Vahram MkhitarianԵրկու դեբյուտ մեկ տարում։ Սա կինոռեժիսոր Վահրամ Մխիթարյանի ծրագրերի կարճ ձևակերպումն էր։ Այն վաղուց իրակնություն է դարձել։ Ռեժիսորը նկարահանել է հայ-լեհական արտադրության առաջին երկու ֆիլմերը՝ վավերագրական «Հովվի երգը» և կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայրը» ։ Դրանք արդեն կենսագրություն ունեն։ Իսկ օրերս «Կաթնեղբայր» ֆիլմի կենսագրությունը հարստացավ ևս մի վառ իրադարձությամբ։
Լեհական ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ Գդինի 39-րդ կինոփառատոնի (FestiwalFilmowy w Gdyni) «Երիտասարդ կինո» կարգում ներկայացված 25 կարճամետրաժ ֆիլմերից ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» ճանաչվեց լավագույնը և արժանացավ գլխավոր մրցանակին։ Փառատոնը Լեհաստանի ամենամեծ կինոիրադարձությունն է, որտեղ հանդիպում են ավագ ու փորձառու և երիտասարդ ու սկսնակ կինոգործիչները՝ ազգային կինոն տարածելու, զարգացնելու նպատակով։

« Հայ լինելով՝ ևʹ Լեհաստանում էի ազգային ծրագրով հանդես գալիս, ևʹ Հայաստանում։ Երկու երկրներում էլ ընդունվեց, ինչի համար շատ ուրախ եմ։ Իսկ մրցանակների հետևում մարդիկ են. նրանք, ովքեր ընտրել ու գնահատել են, նրանք, ովքեր տեսել ու անկեղծ ասել են իրենց դժգոհության ու գոհունակության մասին, բոլոր էմոցիաները կենտրոնանում են այդ մրցանակներում, և մրցանակին նայելիս հենց դրանք եմ հիշում»,-տպավորությունները ներկայացրեց Վահրամ Մխիթարյանը, որի ֆիլմի ոʹչ առաջին, ոʹչ էլ վերջին մրցանակն է Գդինում ստացածը։

«Կաթնեղբայրը», որի գրական հենքը Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքն է, դեռևս սկզբնական փուլում է հաջողություններ արձանագրել: Ֆիլմի նախագիծը Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Munki» ստուդիայի 30 րոպե տևողությամբ դեբյուտային ֆիլմերի մրցույթում հաղթեց և 2012 թ. փետրվարին Կրակովի կինոփառատոնի հիմնադրամի կողմից լավագույնը ճանաչվելով՝ 2013 թ. Լեհաստանը ներկայացրեց եվրոպական «Clermont Ferrand» կարճամերաժ ֆիլմերի փառատոնի «Euroconnection» համագործակցության ֆորումում։
«Կաթնեղբայրն» այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկերում ճանաչվեց լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ և արժանացավ «Ոսկե ծիրանի»։
Ֆիլմի նոր հաջողությունները երկար չեն սպասեցնի. փառատոնային ընթացքն առաջիկա երկու տարվա համար արդեն ծրագրված է, ինչը լեհական կինոյում ընդունված կարգ է։ Սակայն Վահրամ Մխիթարյանը չի սահմանափակվում` սպասելով «Կաթնեղբոր» նոր հաջողություններին ։ Նա նոր ֆիլմի նախագիծ է մշակում. «Նոր ֆիլմի գաղափարն արդեն կա։ Փորձում եմ ամբողջացնել։ Դեռևս մանրամասներ ասել չեմ կարող, քանի որ դեռ վերջնական հստակություն չկա։ Միայն ասեմ, որ այս անգամ էլ հայկական իրականությունը պիտի ներկայացնեմ»,-պարզաբանեց Վահրամ Մխիթարյանը։
Նանա Պետրոսյան