Աննա ՄելիքյանԱննա  Մելիքյանի  «Աստղ»  ֆիլմը  ռուսական վարձույթում կհայտնվի միայն նոյեմբերին: Մինչև  համառուսաստանյան ցուցադրությունը  ֆիլմն  արդեն   հասցրել է  կերտելիր  փառատոնային կենսագրությունը` երկու  գլխավոր մրցանակներ` լավագույն ռեժիսոր և լավագույն դերասանուհի`  Սոչիի  «Կինոտավր»  ռուսաստանյան բաց փառատոնում,ապա նաև մասնակցություն երևանյան  «Ոսկե  ծիրան» կինոփառատոնի ազգային մրցույթին: Իր նոր  ֆիլմի առնչությամբ Աննա  Մելիքյանը  բազմիցս  նշել է, որ  «Աստղն» իրեն ստիպել է վերանայել  ու վերարժևորել  իր կյանքը: Ֆիլմում իր  գլխավոր  ձեռքբերումներից  մեկը համարում է  երկու գլխավոր դերակատարների` վրացուհի Թինա Դալակիշվիլու և լիտվուհի Սևերիա Յանուսաուսկայտեի  ընտրությունը: Նրանց  ռեժիսորը   գտել  է  1,5  տարվա երկար  փնտրտուքից հետո. այդ ընթացքում հասցրել է   աշխատանքից  հեռացնել քասթինգի  4  պատասխանատուների  ու   կինոփորձերի հրավիրել տասնյակ դերասանուհիների:  Հիմա   արդեն,  երբ հասել է ցանկալի  արդյունքին`  անթաքույց հպարտությամբ  փաստում է` երկուսն էլ  լավագույնն են`  անկախ որևէ  մրցանակից:

– «Աստղը»  պատմություն է   կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված մարդկանց մասին: Ինչո՞ւ  հենց կյանքի ու մահվան խնդիրը դարձավ Ձեր նոր ֆիլմի թեման:

– Ես միշտ  պատմում եմ այն, ինչ ինձ մարդկայնորեն հուզում է:Ես  շատ եմ  սիրում մարդկանց, ինձ  թվում է, որ մարդն ամենաֆանտաստիկ բանն   է որ կա բնության մեջ, և եթե ինչ-որ  բան ինձ կարող է  զարմացնել, այդ մարդնէ:Ես երևի դրանով սնվում եմ և հավատում եմ  մարդկային անհավատալի գեղեցկությանն  ու բարությանը: Եվ շարունակում եմ հավատալ` չնայած այն ամբողջ  սարսափին,  որ տեղի է ունենում  աշխարհում. պատերազմներ, կոտորածներ, երբ մարդն   ակնթարթորեն կարող  է  վերածվել գազանի: Հավատում եմ,  որ հոգին կարող է բարձրանալ պայծառացման մի զարմանալի աստիճանի, ճիշտ ինչպես  իմ հերոսուհու   դեպքում: Թվում  է,  թե  նա  հիմարիկ մի աղջիկ է` ցանկությունների ու երազանքների իր պարզունակ ցանկով, որ  երազում է հայտնվել ամսագրերի շապիկներին: Թվում է, թե աղջիկը քամահրանք է առաջացնում, մինչդեռ նա բարձրանում էմի բարոյական  մակարդակի, որը  ստիպումէ  մեզ շատ  ուժեղ էմոցիաներ ապրել:Այո, սա  իսկապես  պատմություն է կյանքի ու մահվան  մասին, բայց  իմ այս ֆիլմով  ես ընտրել եմ կյանքը: Սա նաև պատմություն   է  այն մասին, որ  մարդն այն չէ, ինչ թվում է:

Որպես  կանոն,  մինչև  հանդիսատեսին  հասնելը  Ձեր ֆիլմերը  փառատոնային հաղթարշավ են ունենում: Ձեզ  համար կարևո՞ր  է  փառատոնային հաջողությունը:

– Իմ   ֆիլմերը  բնավ էլ փառատոնային չեն: Փառատոնային  ընդունված է համարել   այն  ֆիլմերը, որոնք   ուրախ, զվարթ  են, կամ  ճիշտ  հակառակը` պետք է որ տաժանակիր հանճարեղ, բայց  դժվար դիտվող  մի   բան լինեն: Իսկ  իմ  ֆիլմերն ընդհակառակը`  շատ հեշտ են նայվում,  և   ինձ  շատ    է   ուրախացնում,   երբ իմ ֆիլմերի  ընթացքում  հանդիսատեսը   ծիծաղում  է: Եվ, իհարկե, շշմեցուցիչ բան  է,  երբ  արտասվում են, դա իսկապես բոլորովին այլ բան  է: Այս   ֆիլմում ինձ  ապշեցրեց  այն հանգամանքը,  որ  մարդիկ լալիս են:

Այդ   դեպքում ինչպե՞ս կբնութագրեք  Ձեր կինոն:

– Ինձ  թվում է, որ իմ կինոն ինչ-որ մի վինեգրետ է, որի  մեջ   ամեն ինչ կա` սկսած այպես կոչված  հնդկական մելոդրամայից: Դետեկտիվի  ու ֆանտաստիկայի հետ ես ավելի   քիչ եմ ընկերություն անում: Շատերն էլ տալիս են «պոետիկ» կամ «այլաբանական»  կինո որակումները: Բայց   այդ ամենն   ինձ  համար  խիստ հարաբերական  է: Վերջերս  ես  իմ նոր ֆիլմի  օպերատորին ասացի` մենք միայն մի սկզբունք  ունենք`  դա ցանկացած սկզբունքի  բացակայությունն  է: Ինձ  դուր  է  գալիս,  երբ անում ես   այն ամենը, ինչ   պետք է   կինոյի համար,առանց մտածելու, թե ինչ   անուն   դա ունի:

Ասացիք`   նոր ֆիլմ եք սկսում:

– Այո, կինոալմանախ  է, փոքրիկ  պատմություններ են  սիրո մասին` ուրախ  և   խուլիգանական:

Շատ եք հպարտանում Ձեր  դերասանուհիներով, մինչդեռ նրանցից մեկը`Թինան, անգամ պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, դժվար չէ՞ր նրանց հետ աշխատելը:

– Մարդ կարող է լինել պրոֆեսիոնալ դերասան և  այնքան  անհետաքրքիր: Մարդը կաʹմ ունի տաղանդ,  կաʹմ չունի: Եթե  խոսենք  ոչ թե կիոնյի, այլ թատրոնի մասին, դա ինչ-որ բնածին, ի  վերուստ տրված տաղանդ է: Ես փնտրում էի   բացարձակապես   ուրիշ  դերասանուհու: Նա պետք է  տգեղ լիներ, հասուն, բայց երբ ես տեսա Թինային, հասկացա, որ կարող եմ նրան  21  ժամ  մեծագույն հաճույքով նայել և անգամ ֆիլմը մոնտաժելիս չէի  հոգնում նրան հետևելուց: Եվ  թեև նա պրոֆեսիոնալ դերասանուհի  չէ, անկասկած  տաղանդավոր է: Ի վերջո, ոչ բոլորին կարելի է սովորեցնել դերասանական  արվեստը: Եթե մարդն ընդունվել  է  ստեղծագործական բուհ և դիպլոմ  է  ստացել, դա դեռ չի նշանակում, որ  նա արդեն արտիստ  է:

Գիտեմ, որ  Երևանում  Ձեզ անակնկալ էր սպասում` հատուկ հանդիպում համադասարանցիների  հետ:

– Իհարկե, շատ հաճելի է, որ ամեն անգամ իմ բոլոր համադասարանցիները, չէ,ավելի ճիշտ`  բոլորը, ովքեր մնացել են Երևանում, պարտադիր գալիս են իմ ֆիլմերի նորամուտին: Ճակատագիրը մեզ խիստ տարբեր ուղղություններով է  քշել, մեր դասարանում 30 աշակերտ կար, իսկ իմ ֆիլմի պրեմիերային ընդամենը  9-նն էին եկել, բոլորը, ովքեր Երևանում են: Բայց նրանք  պարտադիր գալիս են, եկել  էին նաև նախորդ ֆիլմիս ցուցադրությանը: Ինձ չափազանց շոյում է, որ նրանք  ոչ միայն հավաքվում, գալիս են, այլև ոգևորվում են իմ հաջողություններով, որովհետև նրանք մարդիկ են, որոնց  հետ անցել  է իմ  մանկությունը:

Կինոռեժիսուրան  չափազանց  ժամանակատար աշխատանք է կնոջ  համար: Որպես մայր ինչպե՞ս եք փոխհատուցում  կինոյին   տրված ժամանակը:

– Իհարկե, շատ դժվար  է,  և  հենց այդ պատճառով  ծննդաբերությունից  հետո  չէի նկարում: Ես հասկացա, որ պատասխանատվության զգացում ունեմ երեխայի հանդեպ,  սկսեցի պրոդյուսերությամբ զբաղվել, որ ժամանակին տուն գամ, զբաղվեմ իմ երեխայով: Երբ կինո ես նկարում, դա  խելագար   շրջան է  քո կյանքում  և քո  ընտանիքի համար: Այդ պատաճառով  ես նորից  ֆիլմ նկարեցի  միայն այն ժամանակ, երբ  հասկացա, որ նա արդեն մեծ  Է,  երբ երեխաս դպրոց գնաց: Չափազանց   դժվար բան է, երբ քիչ  ժամանակ ես տրամադրում   քո  երեխային, բայց հիմա  ես ամեն կերպ փորձում եմ  ժամանակս կարգավորել այնպես, որ նրան առավելագույն  ժամանակ տրամադրեմ  և, իհարկե,  ոչ  այն պատճառով, որ  ես դա պիտի անեմ, այլ   որովհետև  ես դրանից  ահռելի բավականություն եմ ստանում:

Ի՞նչ  զարգացումներ եք նկատում այսօրվա ռուսական կինոյում:

– Գիտեք, հիմա  ծանրության կենտրոնը  փոխվել է  դեպի սերիալները: Համենայն դեպս,   հիմա ինձ   ավելի շատ սերիալներն են զարմացնում,  օրինակ`  «Սև  հայելին», որն ինձ  շատ  զարմացրեց  իր ձևով, գաղափարով, մտահղացման  համարձակությամբ, այ դա տպավորություն  էր: Եվ ընդհանրապես  ինձ  թվում է, որ ընդհանուր մի  միտում է նկատվում.    ուժեղ   բևեռը  տեղափոխվում է սերիալներ, քանի  որ  այսօր սերիալներն  ավելի զիլ են,  քան   կինոֆիլմերը:

Հարցազրույցը` Նունե   Ալեքսանյանի