Alan Parker«Պիտի խոստովանեմ` ինձ համար երկիրը բաժանվում է բոլորովին էլ ոչ բոլորին հայտնի երկու մասի: Աշխարհն ինձ համար բաժանվում է երկու այս մասերի` ֆուտբոլ սիրողների ու չսիրողների: Այսպես ահա»:

Ալան Փարքեր

Հայտնի բան է` անգամ եվրոպացիների մեջ բրիտանացիներն առանձին պիտակի, չափորոշիչի մարդիկ են: Ու եթե փորձենք պատկերացնել այս անգամ էլ բրիտանացիների մեջ «ամենաբրիտանացուն» կամ պարզապես նկարագրել ճշմարիտ բրիտանացու դասը, Ալան Փարքերի կերպարն է հառնում, մեծատաղանդ ռեժիսորի, որ կարող է լինել Նորին մեծության խոնարհ հպատակ ու միաժամանակ կրել «սըր» տիտղոսն այնքան բնական, ինչքան անունդ ես կրում այլընտրանք չունենալու պատճառով:

Ալան Փարքեր` մարդ, որ իր անգլիական հումորի մասին ասում է, թե այն բնավ հարթաթաթություն չէ, որ կարող ես ունենալ կամ չունենալ: Եվ բնավ դրա գոյությունը կամ բացակայությունը չի ձևավորում տաղանդը: Մարդ, որ անկասկած ռոք-ն-ռոլի սերնդից է, որի համար երաժշտությունը միշտ ձևավորում է ժամանակը, որը, իր իսկ բնորոշմամբ, երբեմն կարող է ժամանակին դեմ ուղերձ լինել, իսկ երբեմն էլ` ժամանակն օրհներգող հիմն: Բրիտանացի ստեղծագործող, որ ֆիզիկապես այնքան է լուծված իր երկրի մառախուղների, անուրջների մեջ, որ այն տարածվել է և իր ֆիլմերում: Ու գուցե համաշխարհային կինոյի ամենամռայլ կտավներն է ստեղծել: Մի «բայց»-ով: Ամենամռայլ, ԲԱՅՑ ինչպես ինքն է խոստովանում, եթե անգամ իր նկարներում ընկղմվում ես կյանքի սարսափելի մշուշի մեջ, ապա միշտ ուզում ես հավատալ, որ այս նկարները քավության ճանապարհ են խոստանում:

Այս ամենն ամբողջացնում են բրիտանացու դասը: Այս ամենը ձևավորում են Ալան Փարքեր մարդու ու արվեստագետի հավատամքը, որը, բնականորեն, իր հարազատ հայրենիքի հավատամքն է:

Սըր Ալան Ուիլյամ Փարքերը ծնվել է 1944 թ.: Հայտնի ճգնաժամի տարիների պատճառով Փարքերը կինոդպրոց, որպես այդպիսին, չի ունեցել: Ստեղծագործողի ձևավորման վրա խոր ազդեցություն են ունեցել համաշխարհային կերպարվեստի, երաժշտության ու գրականության դասականները: Դոստոևսկուն համարում է մեծագույն արվեստագետ ու հաճախ է հիշում մանկությունից մի դրվագ. «Մի անգամ դպրոցում դասաժամին այնքան երկար խոսեցի Դոստոևսկուց, որ ուսուցիչն ինձ ի վերջո ասաց, թե շատ եմ հավակնում «Ապուշ» լինել: Այն ժամանակ շատ նեղացա: Ու միայն տարիներ անց իսկապես գնահատեցի նրա կատակը»:

Ստեղծագործական ուղին Փարքերը սկսում է Ալան Մարշալի հետ սեփական գործակալության հիմնումից, որը պիտի տեխնիկական ֆիլմեր և գովազդային հոլովակներ արտադրեր: Գրեթե տասը տարի անընդմեջ Փարքերը նկարահանում է ավելի քան 500 գովազդային հոլովակ: Հատուկ կրթություն չունենալով` ստեղծում է հոլովակներ, որոնք հետագայում որպես գովազդային հոլովակների ուսուցողական ձեռնարկ ցուցադրելու էին եվրոպական կինոդպրոցներում: Ինքը` Փարքերը, խոստովանում է, որ գովազդներ նկարահանելու շնորհիվ սովորել է արագ ու դիպուկ մտածել: Սովորել է «պատմությունը պատմել երկու բառով»: 1973 թ. գրում է իր առաջին սցենարը և նկարում 50-րոպեանոց ֆիլմ, որն անմիջապես արժանանում է ԲիԲիՍի-ի ուշադրությանը: Եվ այն գնում են:

«Հենց ինչ- որ բարդությունների է բախվում մարդը, փախչում է կինոթատրոն: Սա ամերիկյան կինոյի սկզբունքն է: Մարդը փախչում է այնտեղ, որ կտրվի իրականությունից, երևակայական աշխարհ մտնի, ուր կամրապնդի իր ամերիկյան երազանքը: Այս կինոն միշտ ավելի հեշտ է վաճառել, քան «մառախլապատ ճակատագրերի կինոն», որ եվրոպական կինոն է: Կյանքի ծուռ հայելին է եվրոպական կինոն, որն արտացոլում է կյանքի տխուր ու բարդ պատկերները: Ամերիկյան կինոն աճպարարի գլխարկն է, որտեղից վերջում աճպարարը, ընդհանուր հիացական ծափողջույնների տակ, ճագարին դուրս է բերում: Այնինչ եվրոպական կինոն այս ճագարին սպանված կհաներ գլխարկից: Ու հանդիսատեսը դահլիճից հեռանալիս կմտածեր՝ միգուցե աճպարարին էլ էր պետք սպանել»:

Այսպիսին է Փարքերը կյանքում` միշտ մի քիչ հեգնական և բրիտանացի արիստոկրատին վայել` շփման մեջ միշտ պարզ ու թեթև:

Bugsy-Malone-Film-Stills-23Իր առաջին գեղարվեստական ֆիլմը հենց այդ որակն էր ապահովում` բարձրորակ ամերիկյան կատակերգություն կամ կատակերգություն, որն անչար հեգնում է ամերիկյան կինոն: Ու թե ստեղծագործություններն էլ են ունենում մանկություն, ապա Փարքերի արվեստի համար «Բագսի Մելոունը» դառնում է փայլուն մանկություն: Ամերիկյան գանգստերների մասին պատմող այս մյուզիքլի բոլոր դերակատարները բացառապես երեխաներ են: Նրանց մեջ է նաև իր կինոդեբյուտը փորձող 12-ամյա Ջուդի Ֆոսթերը: Կիսաիտալացի –կիսաիռլանդացի Բագսի Մելոունը հանդիպում է իր միակ սիրուն ու նրան օգնելու շնորհիվ հասնում է գանգստերների վերնախավի բարձրագույն աստիճանին: Այս ժանրին հարազատ ֆիլմում շատ են կրակոցներն ու պայթյունները: Մի տարբերությամբ՝ իսկական հրազենից երեխաներն իրար վրա կրակում են շոկոլադե կրեմով:

Bugsy-Malone-Film-Stills-31Ինչ-որ պահի թվում է, թե Փարքերը գերագնահատել է իր այս կինեմատոգրաֆիական հնարքը: Քաղցրի առատությունն ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում արագ է հագեցնում: Այնուամենայնիվ, «Բագսի Մելոունը» վարպետորեն նկարած անչափ նուրբ ու ծիծաղելի ֆիլմ է: Եվ պատահական չէ, որ 2003 թվականի կինոսոցընտրության ժամանակ այն մտել է բոլոր ժամանակների լավագույն մյուզիքլների շարքը: Իսկ անմիջապես մեծ էկրան բարձրանալուց հետո՝ դեռ 70-ականներին, այս ֆիլմն արժանացել է Կաննի, «Օսկարի», Բրիտանական կինոակադեմիայի մրցանակների: «Երբ նկարահանում էի իմ առաջին կինոնկարը, չորս երեխաներս փոքր էին: Եվ ես համոզված էի, որ այս ֆիլմը հատկապես նրանց համար եմ նկարում»,- ասում է Ալան Փարքերը:

Իր առաջին ֆիլմով բրիտանացի Փարքերը հայտարարում է, որ կարող է նկարել ամերիկյան կինո, բայց միշտ՝ որպես բրիտանացի: Նրա ստեղծագործություններից շատերն են արժանացել ամերիկյան կինոինդուստրիայի բարձրագույն կինոմրցանակի`«Օսկարի»: Իսկ ինքը միշտ բարձրաձայն ասում է.

«Ես բրիտանացի եմ: Սա հաճախ եմ ասում այն պատճառով, որ նկարում եմ նաև ամերիկյան կինո: Ուզում եմ, որ չխառնեն` ամերիկյան կինո նկարում եմ, բայց մնում եմ բրիտանացի ռեժիսոր»:

MidnightExpress-Film-Stills-1Եթե առաջին ֆիլմում Փարքերի վարպետ պարզությունն է, թեթևությունը, ապա արդեն երկրորդ ֆիլմում Փարքերն առանձնանում է իր սարափազդու հզոր ուժով: «Կեսգիշերային ճեպընթաց»` այսպես էր կոչվում Փարքերի երկրորդ ֆիմը, որի սցենարիստը ոչ պակաս հանրահայտ Օլիվեր Սթոունն էր: Ծագումով հրեա այս ամերիկացի ռեժիսորը կինոյում Փարքերի պես նոր էր սկսել փորձեր անել թե´ որպես ռեժիսոր, թե´ որպես սցենարիստ: Սթոունը գործընկերոջ պես այս կինոնկարով ապացուցեց, որ ինքը համաշխարհային մեծություն է:

MidnightExpress-Film-Stills-19Հետագայում Փարքերն իր հանրահայտ «Թռչնակը» ֆիլմը նկարահանեց մասամբ Օլիվեր Սթոունի` Վիետնամի պատերազմից վերադարձած զինվորի մի շարք պատմությունների հիման վրա: Բայց մինչ այդ` «Կեսգիշերային ճեպընթացը»: Մի կինոնկար, որն անմիջապես արժանացավ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում «Օսկար» մցանակների: Մի ֆիլմ, որի միայն վերնագիրը լսելիս կարող է արյունը սառչել երակներումդ, ու կարող ես ցնցվել փարքերյան հարաճուն ահազդու ուժից: Իրական փաստերի հիման վրա նկարված այս պատմությունը, թե ինչպես է անգլիացի երիտասարդը (Բրեդ Դեյվիսի հրաշալի դերակատարմամբ) ընկնում թուրքական բանտ, գուցե հայ հանդիսատեսը կրկնակի, եռակի հուզումով է նայում, քան որևէ այլ հանդիսատես: Բանտ պայմանական է ասված, ընկնում է անդունդ, դժոխք. անվանեք ինչպես կուզեք: Գուցե ողջ-ողջ թաղվում է, ուր ոչ միայն կենդանի մնալն է ֆանտաստիկ թվում, այլև` բանականությունը պահպանելը: Արթուն ուղեղ պահելն արդեն իսկ խելագարություն է: Ու եթե համաշխարհային հանդիսատեսի համար սա մարդկային ոգին ու հոգին, անհատականությունը, կենսագրությունը չկորցնելու իրեղեն պատմություն է, ապա յուրաքանչյուր հայ թերևս այն ընկալում է որպես մի ողջ ժողովրդի հետք, դրոշմ, նկարագիր չկորցնելու պատմություն: Այս դեպքում չկորցնելն արդեն հաղթանակ է:

MidnightExpress-Film-Stills-18Ըստ սցենարի՝ ֆիլմի իրադարձությունները պետք է ընթանային թուրքական բանտում: Թուրքական իշխանությունները թույլ չտվեցին, որ նկարահանումներն անցնեն իրենց երկրում: Այդ պատճառով ֆիլմը նկարահանվեց Մալթայում՝ Վալետա քաղաքում: Բայց էկրան բարձրանալուց հետո էլ թուրք իշխանավորները մեկ անգամ չէ, որ բողոքել են այս ֆիլմի դեմ…

Ի՞նչն է ապշեցնում այս ֆիլմում: Երբ նրա ազդեցությունից քիչ խաղաղված, մեկ էլ փորձում ես այն ստեղծողի, հեղինակի ոգին պատկերացնել: Եթե փորձենք Փարքերի ոգին պատկերացնել, այն քար պիտի հիշեցնի: Քար չէ` աղյուս, ամուր, աննկուն, բրիտանացու անխռով մանրամասնությամբ թրծված աղյուս: Գուցե հենց իր` Փարքերի «Պատը» հանրահայտ կինոնկարի աղյուսներից մեկը: Իսկապես, միայն այս կարծրության ոգի պիտի ունենալ նման ֆիլմեր ստեղծելու համար: Իսկ հանդիսատեսը թող նայի ու դիմանա, թե կարող է…

«Իմ ամենածանր թվացող ֆիլմերն ինձ համար լավատեսական են: Ես հաճախ եմ ստիպված լինում հետազոտել մարդկային կյանքի դաժան ու մռայլ կողմերը: Ստիպված եմ լինում զննել մարդկային զգացմունքների փխրունությունը: Ուսումնասիրել մեծ սուտը, որի մեջ երբեմն մի ամբողջ կյանք է ապրվում: Այդ անում եմ ոչ միայն այն պատճառով, որ զուտ գեղարվեստական առումով դրամատիկը առավել ազդու է: Ես խորապես հավատում եմ, որ ի վերջո այս նկարներն են, որ ապացուցում են մարդկային ոգու հաղթանակը: Ամեն դեպքում ես այդ հույս եմ փայփայում»,- ասում է Ալան Փարքերը:

Թե´ Փարքերյան արվեստում, թե´ համաշխարհային կինոարվեստում «Պատը» կինոնկարն առանձնանում է իր ինքնատիպությամբ: Փինք Ֆլոյդի «Պատը» պատվավոր տեղ է զբաղեցնում «բոլոր ժամանակների լավագույն ալբոմների հավաքածուում»: Ու Փարքերը ստեղծեց այս երաժշտությանը համարժեք գերազանց նկար: Այսօր այլևս այս երկու ստեղծագործություններն իրարից առանձին դժվար է պատկերացնել:

Սա մի նկար է, որ, անշուշտ, ձևավորել է XX դարի մի քանի սերունդների աշխարհայացք ու մտածողություն: Փարքերն իր այս ֆիլմի մասին ասում է, որ այն բառիս լավագույն իմաստով «ուսանողական նկար» է: Միայն ջահել ուսանողը կարող է թույլ տալ այն ազատությունը, որով շնչում է ֆիլմը՝ պատմելով կյանքի բոլոր պայմանական սահմանափակումների մասին: Եվ միայն փարքերյան վարպետությունը կարող է դա ցույց տալ: Փինքը ֆիլմի հերոսն է, որ դեռ մանկուց իրեն մեկուսացրել է հասարակությունից: Քաղքենի հասարակության կեղծ օրինապաշտներից, որոնք կարող են սպանել մարդկայինն ու անհատականությունը: Որոնց մոտ ամեն համակարգ` ուսումնական, օրինական, իրավական… ամենը կեղծ արժեքներից է կազմված: Ու հերոսն իրեն անջատում է այդ ամենից անընդհատ բարձրացող պատով: Եթե Փարքերի բնորոշմանը հարազատ մնանք, այս անգամ «Պատը» ռոք սերնդի համար ժամանակի հիմն է ու բողոքը միաժամանակ: Ո՞վ է ավելի հաշմանդամ, Փի՞նքը, թե՞ հասարակությունը: Փի՞նքը, որ փորձում է թմրադեղերի ազդեցությամբ նոր ժամանակ ու տարածություն գտնել իր համար: Հասարակությու՞նը, որ «մսաղացի» միջով փորձում է կրթել սերունդներ…. Անընդհատ գլորվող ձնագնդի ֆենոմենի պես, մի կողմից, Փինքն է ավելի ծայրահեղ քայլերի դիմում, մյուս կողմից` նրան հակառակվողները: Ի վերջո, հասնում է դատաստանի ժամը: Ու այժմ ոչ թե Փինքի կյանքը, այլ հոգին է դրված դատավորի առջև: Ու եթե Փինքը չքանդի իր պատը, իր համար մի ճանապարհ է մնում` կործանումը…

Բարձրագույն արվեստը ո՞րն է: Որ անգամ ամենամռայլ ու դաժան թվացող ստեղծագործությունից հետո էլ լույս է մնում հոգումդ: Անգամ ամենամռայլ, երբեմն սահմռկեցուցիչ տեսարաններից հետո մաքրված ես դուրս գալիս: Մի տեսակ ինքնամաքրումի ճանապարհ ես գտնում քեզ համար: Ու անպայման հավատում ես. փրկություն կա: Ու ուզում ես այդ մասին անպայման բարձրաձայնել: Բղավել` թե կուզեք: Այսպիսին է «Պատը»: Փարքերն այն ավարտում է փլված պատի աղյուսների հետ ինչպես խորանարդիկներով խաղացող երեխաների կադրով: Փրկություն կա: Ու հանդիսատես, ներքին լույսդ չի մարել, այն վառ է:

«Պատը» ֆիլմը կառուցված է խաղարկային և անիմացիոն կադրերի համադրումով: Անիմացիայի նկարիչը Ջերալդ Սքարֆն է: Այս ֆիլմում արդեն իսկ երևում է, որ Ալան Փարքերը նկարչական բարձր ճաշակ ունի: Եվ սա պատահական չէ, Փաքրերն ինքը լավ նկարում է, գրաֆիկական լուրջ աշխատանքների, ինչպես նաև սև-սպիտակ ֆոտոալբոմների հեղինակ է: «Պատի» սցենարիստը «Փինք Ֆլոյդ» երաժշտական խմբի գեղարվեստական ղեկավար Ռոջեր Ուոթերսն է: Ինչպես պատմում է Փարքերը, որևէ ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան փորձարարություններ չեն արել, որքան «Պատի» նկարահանման ժամանակ: «Սա ամենահաճելի նկարվող ֆիլմն էր, գլխավորապես այն պատճառով, որ մենք ժամանակ առ ժամանակ Ռոջեր Ուոթերսին ուղարկում էինք հանգստանալու ու վերջապես նրանից ազատ մեր սրտի ուզածի պես հանգիստ ստեղծագործում էինք»,- հիշում է նա:

Birdy1Փարքերի հաջորդ ֆիլմը «Թռչնակն» էր: Վիետնամի պատերազմի սարսափներն անցած երիտասարդը խելապակաս է դարձել ու ինքնակամ փակվել վանդակում: Նա իրեն թռչնակ է պատկերացնում, որ թաքնվել է պատերազմի հիշողության սարսափից: Հավատարիմ երկու ընկեր են մնացել` մանկության ընկերն ու փոքրիկ թռչնակը: Ընկերը փորձում է նրան պաշտպանել ավելի խելագար աշխարհից, քան հիմա ինքն է: Ինքն էլ թռչնակին է փորձում ամենքից պաշտպանել: Փոքրիկ երեխայի պես նա ստեղծել է իր աշխարհը ու չի ուզում այդտեղից դուրս գալ: Ու եթե մանուկն սկսում է իր ինքնահաստատումն առաջին քայլերից, ապա ֆիլմի հերոսը երազում է թռչելու մասին: Այս թռիչքը նրա երազն է: Նրա ապրելու միակ պայմանը: Որովհետև առանց այդ երազի նա կկործանվի: Այս անգամ արդեն` պատերազմից դուրս՝ խաղաղության մեջ: Որովհետև բոլոր չթռչողները բանական մարդիկ են, որոնք գուցե նույնքան դաժան են, որքան մարտի դաշտում զինակիրները: Իսկ ով ի վիճակի է իրեն հասկանալու, նույնպես փակված է: Դեղձանիկն է փակված երկաթե վանդակում: Թե Նիկոլոս Քեյջը, Թե Ջոն Հարքինսը հրաշալի էին այս ֆիլմում: Ֆիլմին պատրաստվելիս Նիկոլոս Քեյջը ստիպել էր, որ իր հերոսի պես առանց ցավազրկման իր երկու ատամը քաշեն-հեռացնեն: «Ես դրանցից առանց ափսոսանքի հրաժարվեցի, փոխարենը Հարքինսի պես լավագույն ընկերոջ ձեռք բերեցի»,- ծիծաղում է Քեյջը:

«Թռչնակը» արժանացավ կինոյի ամենապատվաբեր` Կաննի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակի: Իսկ Վարշավայում կինոյի էկումենիկ խորհուրդն այն 80-ականների հանդիսատեսի ամենամեծ համակրանքի արժանացած կինոնկարը համարեց:

Եթե «Թռչնակը» ֆիլմի հերոսը կորցրել էր բանականությունը, ապա հաջորդ՝ «Հրեշտակի սիրտը» ֆիլմի հերոսը հոգին պիտի կորցներ: Դժվար թե գտնվեր մեկ ուրիշ հեղինակ, որ այդքան սենտիմենտալ ու քնքուշ թվացող վերնագրի տակ այդքան մռայլ ֆիլմ նկարեր: Հոգին ծախելու և  չարք-հրեշտակի հետ գործարքին համաշխարհային արվեստում շատերն են անդրադարձել: Գյոթե, Բուլգակով, ուրիշներ… Փարքերն իր ֆիլմը ստեղծում է Հյորթսբերգի «Ընկնող հրեշտակը» վեպի հիման վրա: Բայց կինոնկարի ավարտից հետո պարզ է դառնում, որ այս պատմությունը գրեթե չի հիշեցնում գրական հիմքը: Ու ոչ այն պատճառով, որ պատմողի դերն է փոխվել կամ հերոսներն են ուրիշ: Առաջին իսկ կադրերից հանդիսատեսն ընկղմվում է զգացմունքների բացակայության մի անապատ, ուր ամեն մի քայլ ավելի խորն է քաշում-տանում անդունդ: Թվում է՝ շուտով շնչահեղձ կլինես անհոգի դաժանության մեջ: Մնում է միայն աղոթել, որ դու էլ այս հզոր ուժի ազդեցությունից չմոլորվես: Փարքերը ֆիլմի մասին ասում է, որ փորձել է միանգամից երկու ժանր մեկում համատեղել` ամերիկյան դասական դետեկտիվ և միստիկ` հոգին սատանային ծախող մարդու պատմություն: Ըստ նրա՝ այս պատմությունը բացահայտելու համար պետք է անցնել ռեժիսորի առաջարկած ճանապարհը:

«Այլընտրանք չկա. պետք է այն հաղթահարել ու վերջ: Միայն թե վերջում պարզ է դառնում, որ սա բացարձակ ուրիշ ուղի էր, քան կարելի էր ենթադրել: Ֆաուստյան հոգին ծախելու ողբերգությունը և կենցաղային առավել պարզ դրամայի այս պատմությունն ինձ անմիջապես համոզեց, երբ կարդացի Հյորթսբերգի վեպը: Դժվար է որպես ռեժիսոր ստեղծել մի հավաստի պատմություն, որին դու ինքդ վերապահումով ես նայում: Ֆիլմերիցս շատերը ստեղծել եմ Հոլիվուդում: Եվ չարքին հավատալն ինձ համար մի բարդ բան չէ: Հոլիվուդում հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց հոգին ծախել են Նորին մեծություն ընչաքաղցության դևին»:

Ամերիկյան հանդիսատեսը, որ սովոր էր բարու ու չարի պարզունակ, դյուրամարս պատմությունների, քարկոծեց ֆիլմը: Չընդունեց: Թեև սա հենց ամերիկյան դերասան Միքի Րուրքի ամենաբարդ հոգեբանական դերակատարումն էր, որը նա փայլուն է կատարել անգամ Ռոբերտ դե Նիրոյի նման վարպետ խաղընկերոջ կողքին: Եվրոպացի հանդիսատեսը ցնցվեց, ընդունեց ֆիլմնը, ավելին, 80-ականներին Ալան Փարքերի «Հրեշտակի սիրտը» համարվեց «Գոյություն ունեցող բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենամիստիկ պատմությունը»:

Փարքերն իր արվեստում անդրադարձել է կինոյի բացառապես բոլոր ժանրերին` կատակերգությունից մինչև ողբերգություն, միստիկ ֆիլմերից մինչ պատմական նկարներ: Մի բան է համախմբում նրա կինոարվեստը` գլխավոր հերոսը միշտ անհատականություն է, մարդ, որ փորձում է երբեք չկորցնել իր եսը: Եթե «Կեսգիշերային ճեպընթացն» է, ապա Մարդն է ու նրա անընդհատ կռիվը` չկորցնելու իր նկարագիրը: «Պատի» մեջ անհատն է ու կեղծ հասարակարգը: «Թռչնակում»` խելակորույս մարդն ու իրենից առավել վատ` անհոգի հասարակությունը: «Հրեշտակի սրտում»` արդեն սեփական հոգին կորցնող մարդն է: «Էվիտա» պատմական դրամայում անհատն է, նրա զորեղ ուժը, որ համախմբում է ժողովրդին: Մադոննա երգչուհու տպավորիչ դերակատարմամբ այս կինոնկարը իշխանության, նրա դերի, ազդեցության մասին է: Արգենտինայի պատմության փայլուն էջի էկրանավորումը մի պահ հենց Բեծ Բրիտանիայի միապետության բանաձևն է հիշեցնում: Ուժեղ երկրներ ավանդական դասակարգ ու պատմություններ ունեցող ժողովուրդներն են ձևավորում: Փարքերի կինոարվեստի հերոսն անհատ մարտնչող մարդն է կամ ժողովրդի հավաքական կերպարը: Իսկ ավելի ճիշտ` նրա հավերժական պայքարը:

«Մի զարմացեք, երբ ես ֆուտբոլը համեմատում եմ կինոյի հետ: Ֆուտբոլում, ինչպես կինոյում, աչքիդ առջև մարդկային բոլոր էմոցիաների ամենաանկաշկանդ դրսևորումներն են»:

«Պատմվածքներիցս մեկում,- պատմում է կիոռեժիսոր Փարքերը, որ նաև գրքեր է գրում,- ես պատմում եմ աշխարհի ու ֆուտբոլի մասին: Աշխարհի առաջնություն է` ֆուտբոլի միջազգային խաղեր: Աշխարհի հավաքականներից մնացել են Ռուսաստանն ու Չինաստանը: Նրանց խաղը վճռելու է ողջ երկրագնդի ապագան: Եվ մինչ ողջ աշխարհը սրտի տրոփյունով դիտում է խաղը, Ամերիկան արդեն կանխավ վայելում է Արմագեդոնը»:

Սըր Ալան Ուլիյամ Փարքեր:
Կինոյում միշտ փայլելու է «ամենաֆուտբոլասեր» այս դասականի անունը:
Լիլիթ Հակոբյան