Ռոբին ՈւիլյամսԱՄՆ-ում 63 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը: Նրա մարմինը գտել են երկուշաբթի` օգոստոսի 11-ին,  Տիբուրոն քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ)` դերասանի տանը: Հոլիվուդը և դերասանի բազմահազար երկրպագուները ցնցված են այս լուրից` անվանելով նրան «կատակերգության արքա»:

Ըստ ոստիկանության տվյալների` նախնական վարկածով մահվան պատճառն ինքնասպանությունն է: Հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, որ «մարմնի վրա առկա են ասֆիքսիայի հետքեր»: Պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի փորձաքննությունից հետո, որը նշանակված է այսօր:

Աստղի ներկայացուցիչ Մառա Բուկսբաումի խոսքով` Ուիլյամսը վերջին ժամանակներս տառապում էր ծանր դեպրեսիայից:

Ուիլյամսը ծնվել է 1951 թ. հուլիսի 21-ին Չիկագոյում: Նա ավարտել է Ջուլիարդի դրամայի դպրոցը: Հանդիսատեսը նրան սիրել է «Զարթոնք», «Բարի լույս, Վիետնամ», «Ավգուստ Ռաշ», «Մեռած պոետների հասարակությունը» և այլ ֆիլմերում խաղացած դերերի համար: 1988 թ. Ամերիկայի կինոակադեմիան դերասանին շնորհել է «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար («Շնորհալի Ուիլ Հանթինգը», 1997): Բացի այդ, Entertainment Weekly  ամսագիրը նրան ճանաչել է «ներկայիս ողջերի մեջ աշխարհի ամենաուրախ մարդ»: Ուիլյամսը նաև «Ոսկե գլոբուսի» հնգակի մրցանակակիր է:

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Նա եզակի էր իր տեսակի մեջ: Նա ստիպում էր մեզ ծիծաղել և լաց լինել, նա շռայլում էր իր տաղանդը բոլորիս»,- ասել է նա:

Եկող տարի Ուիլյամսը մասնակցելու էր ամենահաջողված կատակերգություններից մեկի` «Միսիս Դաուտֆայրի» շարունակության նկարահանումներին:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ