«Կին» փառատոնը՝ կանանց հարթակ
Փառատոներով հագեցած աշունը երևանցիներին հրավիրում է հաղորդակցվելու այնպիսի կինոարվեստի հետ, որը կինն է ստեղծել: Նոյեմբերի 1-ին կմեկնարկի «Կին» միջազգային 11-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 5-ը:
Աշխարհի շատ երկրներում են գործում կին ռեժիսորների ֆիլմերի փառատոներ: «Կին» փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարիամ Օհանյանը ներողամտաբար ժպտալով ասում է. «Մենք հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, որպեսզի «Կինը» գոյատևի, մի կերպ շնչի: Իսկ օտար երկրներում նման փառատոները սովորական երևույթ են ու մեծ հետաքրքրություն են աառաջացնում հանրության շրջանում: Շատ ֆիլմեր մեծ դժվարությամբ ենք բերում Հայաստան, որովհետև հեղինակները մեծ հոնորարներ են պահանջում: Ես երկար ժամանակ բանակցում եմ նրանց հետ, համոզում, մինչև որ նրանք համաձայնում են իրենց ֆիլմերն ուղարկել մեր փառատոնին: Այդքան մեծ տանջանքներից հետո ֆիլմի ցուցադրության ժամանակ շատ քիչ մարդ է լինում դահլիճում: Զարմանալի չէ. Մենք այնքան հոգսաշատ ենք, կենցաղն այնպես է խեղդել մեզ, որ մշակութային լավագույն իրադարձություններին անգամ չենք իրազեկվում» :
«Կին» փառատոնին այս տարի մասնակցում է 57 ֆիլմ՝ 15 երկրից: Հատուկ ուշադրություն է դարձվել թուրքական ծրագրին՝ նկատի ունենալով Ցեղասպանության 100 ամյակը: Ներկայացվելու է թուրք կին ռեժիսորներ Ազրա Դենիզ Օկյայի «Փոքր սև ձկները» , Թուլին Էզդեմիրի «Արարատի մյուս կողմում» , Սոմնուր Վարդարի «Ճանապարհի սկզբին» և Նեզահատ Գյունդոգանի «Վերականգնելով հիշողությունը» և Դերյա Դուրմազի «Ծիածան» ֆիլմերը: Բացի Դուրմազից, մյուս կինոռեժիսորները փառատոնի օրերին կլինեն Հայաստանում և հանդիպումներ կունենան հանդիսատեսի հետ: Հետաքրքիր է, որ նրանցից շատերն իրենց ֆիլմերում անդրադարձել են թուրքաբնակ ազգային փոքրամասնությունների խնդիրներին: Օրինակ՝ Նեզրահատ Գյունդոգանի «Վերականգնելով հիշողությունը» վավերագրաակն ֆիլմը դերսիմցի մի ալևիի մասին է, որին դերսիմցիների կոտորածի ժամանակ զինվորները որդեգրում են, և միայն 70 տարեկանում է կինը վերադառնում իր ծննդավայր: Գյունդոգանը դեռ գարնանը որոշել էր նկարահանել ֆիլմ՝ Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայի մասին:
Մարիամ Օհանյանը ջանացել է, որպեսզի «Կին» փառատոնին մասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակակիր ֆիլմեր. օրինակ՝ Ջուսթին Թրիեի «Սոլֆերինոյի Ճակատամրտը» մասնակցել է Կաննի փառատոնին, Մարիա Ռազբեշկինայի՝ բազմաթիվ մրցանակներ ստացած «Օպտիկական առանցք» ֆիլմը, իսպանացի Նեուս Բալթուսի «Ժանտախտը» :
Բացի կինոցուցադրումներից, հանդիպումներից, նախատեսված է կլոր սեղան «Կինը կինեմատոգրաֆում» թեմայով: Ժյուրիի անդամ Սոնյա Ձոսիֆորը թատրոնի և կինոյի ինստիտուտում կկարդա «Կինը և կինեմատոգրաֆիան» վերնագրով դասախոսություն:
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրաոսյանն անիմացիայի սիրահարներին կներկայացնի իր երկարամյա գործուներությունը և անիմացիայի նրբությունները: Փառոտնում տեղ է գտել Գայանե Մարտիրոսյանի մուլտֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը:
Փառատոնի հիմնադիր տնօերն Մարիամ Օհանյանը նկատում է, որ «Կինը» առիթ է, որպեսզի ուշադրություն դարձվի կնոջ ստեղծարար ուժին, ճաշակին, դիտողականությանը, այն նրբություններին, որոնք որսում է կակացի աչքը: Իսկ մեր երկրում, որի բուհերի ռեժիսուրայի ֆակուլտետներում ուսանողների մեծ ամսն աղջիկներ են, իգական սեռին կինոյի ասպարեզում տեսնելը հազվագյուտ երևույթ է: Եթե մեկ-երկու աշխատանք նկարահանվում է, ապա ուսանողական տարիներին և հիմնված էնտուզիազմի վրա, իսկ հետո կինը մխրճվում է առօրյա կենցաղի մեջ ու կինոն համարում երանելի անցյալ: Այնպես որ, մեր երկրում կին արարածների ստեղծագործական ներուժը լիովին բացահայտված ու գնահատված չէ:
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ