Petros Markaris11-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում հյուրընկալվեց հայազգի ծագումով հայտնի հույն սցենարիստ, վիպասան և թարգմանիչ Պետրոս Մարկարիսը։ Նա մոտ 2 ժամ վարպետության դաս վարեց, որի առանցքում գրականություն և կինո փոխհարաբերություններն էին ու նաև սցենարական արվեստին վերաբերող խորքային հարցերը։ Նա դահլիճում ներկա կինեմատոգրաֆիստներին, սկսնակ դրամատուրգներին և առհասարակ արվեստասեր լայն հասարակայնությանը հաղորդակից դարձրեց իր հարուստ փորձին ու գիտելիքներին, շռայլորեն թեʹ տեսական և թեʹ գործնական հմտություններ հաղորդեց։

Ըստ փառատոնային ավանդույթի` վարպետության դասի սկզբում Մարկարիսը խոսեց իր մանկությունից և այն խոր ու հիմնավոր ազդեցությունից, որ մարդկային կյանքի այս թանկ ժամանակը սովորաբար թողնում է  անհատի վրա։ Այնուհետև պատմեց իր կարիերայի սկզբի և ստեղծագործական կենսագրության ոլորապտույտ շրջափուլերի մասին։

Գրող և սցենարիստ Մարկարիսը ծնվել է Ստամբուլում, քրիստոնյաների ընտանիքում։ Հայրը հայ էր, մայրը՝ հույն։ Տեղի Սբ․ Գևորգի անվան ավստրիական դպրոցի շրջանավարտ է։ Հետագայում ուսման է մեկնել Վիեննա և Շտուտգարտ։ Մինչ գրական գործունեությանն անցնելը Մարկարիսը երկար ժամանակ տնտեսագիտություն և մենեջմենթ է սովորել։ 1965 թ․ գրել է իր առաջին՝ «Ալի Ռեջոյի պատմությունը» պիեսը, այնուհետև ևս մի քանի պիես է հրապարկել։ Մարկարիսի ստեղծագործական կենսագրության ամենափայլուն և բեղմնավոր էջերը կապված են հույն անվանի կինոռեժիսոր, մեծ էկրանի պոետ Թեոդորոս Անգելոպուլոսի և նրա հետ համատեղ կինեմատոգրաֆիական գործունեության հետ։ Մարկարիսն Անգելոպուլոսի հետևյալ հանրահայտ ֆիլմերի սցենարների հեղինակն է. «1936 թվականի օրերը», «Ալեքսնադր Մեծ», «Արագիլի ընդհատված ցատկը», «Ուլիսեսի (Ոդիսևսի) հայացքը», «Եռերգություն։ Արտասվող մարգագետինը» և «Ժամանակի փոշին»։ Սակայն ամենից ճանաչվածը, անշուշտ, «Հավիտենություն և մեկ օր» գլուխգործոցն է։ Մարկարիսը նաև այլ ռեժիսորների հետ է աշխատել։ Արժե հիշատակել Եսիմ Ուստաօղլուին և նրանց համատեղ ստեղծած «Ամպերին սպասելով» կինոնկարը։ Ի դեպ, Մարկարիսն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում համագործակցել է նաև սցենարիստների հետ՝ Ստրատիս Կարրասի, Թանասիս Վալտինոսի և Տոնինո Գուերրայի հետ։

Այնուհետև սցենարիստը խոսեց իր գրական գործունեության մասին։ Պարզվում է` սկզբում նա թարգմանիչ է եղել։ Օտար լեզուներից հունարեն է թարգմանել համաշխարհային գրականության երևելիներին. Գյոթե, Բրեխտ և այլն: Սակայն նրան իրական հռչակ և ճանաչում բերեց «Կոստաս Խարիտոս» դետեկտիվ ժանրի շարքը, որը բաղկացած է 5 վեպից և մեկ պատմվածքների ժողովածուից, որոնք  տպագրվել են Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում` հեղինակին բերելով համաշխարհային հռչակ և դափնիներ։ Այս շարքի հիմնական գործողությունները կատարվում են Աթենքում, բացառությամբ «Վաղուց, շատ վաղուց» ստեղծագործության, որում Մարկարիսն իր գլխավոր հերոսին կերտել է Ստամբուլի բուռն ու խաղտաբղետ կյանքի հարափոփոխ խճանկարի մեջ։ Աթենքը նրա գրական աշխատանքներում միշտ էլ ներկայանում է իբրև ներգաղթյալների քաղաք։ Եվ քանի որ ինքն էլ ժամանակին ապրել է քաղաքի ազգային փոքրամասնությունների համար հատուկ նախատեսված և ինչ-որ չափով մեկուսացած համայնքում, այն խնդիրներն ու ցավոտ հարցերը, որոնք նա արծարծում է իր ստեղծագործության մեջ, շատ լավ ծանոթ են իրեն։ Դրանք այն խնդիրներն են, որոնց նա բախվել է գրեթե ամեն օր՝ սեփական իրավունքների համար կենաց ու մահու կռիվ տալով։ Սակայն այս ամենը ներկայացնելու համար նա չի ընտրել  զուտ ռեալիստական եղանակը, այլ դիմել է ընդհանրացմանն ու պայմանական գեղագիտությանը։ Մարկարիսի այս և մյուս ստեղծագործությունները մի շարք հեղինակավոր գրական մրցանակների են արժանացել։

Այնուհետև հերթը հասավ կինոդրամատուգիային․ «Կարիերաս սկսել եմ իբրև դրամատուրգ։ Ինչպես և արդեն նշեցի, պիեսներ եմ գրել։ 1971 թ․ Թեոդորոս Անգելոպուլոսից անսպասելի առաջարկ ստացա։ Նա արդեն հասցրել էր նկարահանել իր առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը և շատ էր ցանկանում, որի մենք անպայման միասին աշխատենք։ Ես իրեն անկեղծորեն խոստովանեցի, որ երբեք սցենար չեմ գրել, այն էլ կինոյի համար։ Նա խորամանկ, բայց միաժամանակ շատ բարի ժպտաց և խոստացավ սովորեցնել ինձ այդ արհեստը։ Այդպիսով Թեոն իմ առաջին, միակ և ամենագլխավոր ուսուցիչը դարձավ։ Նշեմ, որ մինչ այդ ես առհասարակ շատ քիչ էի գրում։ Հարկ է խոստովանել, որ ինձ համար խորթ են երկարուբարակ նկարագրությունները, չափից դուրս ավելորդ պատմողականությունը։ Այս առումով սցենարական արվեստն ինձ համար իսկական փրկություն, լույսի փարոս եղավ, քանի որ կինոյի լեզուն հենց պատկերն է, և ես այն այնքան էլ կարիք չունեմ նկարագրելու։ Կարևորը երևակայությունն է։ Պատմությունը պետք է պատկերացնել։ Իսկ ռեժիսորին մնում է իրականացնել, մարմնավորել գրական հիմքի առանցքում ընկած տեսլականը»։

Մի գեղեցիկ օր էր Անգելոպուլոսը եկել է կինոստուդիա և բացականչել․ «Մարկարիս, դու այդպես էլ սցենար գրել չսովորեցիր»։ Մարկարիսն էլ ի պատասխան հեգնել է վարպետին․ «Այո, իհարկե, դու ճիշտ ես, Թեո։ Քանի որ ինքս ինձ վրա աշխատելու փոխարեն ես այս ընթացքում ողջ ժամանակ զբաղված էի միայն քո սցենարները ուղղելով և վերջնական, կարգին տեսքի բերելով» (ժպտում է):

Մարկարիսը փաստում է, որ սցենարներ գրելն արհեստավարժության տեսանկյունից իր համար փայլուն դպրոց եղավ։ Քանի որ կինոն, դրա կամերային գեղագիտությունը մեծապես ազդել են իր գրական ստեղծագործության, արձակ գործերի վրա։ Մարկարիսը հատուկ կերպով հիշատակում է Անգելոպուլոսի ֆիլմերի այն հաջորդական երկար պլաններն ու համայնապատկերները, որոնք նրանք նախ ստեղծում էին թղթի վրա և ապա տեղափոխում էկրան։

«Բոլոր դրամատուրգներին խորհորդ եմ տալիս, բացի սցենարներից, մեկ այլ բան ևս գրել։ Քանի որ դուք միշտ պարտավոր եք հիշել, որ կինեմատոգրաֆի տիրույթում դուք ամենևին էլ ինքնուրույն չեք։ Դուք այստեղ եք, որպեսզի նախևառաջ օգնեք ռեժիսորին էլ ավելի լավ պատմել իր իսկ սեփական պատմությունը, մշտապես նրա կողքին լինել, աջակցել նրան խորհուրդներով և գործնական քայլերով, զարգացնել և կատարելագործել հեղինակի, այսինքն՝ ռեժիսորի օրիգինալ գաղափարները։ Ես ինքս ռեժիսորի և սցենարիստի արգասավոր համագործակցության առանցքում տեսնում եմ առողջ քննարկումը, սուր բանավեճը, որի արդյունքում է ծնվում ճշմարտությունը, լավ գաղափարից լավ գրական հիմք, սցենար է ծնվում։ Եվ միայն այդ դեպքում հույս կա, որ ֆիլմն այդ ի վերջո կհաջողվի և կխփի նշանակետին։ Այս առումով պետք է բերեմ ամերիկյան կինոյի օրինակը, որտեղ հրաշալի սցենարական դպրոց կա։ Այդ պատճառով էլ ամերիկյան ֆիլմերի մեծ մասը կուռ, ամուր  է կառուցված և գոնե գրական սկզբնաղբյուրի իմաստով գրեթե խոցելի կետեր չունի»,- ասում է բազմավաստակ սցենարիստը։

Վերջում Մարկարիսը մի փոքր էլ կատակեց` ասելով, որ սցենարն ինչ-որ իմաստով նման է համեղ տորթի։ Այսինքն` կարևոր է թեʹ ձևը, թեʹ բովանդակությունը։ Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Դրանք պետք է ներդաշնակվեն և լրացնեն միմյանց։ Պետք է անընդմեջ ձգտել հասնել «ոսկե միջինի» գաղափարին, քանզի հատկապես արվեստում ճաշակն ու չափի զգացումը էական, հիմնավոր նշանակություն ունեն։

Մարկարիսը հասցրեց խոսել նաև դետալներից, որոնք այս խորհրդանշական տորթի համն ու հոտը, միջուկն են կազմում և կարող են հանդիպել մեզ դրա տարբեր ու անսպասելի շերտերում։ Ուստի պետք է աչալուրջ և հետևողական լինել ամեն մի աննշան մանրուքի հանդեպ, քանզի հենց դրանց միասնությունից է, որ կինոյում իրական արդյունք է ստացվում։

Մարիա Թոքմաջյան