mkrtchyan-2Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը (Ալբերտ Մկրտչյանի որդին) 1989 թ. ավարտել է Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) սցենարական և կինոյի պատմության ֆակուլտետը: 2006 թ. պրոդյուսեր Արմեն Մեդվեդևի և Արկադի Գրիգորյանի հետ գեղարվեստական ֆիլմ է նկարահանել` «Трое и Снежинка», որի սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորը ինքն է, իսկ գլխավոր դերը մարմնավորել է Իվան Ուրգանտը: Ֆիլմը էկրան է բարձրացել 2007 թ., իսկ 2010 թ. ստեղծվել է ռեժիսորի երկրորդ ֆիլմը` «Взрослая дочь или тест на…» (պրոդյուսերներ Արկադի Գրիգորյան, Գևորգ Ներսիսյան և Արմեն Մեդվեդև, գլխավոր դերում` Դմիտրի Մարիանով), որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը կրկին Մհեր Մկրտչյանն է: 2013 թ. օգոստոսին Մ. Մկրտչյանի և Արկադի Գրիգորյանի «Дед 005» ֆիլմով բացվել է XXI «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնը, որն էլ կարծես ռուս լրագրողների շրջանակում փոքրիկ աղմուկ է բարձրացրել, իբր ֆիլմը քաղաքական ենթատեքստ ունի:

– Երկար ժամանակ կապ չեք ունեցել կինոյի հետ և աշխատել եք կոմերցիոն կառույցներում: Դա ինչի՞ հետ էր կապված:

– 1995 թ., երբ ավարտեցի Գերասիմովի անվան կինոյի պետական ինստիտուտը (ВГИК), այդ ժամանակ գրեթե կինո չկար:
– Իսկ ինչպե՞ս սկսվեց ռուս դերասանների և ռեժիսորների հետ համագործակցությունը:
– Կինոյով սկսեցի զբաղվել 2006-ից: Ուղղակի այդպես ստացվեց: 25 տարի ապրել եմ Մոսկվայում և ավելի շատ ծանոթ էի ռուսական, քան հայկական կինոյին:
«Дед 005» ֆիլմը շատ հետաքրքիր է, սակայն լրագրողներից շատերը հավատացած էին, որ այն քաղաքակական պատվեր էր: Նրանք կառչում էին ֆիլմի որոշ դրվագներից, օրինակ` պատին փակցված Վ. Պուտինի լուսանկարներից, ձկնորսության ժամանակ դերասանների զրույցից, գլխավոր դերակատարներից մեկի դիվանագետ լինելու փաստից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Եթե դիվանագետի աշխատասենյակ է և նախագահի նկար կա փակցված, այդտեղ ինչ-որ պատվե՞ր եք տեսնում: Ֆիլմի գլխավոր հերոսը Դաշնային անվտանգության ծառայության նախկին գնդապետ էր: Դերն էր այդպիսին: Նա մի մարդ է, որը հատուկ բաժնում է աշխատել և մարդկանց հինգ րոպե ճանաչելուց հետո կարող էր պատմել նրանց ամբողջ կենսագրությունը: Իրականում այդպիսիք կան: Ի՞նչ եք կարծում, դա էլ՞ էր պատվեր:
Այդ դեպքում ինչո՞ւ գլխավոր հերոսի համար ընտրեցիք հենց դիվանագետի մասնագիտությունը:
– Քանի որ դիվանագետն այն մասնագետներից է, որոնք կարող են գործուղվել և դրսում աշխատել:
– Բայց կարող էր լինել նաև լրագրող, ռեժիսոր, չէ՞:
– Այո: Կարող էր լինել նաև այլ մասնագետ: Պարզապես այդ պահին ծնվեց դիվանագետի գաղափարը:
Ինչո՞ւ այդ դիվանագետը գործուղվեց հենց Հայաստան, որովհետև նկարահանումները պետք է այստե՞ղ կատարվեին:
– Ձեզ հաճելի կլինե՞ր, եթե նկարահանումները լինեին Վրաստանում: Վա՞տ է, որ լավ դերասաններ եկան, աշխատեցին Հայաստանում և մեծ բավականություն ստացան այստեղից: Ֆիլմում չկա քաղաքականություն, դա ընտանեկան պատմություն է, որտեղ խաղում է Ադրիս Բուլիսը, մի հրաշալի լատվիացի դերասան, որ սիրահարվում է հայ աղջկա: Կարծում եք դա է՞լ է քաղաքականություն: Ամեն ինչ շատ պարզ է: Չպետք է շատ պարզ երևույթների մեջ բարդ ենթատեքստեր փնտրել:
– Ս. Շակուրովը ուրախությամբ համաձայնեց մասնակցել «Дед 005» ֆիլմի նկարահանմանը, բայց աշխատանքի ընթացքում չե՞ն եղել տարաձայնություններ:
– Երբ սցենարն ուղարկեցի նրան, նա իսկապես ուրախացավ: Իրականում սցենարը գրվել է հենց նրա համար, քանի որ այլ դերասանի տվյալ դերում չէի պատկերացնում: Սակայն ասում էին, թե նա բարդ անհատականություն է և շատ դերերից ու ֆիլմերից հրաժարվում է: Ինձ ասում էին` գժվե՞լ ես, ի՞նչ է, ի՞նչ գործ ունես նրա հետ: Բայց մտածեցի, որ դա ընդամենը սցենար է, ուղարկեմ, ի՞նչ պետք է պատահի: Այնպես որ ուղարկեցի և մեկ շաբաթ անց հեռախոսային հաղորդագրություն եկավ շատ կարճ տեքստով. «Շատ լավ պատմություն է: Շակուրով»: Զարմացա և շատ ուրախացա: Ինչ վերաբերում է նրա հետ աշխատանքին, իհարկե, քննարկումներ եղել են, բանավիճել ենք, ինչի արդյունքում ծնվել է շատ ավելի հետաքրքիր ֆիլմ:
– Ե՞րբ պատրաստ կլինի «Дед 005» ֆիլմի շարունակությունը:
– Նկարահանումներն արդեն ավարտել ենք և այն մեկ ամսից պատրաստ կլինի: Ֆիլմը դարձյալ ինքս եմ նկարել, որը Ռուսաստանի հեռուստատեսությամբ կցուցադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
– Ֆիլմի դերասաններն այս անգամ միայն ռուսնե՞ր են:
– Ոչ: Ֆիլմում մասնակցել են նաև մի շարք լավ հայ դերասաններ` Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանն ու Մկրտիչ Արզումանյանը: Շատ ուրախ եմ, որ հայ դերասանները փորձառու ռուս դերասանների կողքին պակաս չէին փայլում, նրանց միջև ոչ մի տարբերություն չեմ նկատել, ինչը հպարտություն է:
– Ինչպե՞ս հենց նրանց ընտրեցիք:
– Ֆիլմի դերերի համար հայ դերասաններն ավելի հարմար գտնվեցին: Օրինակ` Հրանտ Թոխատյանն ունի հրաշալի իմպրովիզներ, և ընթացքում շատ յուրահատուկ բաներ են ստացվում: Մկրտիչն ու Նազենին դեռ լրիվ բացահայտված չեն: Նրանք մեծ ներուժ ունեն: Մկրտիչ Արզումանյանը շատ ավելի խորն է, և նրա հետ համագործակցելիս օգտակործել եմ նրա ներուժի երևի թե 20 տոկոսը: Դերասանին պետք է շատ խնդիրներ տալ, որպեսզի նա հնարավորություն ունենա բացվելու:
– Մենք ունե՞նք այլ շնորհալի հայ դերասաններ:
– Իհարկե ունենք:
– Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, որ ասպարեզ դուրս չեն գալիս:
– Թե´ ռեժիսորի համար է բարդ, որը չի գտնում հարմար դերասան, թե´ դերասանի համար է բարդ, որ չի գտնում նրան, որը իրեն խաղալու և ճանաչվելու հնարավորություն կտա: Այդ բարդությունն ամեն տեղ է, ոչ միայն Հայաստանում: Ուղղակի դերասանը կախված է նրանից, թե նրան ինչ կառաջարկեն: Կան հիանալի դերասաններ, որոնք հասուն տարիքում դեռ չեն ստացել այն դերը, որը կդարձնի նրանց ճանաչված: Միակ խնդիրը Հայաստանում այն է, որ շուկան շատ ավելի փոքր է: Ուստի դու կարող ես լինել շատ լավը, տաղանդավոր, բայց մնաս «դռներից» այն կողմ: Հանգամանքները տարբեր են: Կան ռեժիսորներ, որոնք փնտրում են դերասաններ, որոնց հետ հարմարավետ է աշխատել, կամ շարժվում են համակրանքից ելնելով և այլն: Այսինքն` չկա մի ճանապարհ:
Ձեր ֆիլմերում գերիշխում են ռուս դերասանները: Ինչո՞ւ:
– Որովհետև ապրում և աշխատում եմ Ռուսաստանում, և հայկական ֆիլմեր չեմ նկարում: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է մշտապես համագործակցել հայ դերասանների հետ: Իսկ «Дед 005» ֆիլմի շարունակության 7-10-րդ սերիալների համար հայ դերասաններին ընտրել եմ ոչ հայկական կերպարների համար: Օրինակ` Նազենի Հովհաննիսյանի կերպարը հայի կերպար չէ: Նա հաղթել է այդ դերը ռուս դերասանուհիների մեջ, և շուտով կբացահայտեք նրա նոր, դեռ չբացահայտած կողմերը: Արդեն ամեն ինչ արված է և շուտով աշնանը կցուցադրվի (հատկապես ռուսական առաջին ալիքով):
– Կան սցենարիստներ և ռեժիսորներ, որոնք սկզբում պատմության մի մեծ «կույտ» են ընտրում, հետո սցենար գրում և վերջում որոշում` նկարե՞լ ֆիլմը, թե՞ ոչ: Ինչպե՞ս են կառուցվում ձեր ֆիլմերը:
– Շատ պարզ: Իմ բոլոր ֆիլմերը հիմնականում նկարահանել եմ ինքս և իմ սցենարների հիման վրա են դրանք «միս ու արյուն» ստացել: Սցենարը գրելիս սկզբում ամբողջական պատմություն չեմ կազմում, հետո գրում, այլ սկզբում գրում եմ սցենարը, ու այն սկսում է ապրել իր կյանքով: Իհարկե, վերջում, որոշ կանոնների համաձայն, ուղղումներ եմ մտցնում, որպեսզի ամեն ինչ ճիշտ ստացվի:
– Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել, հա՞յ, թե՞ ռուս դերասանների:
– Տարբերություն չկա: Այն դերասանները, որոնց հետ աշխատել եմ, պրոֆեսիոնալ առումով միմյանցից չեն տարբերվել: Առհասարակ փորձում եմ աշխատել լավ դերասանների հետ, քանի որ լավ ֆիլմ ստանալու համար լավ դերասաններ են պետք:
– Եվ քանի որ այդպես կարելի է ֆիլմերի հաջողությունն ապահովե՞լ:
– Դա միայն կոմերցիոն նպատակ չէ: Ինձ հետ համագործակցած ոչ բոլոր դերասաններն են եղել ճանաչված ու պրոֆեսիոնալ: Կան ռեժիսորներ, որոնք ամեն դերասանից կարող են լավ դերասան պատրաստել, սակայն ես այդ ռեժիսորների շարքում չեմ: Ես չեմ կարող վատ դերասանից լավ դերասան ստանալ, դրա համար էլ ձգտում եմ աշխատել տաղանդավոր դերասանների հետ:
– Անգամ եթե այդ դերասանը երբեք չի՞ աշխատել որպես դերասան:
– Այդպիսի դեպք ընդամենը մեկ անգամ է եղել, երբ աշխատել եմ մի դերասանուհու հետ, որը երբեք դերասան չի եղել: Ուղղակի իր խառնվածքով և կերպարով ամբողջովին համապատասխանել է պահանջված դերին: Դա իմ երկրորդ ֆիլմն էր` «Взрослая дочь или тест на…»:
– Ի՞նչ բարդություններ են եղել ձեր առաջին երկու ֆիլմերի նկարահանման ժամանակ:
– Միշտ առաջին դժվարությունը ֆինանսական մասն է, սակայն եթե հանդիպում ես մարդկանց, ովքեր քեզ դառնում են գործընկեր և ընկեր, այդ ամենը հաղթահարվում է: Այլ դժվարություններ կինոյում ինձ համար երևի թե չկան, որովհետև միշտ իմ շուրջը հավաքել եմ տաղանդաշատ մարդկանց խումբ:
– Եղե՞լ է, երբ ձեր ֆիլմերում սխալներ եք գտել կամ ինչ-որ բան դուր չի եկել:
– Միշտ: Օրինակ` «Трое и Снежинка» ֆիլմն ինձ դուր չի գալիս: Այն համարում եմ ոչ այնքան լավ ֆիլմ, քանի որ շատ սխալներ կան:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:
– Պետք է ավարտենք «Дед 005»-ի 12 սերիալանոց ֆիլմը, որի 10-րդ սերիան, ինչպես նշեցի, արդեն պատրաստ է: Հետո կծնվեն նաև այլ նախագծեր:
– Երբևէ համագործակցե՞լ եք հայաստանաբնակ ռեժիսորների հետ:
– Համագործակցել եմ հրաշալի հայ օպերատորի` Վահագն Տեր-Հակոբյանի հետ: Միասին ենք նկարահանել «Дед 005» ֆիլմի շարունակությունը, որի որակն ավելի բարձր է, քան նախորդները, և դրա հաջողության 50 տոկոսը նրա շնորհիվ է լինելու:
– Ռեժիսորի և պրոդյուսերի համար դժվար է հատկապես ֆինանս հայթհայթելը:
– Ֆինանսական հարցերով պետք է զբաղվեն պրոդյուսերները, սակայն ես սկզբում զբաղվել եմ այդ հարցով, հետո ինձ բախտ է վիճակվել ունենալ գործընկերներ, որոնք վստահել են ինձ և մասնակցել են այդ գործ ում: Օրինակ` «Дед 005» ֆիլմի ժամանակ համագործակցել եմ «Պարադիզ» ընկերության հետ, որն ունի երկար տարիների կենսագրություն: Գիտեք, ֆինանսը շատ կարևոր է, բայց կինոյում հնարավոր չէ ամեն ինչ հաշվել: Դա ավելի շատ էմոցիոնալ դաշտ է, և եթե էմոցիա չես ներդնում այն ամենի մեջ, ինչ ստեղծում ես, ի՞նչ կարող ես ակնկալել մարդկանցից:

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի