասնակցում:

Հ․Գ․ Ֆիլմը նկարահանվում է  ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ռակուրս» փրոդաքշնի և մոսկովյան «APcinema» ընկերության կողմից։ Կինոնկարի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանն ու Վալերի Սահարյանը։

03

04

04

06

08

 

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ