Արցախյան պատերազմին  նվիրված հանրագիտարանային ձեռնարկում Տիգրան Գևորգյանը ներկայացված է այսպես. « ՀՀ բանակի լեյտենանտ (1993 թ.):  Ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: Ավարտել է Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիստների պետական ինստիտուտի օպերատորական դասընթացները, աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետկոմում, 1993-95 թթ. ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում, միաժամանակ՝ 1993-96 թթ.՝ ռուսական «Вести»  լրատվական գործակալությունում, 1996-ից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում: 1992-94 թթ. մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Լաչինի, Ֆիզուլիի, Կուբաթլուի ազատագրական մարտերին: Արցախի պատմությանն ու ազատամարտին են նվիրված Տիգրան Գևորգյանի «Գյուլիստան», «Մոնթե», «Արահետ», «Եռաբլուր», «Շարքային Կիրակոս» և այլ փաստավավերագրական ֆիլմեր»:

Ակնհայտորեն նա «Պատերազմի վավերագրողները» շարքի հերոսներից մեկն էր ու չէր կարող դուրս մնալ «Կինոաշխարհի» ուշադրությունից: Հարցազրույցի համար Տիգրան Գևորգյանին զանգահարեցի ս.թ. օգոստոսին: Ասաց, որ մի թեթև հիվանդ է, որոշեցինք հետաձգել հարցազրույցը: Հոկտեմբերի 29-ին կրկին զանգահարեցի: Տիգրան Գևորգյանի հեռախոսահամարով  իմ զանգին պատասխանեց անծանոթ ձայն: Մտածեցի՝ գուցե սխալ  եմ զանգահարել, հարցրի՝ սա Տիգրան Գևորգյանի հեռախոսահամա՞րն է, ձայնը, որ խիստ դողում էր, պատասխանեց՝ այո: Ասացի՝ ներեցեք, իսկ կարո՞ղ եմ խոսել նրա հետ: Մի քանի վայրկյան դադարից հետո սարսափելի հուզված ձայնը արձագանքեց. «Աղջի՛կս, ես Տիգրանի մայրն եմ, Տիգրանս  չկա»:

Մեղքի ծանր զգացում ունեի. մի կողմից, որ ծեր կնոջը  ստիպել էի   վերապրել ընդամենը երկու շաբաթ առաջ կրած որդու ծանր կորուստը, մյուս կողմից, որ ուշացել էի…

Իսկ հետո որոշեցի՝  եթե ոչ ինքը, ապա նրան շատ հարազատ մեկը պիտի պատմի Տիգրան Գևորգյանի մասին: Կինը՝ Նունե Խաչիկօղլյանը սիրով համաձայնեց:

– Տիգրանը ծնվել էր ուսուցիչների ընտանիքում, բայց նրա սերը սպորտն էր ու տեսախցիկը: 1975 թվականին ջրամոտորային նավակների մարզաձևում  ԽՍՀՄ չեմպիոն էր դարձել, 75-ից ընդունվել էր հեռուստատեսության ստուդիա, որտեղ աշխատում էր որպես օպերատոր մինչև կյանքի վերջին օրերը: Հոկտեմբերի 26-ին Տիգրանը պիտի դառնար 56 տարեկան, բայց նողկալի այդ հիվանդությունը (քաղցկեղ) տարավ նրան: Արցախյան ազատամարտի տարիներին Տիգրանը եղել է բոլոր թեժ կետերում: Բացառություն էր Շուշին: Տիգրանը մեծ ցավ էր ապրում, որ ներկա չի եղել Շուշիի ազատագրմանը: Կարճ ժամանակով եկել էր տուն ու բաց էր թողել այդ կարևոր դրվագը:

Տիգրանը չէր կարող չգնալ Արցախ:  Ես ինքս էլ մտածում էի, որ չգնալը սխալ է, չնայած երեխաներս շատ փոքր էին: Հիշում եմ` ինչպես էի տղայիս հետ իջնում բակ վառելիք  որոնելու, որպեսզի երեխաներս չսառչեն ու հիվանդանան հոսանքազրկված բնակարանում: Սարսափելի ծանր էին և՛ այդ վիճակը, և՛ սպասումները:

Տիգրանը չէր սիրում տանը պատմել պատերազմից: Գերադասում էր լռել: Շատ պատմություններ ես լսել եմ նրա ընկերներից, երբ հավաքվում էին մեր տանը. Նիկոլայ Դավթյանը, Գնել Նալբանդյանը, Միշա Ղազարյանը: Նիկոյալը՝ մեր Կոլյան, մի անգամ պատմեց, թե ինչպես էին  ինքնամոռաց նկարահանումների ժամանակ Տիգրանի հետ հայտնվել ականապատված դաշտում և առաջին անգամ ապրել  մահվան սարսափը: Ադրբեջանցիներն այն ժամանակ ինչ-որ զենք էին արձակում, որը մաշկի վրա ընկնելիս ծակում էր: Չնայած սպառնացող վտանգին` Տիգրանն այդ զենքը նկարել էր:

Մի անգամ գիշերվա ժամը մեկին հեռուստացույցի առջև  արդուկ եմ անում ու լսում, որ մեր նկարահանող խումբը  վերադարձել է Լաչինից, որն ազատագրվել է: Ներողություն են խնդրում, որ նյութը ներկայացնում են առանց մոնտաժելու: Ես ապշահար կանգնել եմ ու մտածում եմ՝ մի՞թե  Տիգրանը եկել է ու չի զանգահարել տուն: Դա նրա համար առաջնային խնդիր էր՝ հայրենիքը տեսնել ազատագրված:

Հիշում եմ այն սարսափելի յոթ օրերը. Նիկոլայ Դավթյանի հետ միասին կորել էին, ոչ մի լուր չկար: Ես զանգահարում էի Արցախ, ինձ պատասխանում էին, որ բոլոր հոսպիտալներում, ցուցակներում փնտրում են, չկան ու չկան: Մտածում էինք, որ գերի են ընկել կամ ականի վրա պայթել: Տրանսպորտ չկար, ամեն օր ոտքով գնում էինք «Էրեբունի» օդանավակայան, որտեղ վիրավորներին ու մահացածների դիակներն էին բերում: Հետո ինչ-որ մեկը զանգահարեց   մեր տուն, ասաց` Սիմոնյան  Գագիկին փոխանցեմ, որ Կոյին խփել են: Ես միայն այդ «Կո»-ն եմ լսել, չգիտեմ՝ Տիկո են ասել , թե՞ Կոլյա: Մենք ընտանիքներով շատ մոտ ենք, և ես Աննային՝ Կոլյայի կնոջը, ոչինչ չասացի, որովհետև նրա երեխաներն ավելի փոքր էին: Հետո պարզվեց, որ Կոլյայի անուն-ազգանուն-հայրանունով համընկնում է եղել դաշնակցության շարքերում կռվող մի տղայի անվան և տարեթվի հետ, որը զոհվել էր: Յոթերորդ օրը, երբ զանգահարեցի Արցախ և զրուցում էի Մարսելի հետ, հանկարծ նա ասաց. «Վայ –վայ, Նունե՛, հենց նոր Տիգրանն ու Կոլյան ներս մտան, սպասի՛ր խոսափողը տամ, լսիր նրանց ձայնը»: Տվեց նախ Կոլյային, որովհետև բոլորս նրան արդեն մահացած էինք համարում: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում այդ պահին: Հետո պարզվեց, որ այդ 7 օրերի ընթացքում եղել են առաջին գծում: Սամվել Օգանովի  հետ մասնակցել էին լայնածավալ մարտական գործողությունների: Նկարահանել  էին այդ ամենը: Ես միայն նկարահանված նյութերից ու ընկերների պատմածներից եմ իմացել՝ ինչ է կատարվել Արցախում:

Մի անգամ Էդիկ Բաղդասարյանի հետ նույն տանկում են եղել: Նկատել են, որ ադրբեջանական ուղղաթիռը կախված է տանկի վերևում և ուր որ է պիտի պայթեցնի տանկը:  Հասցրել են տեսախցիկներով դուրս գալ տանկից ու փախչել դեպի անտառ: Մի քանի վայրկյան անց տանկից միայն մոխիր էր մնացել:

– Պատերազմը փոխե՞ց նրան:

– Դարձրեց ավելի լռակյաց, ավելի տխուր: Նա սարսափելի ծանր էր տանում Մոնթեի մահը, նրա հետ մասնակցել էր մի շարք գործողությունների: Ասում էր՝ շատ հայրենասերներ կան, բայց Մոնթեի նմանը չկա: Մտահոգված էր, որ երկիրն առաջընթաց ապրելու փոխարեն հետ է գնում: Նրան տանջում էր անարդարությունը: Տիգրանն ազնվության ու հայրենասիրության մարմնավորում էր: Երբեք չէր կարողանում ստել: Շատ մեծ շրջապատ ունենալով հանդերձ` նա երեխաներիս թեʹ ուսման և թե՛ տղայիս ծառայության հարցով  երբևէ որևէ մեկին չի դիմել: Տղաս 1.5 տարի ծառայեց Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Դասակի հրամանատար էր: Գովեստի խոսքերից բացի ոչինչ չենք լսել նրա մասին: Աղջիկս Տիգրանի մահվանից 21 օր առաջ՝ օգոստոսի 7-ին, ունեցավ երկրորդ զավակը: Տիգրանը հրաշալի ամուսին էր, հրաշալի հայր, հրաշալի ընկեր: Ինձ համար նա իսկապես ընկեր էր: Ես հպարտ եմ, որ իմ կողքին ունեցել եմ Տիգրանին, երբևէ չեմ զղջացել  նրա ընտրության, անցած ճանապարհի համար: Իսկ Արցախը ես տեսա նախ նրա աչքերով՝ Տիգրանի նկարած տեսարաններով: Ծառի կեղևի մեջ առած խաչքարին ու Սխտորաշեն գյուղի  հսկայական սոսիին նվիրված փոքրիկ ֆիլմեր  էր նկարել: Վերջինի համար Գարեգին առաջինի կողմից մրցանակի է արժանացել 2001 թվականին:   Շատ էի խնդրում, որ ինձ տանի Արցախ, բայց այնտեղ գնացի միայն տղայիս ծառայության ժամանակ: Իսկ Տիգրանի համար Արցախն իր երկրորդ տունն էր: Անընդհատ այցելում էր: Վերջին անգամ նա մեկնեց Արցախ հուլիսին:

Տիգրանի նկարահանած նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանության նախարարության  արխիվ: Դրանք օգտագործվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմերում: Չէր մերժում նաև ընկերներին՝ օգտագործելու իր կադրերը: Դրանք օգտագործել է նաև մեր լավագույն ընկերներից մեկը՝ Շավարշ Վարդանյանը, իր «Թիրախ» ֆիլմում: Շավարշը հաճախ է  շեշտում, որ Տիգրանը միակ մարդն էր, որ կարող էր արկղը դնել քո առաջ ու ասել՝ տա՛ր, ինչ  պետք է` օգտագործիր: Տիգրանը երազում էր թվայնացնել իր  ժապավենները, բայց ժամանակը չէր հերիքում: Իսկ նրա վերջին գեղարվեստական ֆիլմը Անդրանիկ Հարությունյանի հետ նկարահանած «Էլեգիա»  ֆիլմն էր:

Նունեն ոչ միայն օպերատորի կին է, այլև օպերատորի աղջիկ: Հայրը՝ Էդուարդ Խաչիկօղլյանը, հայկական հեռուստատեսության հիմնադիր օպերատորներից է: Մինչև վերջերս աշխատում էր «Հայլուր» լրատվական ծրագրում՝ որպես տաղավարի օպերատոր: Ինքը՝  Նունեն, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում որպես օպերատոր, ավելի ուշ՝ որպես հնչյունային ռեժիսոր: Այժմ աշխատում է Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում որպես մանկավարժ:

Ալիսա Գևորգյան

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...