Օթար Իոսելիանի` «Ականջիս առ այսօր հայերենն է հնչում»
Փետրվարից սկսած` Օթար Իոսելիանին փորձում է աննկատ ապրել հոբելյանական տարին. հոբելյաններ չի սիրում: Լրագրողների հետ շփումներում տաբուներ չունեցող ռեժիսորն այդ թեման ամեն կերպ շրջանցում է. 80-ամյակն առանձնապես հետաքրքիր զրույցի թեմա չէ, բայց «Ոսկե ծիրանի» հրավերը, իհարկե, ընդունել է ու Երևանում էր` մասնակցելու 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրին, որը ներկայացնում է վաղ շրջանի Իոսելիանիին՝ նրա «Տերևաթափը», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգությունը» և արդեն 80-ամյակի նախաշեմին նկարահանած «Խաժամուժը»:
Երիտասարդ վրացի կինոռեժիսոր Նիկոյի մասին Իոսելիանիի կինոպատմությունն անմիջապես ինքնակենսագրական ֆիլմ որակումների առիթ դարձավ, ինչը ռեժիսորը կտրականապես չի ժխտում, բայց և լիովին համաձայն չէ, չնայած ընդհանրությունները շատ են: Արդեն 30 տարուց ավելի Փարիզ-Թբիլիսի դեգերումները դարձել են ռեժիսորի կյանքի բնականոն ընթացքը: Հեռանալով խորհրդային կայսրությունից` նա երազում էր Փարիզում գտնել ազատության այն տարածքը, որտեղ կարող է անել ամեն ինչ իր կինոն նկարելու համար: Ինչպես և «Խաժամուժի» Նիկոն, նա ստիպված էր ընդունել, որ այստեղ ևս իրականությունն այլ է: Կորցնելով այն Փարիզը, որում երազում էր իր կինոն նկարել, և չգտնելով այն Թբիլիսին, որտեղ մեծացել էր, Իոսելիանին երեք տասնամյակ է, ինչ յուրաքանչյուր ֆիլմի նկարահանումների ավարտից հետո վերադառնում է Թբիլիսի: Ինչպես խոշոր մեգապոլիսների` Փարիզի, Մոսկվայի, այնպես էլ փոքր, կամերային մայրաքաղաքների` Թբիլիսիի, Երևանի ճարտարապետական դիմագծի ու քաղաքային մշակույթի յուրաքանչյուր փոփոխություն ռեժսորը ցավագին կորուստ է համարում:
Իր մանկության մայրաքաղաքից մեծ կարոտով հիշում է հին Թիֆլիսի հայկական մթնոլորտը. «Թբիլիսին հայկական քաղաք էր, այն հայերն են կառուցել, շատ աշխատող մարդիկ էին: Ես մեծացել եմ հայերի միջավայրում և ականջիս առայսօր հայերենն է հնչում: Սոլոլակը, որ հայերն էին ապրեցնում, լիքն էր տաղանդավոր հայ արհեստավորներով, հրաշալի մարդիկ էին: Հետո, ցավոք, շատ հայեր հեռացան, հիմա քաղաքը դատարկվել է, քանի որ մտավորականներն են հեռացել, ու տարբեր տեղերից գռեհիկներն ու ցածրակարգերը լցվել են Թբիլիսի: Հիմա մենք քայլում ենք փողոցով, բայց ոչ ոք մեզ չի ճանաչում: Չկա մեկը, որին կարելի է բարևել: Թբիլիսին դատարկվել է: Երբ հեռանում ես քո քաղաքից, պետք է հիշես, որ վերադառնալու ես արտասահման»:
Կորստի նույն զգացումը վրացական կինոյի վարպետն ապրել է նաև Երևանում. տարիների ընդմիջումից հետո այստեղ չի գտել իր հիշողության մեջ կենդանի մնացած արևային քաղաքը, որտեղ մթնոլորտ էին ստեղծում պայծառ ու կոլորիտային մարդիկ, իսկ քաղաքն էլ շնչում էր ջերմ կենսախնդությամբ: Հիմա փոխվել են ոչ միայն երևանցիները, այլև` քաղաքի դիմագիծը: «Երևանը պարզապես այլանդակել են»,- փաստում է ռեժիսորը: Երևանյան երկօրյա այցի ընթացքում Իոսելիանիին հանձնվեց «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակը, որը նրա վաղեմի բարեկամի՝ Փարաջանովի անունն է կրում:
– Դուք երկար տարիների բարեկամությամբ կապված եք եղել լեգենդար մարդկանց հետ, ինչպիսին էր, օրինակ` Փարաջանովը: Ինչպիսի՞ ընկեր էր նա:
– Նա պարզապես լուսարձակող մարդ էր, հրաշալի, անսպառ երևակայություն ուներ: Ինչ էլ որ նա աներ, անվերջանալի մոգություն էր: Իսկ որպես ընկեր Սերժը չափազանց հոգատար ու ուշադիր էր իր ընկերների հանդեպ: Սկզբում նա աշխատում էր Թիֆլիսում, և եթե անկեղծ լինենք, պարզապես խալտուրա էր անում: Բայց հետո գնաց Ուկրաինա ու նկարեց իր զարմանալի ֆիլմը՝ «Մոռացված նախնիների ստվերները», որով և սկսվեց իսկական Փարաջանովը: Բայց պետք է ասեմ, որ նախևառաջ նա պարզապես լավ թիֆլիսցի տղա էր:
– Ընդունված է համարել, որ խորհրդային շրջանում մշակութային այլախոհությունն ավելի վտագավոր էր, քան քաղաքականը:
– Ի՞նչ ասել է մշակութային այլախոհություն, ի վերջո, այն ժամանակ յուրաքանչյուրը, ըստ էության, խիստ սահմանափակ ընտրություն ուներ, կարելի էր նկարել բոլշևիկյան գաղափարախոսության ֆիլմ, ռոմանտիկ տեքստեր գրել կամ էլ ոչ խորհրդային ֆիլմ նկարել: Բայց հակախորհրդային ֆիլմ ոչ ոք չէր կարող նկարել:
– Դուք խոսում եք ռոմանտիկ տեքստերի մասին, մինչդեռ Ձեր ֆիլմերում լռությունը շատ ավելի խոսուն է, քան ցանկացած տեքստ:
-Միշտ մտածել եմ, որ կինոն բառերի արվեստ չէ, եթե կա կադրը, ապա բառերն ավելորդ են:
– Ձեզ հետաքրքրո՞ւմ է ժամանակակից կինոն:
– Ես պարբերաբար դիտում եմ ինչ-որ ֆիլմեր, որոնց մեծ մասը պարզապես աղբ է: Բայց երևի գիտեք, որ հավանականության տեսության համաձայն` կեղտի մեջ ոսկի գտնելն ավելի հեշտ է: Տեսեք, հիմա երիտասարդները նկարում են ու նկարում: Եվ մեկ էլ տեսնում ես, որ այդ համատարած աղբի մեջ հայտնվում է մի հրաշալի ֆիլմ, ու մի երիտասարդ աղջիկ` Ռուսուդան Չկոնիան, նկարում է «Ժպտա» ֆիլմը:
Նունե Ալեքսանյան