Tammam, meՀայաստանի, Ֆրանսիայի և Թուրքաիայի համատեղ արտադրության «Մեր Ատլանտիդան» ֆիլմը, որպես լիամետրաժ վավերագրական, ռեժիսոր Արթուր Սուքիասյանի դեբյուտն է։ Անցյալ տարի սկսված և մեկ տարի տևած նախապատրաստական փուլին հաջորդել են շուրջ երկու ամիս տևած նկարահանումները Հայաստանում և առավելապես Թուրքիայում։ «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում սկսված ու նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Հրանտ Դինք» հիմնադրամի աջակցությամբ զարգացած համագործակցության արդյունքը՝ «Մեր Ատլանտիդան», արդեն ներկայացվել է Կառլովի Վարիի և Իհլավայի միջազգային կինոփառատոներում։ Այնուամենայնիվ ֆիլմը դեռևս հետարտադրական փուլում է, և ստեղծագործական կազմը դեռևս սպասում է պրեմիերային։ «Կինոաշխարհը» մանրամասները պարզել է ռեժիսոր Արթուր Սուքիասյանից։ 

Sound mixing

–         Ինչի՞ մասին է «Մեր Ատլանտիդան»։

–         Թե շատ կարճ  ձևակերպեմ՝ Հայոց ցեղասպանության հետևանքների։

–         Իսկ եթե մանրամասնե՞ք։

–         Այսօր ավերակված ու ամայի, իսկ 1960-ականներին ցեղասպանությունից մազապուրծ և թուրքացվող հայ մանուկներին մեկտեղած և քրիստոնեական ու հայեցի դաստիրակություն տված Ստամբուլի ճամբարի անցյալն ու ներկան եմ փորձել ներկայացնել ֆիլմում։

–         Ֆիլմը հերոսներ ունի՞, թե՞ հենց ճամբարն է այդ դերում։

–         Այդ առումով ֆիլմը բազմաշերտ է. հերոսի դերում են ևʹ Ստամբուլը, ևʹ ճամբարը, ևʹ ճամբարի սաները, որոնք հիմնականում ստամբուլաբնակ հայեր են։ Իհարկե, հենց մարդիկ են գլխավոր հերոսները, որոնցից առաջինի` ստամբուլաբնակ ոսկերիչ Կարոյի հետ ծանոթացա մի քանի տարի առաջ։ Նրա պատմությունն ինձ շատ հետաքրքրեց։ Մի տարի այն պտտվում էր մտքումս։

OurAtlantis still1

–         Գաղափարն ու ֆիլմը որքանո՞վ են նույնական։

–         Ի սկզբանե պարզ գիտակցում էի, որ ասելիքն ամբողջականացնելու համար պետք է նեղացնել։ Ինչ կերպ էլ մոտենում ես ցեղասպանության խնդրին, առնչվում ես բազում շերտերի, որոնք մի ֆիլմի շրջանակներում բացել-ներկայացնելը, եթե չասենք անհնար, ապա շատ դժվար է։ Հենց այդ պատճառով էլ կենտրոնացա ճամբարի՝ «Մեր Ատլանտիդայի» պատմության վրա։

–         Ի դեպ, ֆիլմի անվանումը կապ ունի՞ Հրանտ Դինքի հոդվածի հետ։

–         Այո։ «Մեր Ատլանտիդան» անվանումը «Ակօս» թերթում տպագրված մեծածավալ հոդվածից է վերցված։ Ինքը՝ Դինքն էլ Հրանտ Գյուզելյանի հիմնած ճամբարի սաներից էր։ Նրանցից յուրաքանչյուրի համար այդ ճամբարը հայկական կղզյակ էր՝ ոչնչացված մշակույթի վերակենդանացման փոքր հնարավորություն՝ Ատլանտիդա։ Հենց այդ գաղափարն է արտացոլում ֆիլմի անվանումը։

–         Երևի այդ գաղափարն ընդհանուր է ֆիլմի բոլոր հերոսների համար։

–         Բոլոր զրուցակցներս էլ այդ կերպ էին մտածում։ Ի դեպ, բոլորն էլ խուսափում էին բուն ցեղասպանությունից խոսել, ինքս էլ չէի կենտրոնանում այդ հարցի վրա, բայց բոլորն էլ անխտիր անդրադառնում էին ցեղասպանությանը՝ ասելով, որ շրջանցել այն ուղղակի անհնար է, քանի որ հենց ցեղասպանությունն է ծնել այդ կղզյակի անհրաժեշտությունը՝ զրկելով բնականոն կյանքի հնարավորությունից։

OurAtlantisstill2

–         Ողջ հայության համար նման նուրբ թեմային անդրադառնալն ինքնին մեծ կենտրոնացում և զգուշություն է ենթադրում, դա թուրքական համագործակցությամբ անելը` առավել ևս։ Մտավախություններ չկայի՞ն։

–         Կային։ Բայց դեռևս նախապատրաստական փուլում տեսա, որ հիմքեր չկան։

–         Ինչպե՞ս գտնվեցին գաղափարը գործարկելու միջոցները։

–         Վավերագրական ֆիլմերին առնչվող ֆրանսիական մի ծրագիր կար, որին ներկայացրի նախագիծս։ Այն հետաքրքրեց պրոդյուսերներին։ Սցենարի զարգացումն արեցինք ֆրանսիացի մասնագետների հետ, թուրք և ֆրանսիացի համապրոդյուսերների հետ էլ շարունակեցինք աշխատանքները։ Այժմ հետարտադրական փուլի վերջին աշխատանքներն են ընթացքում։


–         Ի՞նչ կասեք ստեղծագործական կազմի մասին։

–         Յուրաքանչյուրս արեցինք այն, ինչ պիտի անեինք ֆիլմն ամբողջացնելու համար, իսկ առավել մանրամասն խոսքը, կարծում եմ, իմաստ կունենա ֆիլմի ցուցադրությունից հետո։

–         Իսկ ե՞րբ «Մեր Ատլանտիդան» հասանելի կլինի հանդիսատեսին։

–         Ներկայումս փառատոներում ներկայացնելու ծրագրի վրա ենք աշխատում։ Ֆրանսիական համագործակցության շնորհիվ արդեն հաստատված է ցուցադրությունը այդ երկրի հեռուստաալքներով։ Իսկ հայաստանաբնակները, հուսով եմ, այն դիտելու հնարավորություն կունենան 2015-ին։

Զրուցեց Նանա Պետրոսյանը