rob1Ռոբին Ուիլիամսի կյանքից հեռանալը անխոս Հոլիվուդը թերևս ամենացնցող մահերից էր: Ու միաժամանակ՝ նրա կինոժառանգությունը գնահատելու հոյակապ առիթ, ինչքան էլ դաժան հնչի: Անմխիթար երկրպագուները պետք է գիտակցեն, սակայն, որ նման մահը Հոլիվուդում անմահանալու ամենագործուն ձևերից է: Օրինաչափ է այդպես, ինչքան էլ դաժան հնչի:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել Ուիլիամսի վերջին կինոաշխատանքների՝ «Սիրո դեմքը» (ռեժ.՝ Էրի Պոզին) և «Ամենազայրացած մարդը Բրուքլինում» (ռեժ.՝ Ֆիլ Օլդեն Ռոբինսոն) ֆիլմերի վրա:
Առաջինն առավել «աստղային» է. Ուիլիամսի խաղընկերուհին է Միլա Կունիսը: Սակայն Միլայի փոխարեն, հակառակ սպասումների, ֆիլմում բառի բուն իմաստով հետույքը ցուցադրում է Ուիլիամսը:

«Ամենաբարկացած մարդը Բրուքլինում»-ը իր ասելիքով («մեսիջով») կարևոր, բայց ոչ շատ հետաքրքիր ֆիլմ է: Երևի պատճառն այն է, որ չափազանց ամերիկյան է: Ըստ էության կինոձեռնարկ է, որը կարելի է վերնագրել «Բաներ, որոնք պետք է հասցնել անել մահվանից առաջ»: Ամեն ինչ սրա շուրջ է: Բայց ֆիլմը, հասկանալի պատճառներով, թերևս մեծ լսարան կունենա: Անգամ ամենասթափ հանդիսատեսը կարող է փշաքաղվել այն մտքից, որ իր վերջին ֆիլմում Ուիլիամսը մեռնում է. դա թատերական «բեմի վրա մեռնելու»-ի պես էֆֆեկտ ունի:

https://www.youtube.com/watch?v=PyR0gm36oOM

«Սիրո դեմքում» Ուիլիամսը հանդես է գալիս որակյալ ամերիկյան կինոյի այնպիսի դեմքերի ընկերակցությամբ, ինչպիսիք են Անետ Բենինգը և Էդ Հարիսը: Ֆիլմը հետաքրքրական մի շարք կողմեր ունի: Այս ֆիլմը նայելիս ևս, ամեն անգամ Ուիլիամսին տեսնելիս (կամ չտեսնելիս) հանդիսատեսը պիտի որ ակամա մտածի նրա մահվան ու առհսարակ մահվան մասին: Այս աշխատանքը, սակայն, ավելի շատ սիրելիի մահվանից հետո ողջ մնալու օրիգինալ տարբերակի մասին է:

Ուիլիամսն այս ֆիլմում այն մարդու դերում է, ով կողքից հետևում է մահվանը ու փորձում սփոփել իր չքնաղ հարևանուհուն՝ ի դեմս Բենինգի հերոսուհու: Խենթանալու է, թե ինչ հաջող, գրավիչ կարող է ծերանալ արևմուտքցի կինը՝ տվյալ դեպքում ի դեմս Բենինգի:
https://www.youtube.com/watch?v=HBZtFk1VUeo

Եթե բրազիլական կինոյի դասական «Դոննա Ֆլորն ու նրա երկու ամուսինը» ֆիլմի վերնագիրը վերաձևակերպելու լինենք՝ ըստ այս ֆիլմի, ապա կստացվի նման մի բան. «Միսիս Լոսթրամը և նրա միևնույն երկու ամուսինները՝ հանգուցյալն ու ողջը»: Ամեն ինչ այնքան սուր չէ, որքան կարող է թվալ այս ձևակերպումից: Բայց մինչև մեջ լարված է պահում միտքը՝ արդյո՞ք կինը կասի իր կյանքի նոր տղամարդուն, որ նա համարյա իր հանգուցյալ ամուսինն է: Ֆիլմի բոնուսը դերասանական խաղն է:

Դավիթ Պ. Վարդազարյան


Վենետիկի կինոփառատոնը կկայանա նախատեսված ժամկետներում

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline-ը,...

|25 Մայիս 2020,13:59