Mansuryan_21317Տիգրան Մանսուրյանի բազմաժանր ստեղծագործությունը ներառում է նաև կինոերաժշտություն: Կոմպոզիտորի երկացանկում կան գործեր, որոնք արդեն քանի տասնամյակ ժողովրդի շուրթերին են՝ սիրելի ու հարազատ:  Թեև մաեստրոն շատ չի կարևորում կինոյի ոլորտում ունեցած իր դերը և երբեք տուրք չի տվել ստեղծագործական այդ ոճին, բայցևայնպես, շատ կինոմեղեդիներ էկրաններից իջել ու գործածվում են նաև ֆիլմերից անկախ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը պատմեց, որ Տիգրան Մանսուրյանի հետ հաճախ է խոսել նրա կինոերաժշտությունը հավաքելու, ի մի բերելու և առանձին ժողովածու ստեղծելու մասին: Մաեստրոն դեմ չի եղել կինոռեժիսորի նախաձեռնությանը: Ռուբեն Գևորգյանցը դիմել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին, որպեսզի ռադիոյի ձայնադարանում փնտրեն Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ձայնագրությունները:

Կարճ ժամանակահատվածում մասնագետներն առանձնացրել են մաեստրոյի՝ այդ ժանրի բոլոր ստեղծագործությունները՝ բեմադրությունների, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի համար գրված 100-ից ավելի գործեր: Mansuryan_21357Տիգրան Մանսուրյանը դրանցից ընտրել է 11 ստեղծագործություն, որոնք ընդգրկվել են ձայնասկավառակում:  «Ուզում էինք, որ ամեն ինչ մաեստրոյի սրտով լինի: Իրենից լավ ուրիշ ո՞վ կընտրեր իր ստեղծագործություններից լավագույնները: Կային գործեր, որոնք մաեստորն չէր հավանում, հետևաբար, դրանք չընդգրկեցին հավաքածուում: Ես շատ էի ուզում CD-ում ներառել նաև իմ «Փարաջանով. վերջին կոլաժ» վավերագրական ֆիլմի երաժշտությունը, որ Տիգրան Մանսուրյանն է գրել, բայց այդ ձայնագրությունը, ցավոք, չգտանք ռադիոյի ձայնադարանում: Իսկ ֆիլմից առանձնացնել չհաջողվեց, որովհետև ձայնագրությունը մաքուր  չէր»,-պատմեց Ռուբեն Գևորգյանցը: «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ», «Սգավոր ձյուն». այս և ևս 7 ֆիլմերի կինոերաժշտությունների որակյալ ձայնագրությունների հավաքածուն պատրաստ է: Կինեմատոգրաֆիստների միությունը ձայնասկավառակը թողարկել է ոչ կոմերցիոն նպատակով: CD-ները հատկացվելու են մտավորականներին, արվեստագետներին, բուհերին, որոշ մասն էլ Ռուբեն Գևորգյանցն իր հետ արտասահման կտանի՝ նույն նպատակով:

Ձայնասկավառակը նվիրվում է Տիգրան Մանուրյանի ծննդյան 75 ամյակին:

 

Նաիրա Փայտյան