գին14Հայաստանն Արևելքը կամրջել է Արևմուտքին դեռ անտիկ ժամանակներից։ Չգիտես ինչու, մենք հակված ենք հայկական հետքեր փնտրել Եվրոպայում՝ ուշադրությունից դուրս թողնելով Ասիան, բայց հենց այդ տարածաշրջանում պատմամշակութային չբացահայտված և ուսումնասիրության կարոտ հսկայածավալ նյութ կա։ Գիտական հետազոտությունների առումով օրինակ՝ Հայաստանի և Չինաստանի առնչությունների մասին նվազ տեղեկություններ կան. պատճառներից մեկն էլ լեզվական խնդիրն է։ Հայ-չինական դարավոր կապերի մասին որոշ տեղեկություններ կան՝ պատմահնագիտական ու մշակութային վկայություններ, որոնց առաջին անգամ համակողմանի և խոր անդրադարձ ենք տեսնում երիտասարդ կինոռեժիսոր, սցենարիստ, հնէաբան, դերասան Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» փաստավավերագրական ֆիլմում։

Այն ներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին և արժանացավ Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակին։ Սակայն  ֆիլմը նույնիսկ այդ ժամանակ լիովին պատրաստ չէր։ Ռուբեն Գինեյը վերջերս է  ավարտել այն։ Ոչ միայն մեր երկրում, այլև դրսում «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրությունը» մեծ արձագանք է առաջացրել. մասնակցության հարվերներ են ստացվել Թուրինի, Տորոնտոյի, Չինաստանի «Մետաքսի ճանապարհ», Հոլանդիայի, Իտալիայի փառատոներից։ Ֆիլմի բարձրակարգ նկարահանումներն ու թեմայի թարմությունը հետաքրքրում են շատերին։ Առաջին անգամ պատմամշակութային ու հնագիտական բացահայտումներ են արվել. ռեժիսորը կինոդիտողին տանում է Մետաքսի ճանապարհով, նրան մասնակից դարձնում  հնագիտական հետազոտություններին։ Ֆիլմում ներկայացվում է Հայկական լեռնաշխարհի և մեր մոտ ու հեռու հարևանների մշակույթային առնչությունների բազմաշերտությունը, անվանի գիտնականներ համեմատական վերլուծություններ են անում, գիտական լույսի ներքո բացահայտում պատմական հետաքրքրաշարժ և կարևոր փաստերը։

Ռուբեն Գինեյն  աշխատել է տարբեր օպերատորների հետ, որովհետև նկարահանումները տեղի են ունեցել 11 երկներում։ Հեղինակն իր առջև խնդիր է դրել  Հայաստանի և Ասիայի՝ մ.թ.ա. 6-3-րդ հազարամյակներին թվագրվող և մինչև մեր օրերը շարունակվող կապը բացահայտել հնարավորինս խորությամբ ու մանրազնին։ 3 տարի են տևել նկարահանումները՝ 2011-14 թթ., շատ նյութերի ու պատմահնագիտական փաստերի առաջին ուսումնասիրողն ու բացահայտողը հենց Ռուբեն Գինեյն է։ Իսկ ֆիլմի գաղափարը ծագել է շատ պատահականորեն.  2011  թվականին Շանհայի թանգարանում նա տեսնում է հայկական դրամներ, և այդ փաստից զարմացած՝ որոշում է պատմության քողազերծումներին մասնակից դարձնել նաև իր հայրենակիցներին ու ընդհանրապես բոլոր հետաքրքրասերներին։ Որոշում է մոտ 10 րոպեանոց ֆիլմ պատրաստել, բայց հետզհետե խորանալով թեմայի մեջ՝ համոզվում է, որ հսկայածավալ տեղեկություններ կան, որ հարկավոր է ներառել ֆիլմում։ Նկարահաանված նյութը  60 ժամ է, բայց հասկանալով, որ մեկ ֆիլմը չի կարող այդքան երկար տևել,  «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրության» համար առանձնացնում է 2  ժամ։ Մնացածը Ռուբեն Գինեյը կդարձնի յուրաքանչյուրը  40-50 րոպե տևողությամբ 8  մասանի  ֆիլմ։ Բացի այդ, նա պատրաստվում է հրատարակել գիրք, որը կներառի իր տեսած և ուսումնասիրած ամբողջ նյութը։ Ռուբենը մտադիր է պատրաստել ևս մի ֆիլմ. ֆիլմ՝ ֆիլմի մասին, այսինքն, թե ինչպես են կատարվել «Անդինի» նկարահանումները։ Իսկ 2015-ին նա կթողարկի ֆիլմի DVD-ները։

gin8Նկարահանումների ժամանակ Ռուբեն Գինեյը պարզել է, թե հետազոտության արժանի պատմամշակութային, հնագիտական ինչ հսկայածավալ նյութ կա ամբարված։ «Բազմաթիվ մասնագետներ են պետք, որոնք հատիկ առ հատիկ կուսումանսիրեն ու կբացեն անցյալի էջերը։ Մեկ կյանքը բավական չէ այս ահռելի աշխատանքը կատարելու համար։ Թեմաներն ու նյութերը  բացահայտվելու կարիք ունեն։ Շատ գիտնականներ նույն իրողության մասին տարբեր կարծիքներ են հայտնում։ Բայց կան այնպիսի գտածոներ, որոնց էթնիկ պատկանելության և այլ հատկանիշների մասին տարբեր գիտնականներ նույն տեսակետն ունեն։ Օրինակ՝ այսօրվա Չինաստանի տարածքում բրոնզեդարյան մումիաներ են գտնվել, որոնք ապացուցում են, որ այդ վայրերում եկվորների մեծ համայնք է ապրել, ու նրանք մեր տարածաշրջանից են։ Կամ գինեպարկով արձանիկները. 4 տարբեր մասնագետներ վստահեցնում են, որ այդ գտածոներում պատկերված է հայկական էթնոսը։ Իսիկուլ լճի տակ հայկական վանք կա. դրա մասին վկայում է կատալոնյան միջնադարյան քարտեզը։ Իսկ վանքում պահվել է Մաթևոս առաքյալի աճյունը։ Բացի այդ, շրջանառվում են նաև շշուկներ, թե վանքում գանձեր կան։ Գիտնականներն այս հարցում տարբեր կարծքներ ունեն. մի մասն ասում է, որ քարտեզը սխեմատիկ է ու ճշգրիտ ցույց չի տալիս հայկական վանքի տեղը, մյուսներն էլ վստահում են քարտեզում առկա տեղեկություններին»,- իր հնէաբան-ռեժիսորի ուսումնասիրություններից պատմեց Ռուբեն Գինեյը։ «Անդինում» ներառված է նաև Հայաստանը. առաջին անգամ ֆիլմում տեսնում ենք եռաչափ տեխնոլոգիայով վերականգնված Դվին մայրաքաղաքը։ 9  ամիս է տևել վերականգնումը, և մենք հնարավորություն ունենք ոչ միայն եռաչափ տեսնելու Դվինը, այլև քայլելու քաղաքի փողոցներով։

gin3Նկարահանումներ են կատարվել ջրում, ցամաքում և օդում։ Որպեսզի յուրաքանչյուր ուսումնասիրություն համոզիչ լինի, ռեժիսորը նկարահանումներ է արել նաև ուղղաթիռից ու ծովի հատակից։ Արդյունքում ստացվել է հայ-չինական և առհասարակ Հայաստանի ու Մետաքսի ճանապարհին ընկած երկրների զանազան առնչությունները ներկայացնող  փաստավավերագրական ծավալուն ֆիլմ։

Ընդհանրապես Ռուբեն Գինեյը խաղարկային ժանրի ռեժիսոր է։ Նա  «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը ևս համարում է ոչ լիովին վավերագրական։ Իր առաջին ֆիլմը նկարահանել է 12  տարեկանում։ «Ռեժիսոր, Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանն է եղել առաջին ֆիլմիս օպերատորը, որովհետև այդ ժամանակ իմ շրջապատում միայն նա ուներ տեսախցիկ։ Ես նկարահանեցի սարսափի ժանրի ֆիլմ՝ «20-րդ դարի վերջին սարսափը» վերնագրով։ Այն ներկայացնում էր 90-ականների կյանքը։ Երկրորդ ֆիլմս՝ «Սև խավիարը», նկարահանեցի 1999-ին, երբ սովորում էի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի նախապատրաստական կուրսում։ Խաղում էին թատրոնի իմ ուսանողական ընկերները. Մարջան Ավետիսյանի  առաջին դերն ու առաջին համբույրն իմ ֆիլմում եղան։ Այնուհետև նկարահանեցի «Ստորին խորություններ», «Էռնան Դու Ստրուբերգ», «Աշխարհի քաղաքները. Շանհայ» ֆիլմերս։ ՎԳԻԿ-ում սովորելիս կուրսային աշխատանք պետք է նկարեի. մեկնեցի Շանհայ ու ծանոթացա Kuiyou Production House միջազգային գովազդային ընկերության ղեկավարի հետ, որն ինձ առաջարկեց մնալ Չինաստանում ու աշխատել իր հետ։ Ես այնքան էլ լուրջ չվերաբերվեցի հրավերին, բայց շատ չանցած՝ համոզվեցի, որ նա իսկապես ինձ աշխատանքի է հրավիրում, ու տեղափոխվեցի Շանհայ։ Kuiyou Production House-ում նշանակվեցի գեղարվեստական տնօրեն։ Համագործակցել եմ միջազգային մի շարք հեղինակավոր ընկերությունների հետ»,- իր ստեղծագործական կյանքի շրջադարձային փուլերից մեկի մասին պատմեց Ռուբեն Գինեյը։

Շանհայում Ռուբենն ապրում է 2004 թվականից։  Հանդես է գալիս ոչ միայն որպես ռեժիսոր, այլև դերասան։ Մարմավորել է մի շարք դերեր, օրինակ՝ ռուս սպիտակգվարդիականի,  Ստալինի գաղտնի գործակալի   կերպարներ։ Նոր առաջարկ է ստացել՝ խաղալ գլխավոր դեր։

Դերասանական գործունեությունից բացի, Ռուբենը մտադիր է ֆիլմի վերածել իր սցենարներից մեկը։ Այն ներկայացնելու է հոգեբանական մի պատմություն, թե ինչ պահվածք են ցուցաբերում դերասանները, երբ թատրոնը կողպված է, իրենք ներսում են, իսկ դրսում ահագնանում է ժանտախտի համաճարակը։

Այս և մյուս ծրագրերն առաջիկայում են սպասում Ռուբենին, իսկ մինչ այդ՝  «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 8-ին նրա «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան  է։   Նաիրա ՓԱՅՏՅԱՆ