11-րդ «Ոսկե ծիրան»Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված ազդագրերը տեղեկացնում են «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի մեկնարկի մասին: Հուլիսի 13-ին հյուրանոցների շրջակայքում կարելի էր հանդիպել փառատոնի արտասահմանցի հյուրերին ու մասնակիցներին: Իսկ ժամը 15-ին նրանք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին՝ Ծիրանօրհնեքի:
Այս տարի ծիրանն իսկապես ոսկու գին ունի, բայց փառատոնն իր հյուրերին, սովորության համաձայն, ծիրան հյուրասիրեց: Ծիրանով լի զամբյուղներ են շրջում նաև փառատոնի պաշտոնական բացման ժամանակ՝ դահլիճում. այդպես էր նախորդ տարիներին: Բայց այս տարի հանդիսատեսը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին միայն նկարած ծիրան տեսավ:
Մինչ հանդիսավոր արարողությունը «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Սերգեյ Փարաջոնովին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: Այնուհետև ներկայացվեց Մարտին Սկորսեզեի հիմնադրամի վերականգնած «Նռան գույնը» ֆիլմը:
Տիգրան Մանսուրյանը, որ ֆիլմի կոմպոզիտորն է, իր հիացմունքը հայտնեց ձայնի և գույնի կատարյալ վերականգնման առիթով, ավելացրեց, որ վերականգնել «Նռան գույնը» նշանակում է արժանին մատուցել Փարաջանովի հիշատակին:
Ազատության հրապարակում դեպի Օպերային թատրոնի մուտք ձգվող կարմիր գորգը սպասում էր հյուրերին: Փողային նվագախումբ, երեկոյան զգեստներ ու օծանելիքի բույրեր: Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը տեսախցիկների ու ֆոտոխցիկների օբյեկտիվների ուշադրության ներքո անցան կարմիր գորգի վրայով:
Քիչ հետո ազդարարվեց «Ոսկե ծիրանի» մեկնարկը: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց հովանավորներին, մեծ կինոյի վարպետներին ու կինոսիրողներին, որոնց շնորհիվ փառատոնը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում աշխարհում:
Վարչապետը 11-րդ «Ոսկե ծիրանում»Ներկայացվեցին մրցութային ծրագրերի ժյուրիի կազմն ու միջազգային մրցույթի մասնակից ֆիլմերը: Փառատոնին հաջողություններ մաղթեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացման հանդիսության անակնկալներից մեկն էլ ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի ելույթն էր: Նա առաջին անգամ էր երգում ծիրանափողի նվագակցությամբ: Աշխարհահռչակ երգչուհին Փարաջանովի հիշատակին նվիրեց Սայաթ-Նովայի «Բլբուլի հիդ» երգը:
Կիմ Կի ԴուկՓառատոնի պատվավոր հյուրերի շարքում է կորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի Դուկը: Համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար նրան հանձնվեց Փարաջանովյան թալերը: Կիմ Կի Դուկը ցանկություն հայտնեց ելույթ ունենալ: Նա հանպատրաստից երգեց կորեական մի հին երգ:
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները շեշտը չէին դրել բացման հանդիսության ճոխ հավելումների վրա: Ինչպես միշտ, նրանք նշեցին, որ իրենց համար կարևորը կինոդիտումներն են, հնարավորությունը տեսնելու լավ ու որակյալ կինո:

Նաիրա Փայտյան