balOրեր առաջ կրկին Հայաստան  ժամանեց ռեժիսոր Ռոման Բալայանը, որ 1,5 տարի շարունակ այստեղ ղեկավարում էր «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» (դպրոցը)։ Այս անգամ այցի նպատակը ուսանողների ավարտական աշխատանքների՝ ֆիլմերի, դիտումն էր և հավաստագրերի հանձնման արարողությունը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Հիշեցնենք, որ Բալայանի ղեկավարած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերը» հենց ռեժիսորի մտահղացումն էր, որն իրականություն դարձավ «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի և ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի ջանքերովով ու   ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր արդեն ռեժիսորն ամփոփում է երկարատև աշխատանքի արդյունքները․«Ինձ համար շատ կարևոր էր այս նախագիծը կյանքի կոչելը։ Այսօր արդեն կարող եմ ասել, որ, եթե չլինեին մի քանի նվիրյալ մարդիկ, նախագիծն իրականացնելը մեծ դժվարություն կներկայացներ։ Այդ գործում հատկապես մեծ է «Պարադիզ» (Մոսկվա) ընկերության ղեկավար Գևորգ Ներսիսյանի աջակցությունը։ Իմանալով գաղափարի մասին՝ նա անմիջապես որոշեց իր ներդրումն անել՝ տրամադրելով 100,000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև ես ծրագրի մասին տեղեկացրի նաև Հայաստանում, որից հետո ինձ հրավիրեցին այստեղ։ Նախագծի մնացած ֆինանսական մասը  տրամադրեց ՀՀ մշակույթի նախարարությունը։ Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել են նաև Մարտուն Ադոյանը, Արմեն Մազմանյանը և մի քանի այլ անհատներ»։

Այն հարցին, թե արդյոք գոհ է ստացված արդյունքներից, Բալայանը պատասխանում է․«Կարող եմ հաստատ ասել, որ 10-ից 4-5-ը կարող են և զբաղվելու են ֆիլմարտադրությամբ։ Ես շարունակելու եմ աջակցել նրանց մի պայմանով, որ մնան և ստեղծագործեն հայրենիքում»։

Հավելենք, որ նախագծի  10 ուսանողներն ընտրվել էին 2012 թ․ սեպտեմբերին՝ նախապես հայտարարված մրցութային ընդունելության քննության հիման վրա։ Ընդունող հանձնաժողովի կազմում էին Ռոման Բալայանը և Արմեն Մազմանյանը, ինչպես նաև  Իրակլի Կվիրիկաձեն, Սերգեյ Սոլովյովը, Անդրեյ Սմիրնովը։

Նախագծի շրջանակներում Հայաստան են ժամանել և վարպետության դասեր անցկացրել այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսսին, Պավել  Ֆիննը, Ա․Սմիրնովը, Ս․Սոլովյովը, Ի․Կվիրիկաձեն։

Շարունակակա՞ն կլինեն այս կուրսերը, թե՞ ոչ: Բալայանը դժվարանում է պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչ կախված է ներդրումներից և ցանկությունից, բայց նման ձևաչափով սցենարական կուրսեր ստեղծելը ևս անհրաժեշտ է համարում։

ՀԳՀավաստագիրը տրվել է առ այն, որ ուսանողներն ավարտել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցը»՝ ստանալով կինոռեժիսորի որակավորում։ Այն  տրվել է Ռոման Բալայանի, «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտուն Ադոյանի եւ  ՀՀ մշակույթի նախարարության կողմից։