Տուն վերադարձի հարատև թակոցը Նարե Հայկազյանի դեբյուտային ֆիլմում
«Ոսկե ծիրան» 2014 Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում կինոյի ասպարեզում դեբյուտային աշխատանքով որպես ռեժիսոր և սցենարի հեղինակ հանդես կգա ամերիկաբնակ դերասանուհի Նարե Հայկազյանը: Արթնության գաղափարը ներկայացնող 17 րոպե տևողությամբ «Թակոց» ֆիլմի անդրանիկ դիտումը տեղի կունենա հուլիսի 15-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:
«Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում: Կարող էի այլ փառատոների ներկայացնել, սակայն ցանկությունս մեծ էր, որ այն ներկայացվի հենց «Ոսկե ծիրանի» շրջանակում, որովհետև թեմայի լեյտմոտիվը` գիծը, տունդարձի խնդիրն էր, հարատև թակոցը»,- «Կինոաշխարհի» հետ զրույցում պատմում է Ն. Հայկազյանը, որ հույս ունի` հանդիսատեսի սրտում ֆիլմը անարձաագանք չի մնա:
Հայկազյանի խոսքով` իր համար ուրախալի փաստ է, որ ֆիլմն ընդունվեց կինոփառատոնի հանձնաժողովի կողմից:
Նախքան «Թակոցը» դերասանուհին որպես ռեժիսոր ներգրավված եղել է մի շարք թատերական աշխատանքներում, սակայն կինոյի ոլորտում նա իր առաջին քայլերն է անում:
Ն. Հայկազյանի առաջին աշխատանքը նկարահանվել է մեկ օրում՝ մեկ շնչով: Ֆիլմի հենքը իմպրովիզացիոն լուծումներն են:
Հեղինակի գնահատմամբ` ուր էլ գնաս, տուն վերադարձի կանչը միշտ սրտումդ է, իսկ կորսվածի և գտնվածի դուռը մեկ թակոցի մեջ է: Հերոսուհին փորձում է նույնացնել խաչմերուկները, անցյալը՝ ներկայի մեջ, ներկան` անցյալի` սեր տալով կյանքից հեռացածներին, մինչ կյանքի անիվը հարատևորեն պտտվում է մենության ճանապարհից դեպի մանկության կայան: Կորուստներ չկան, երբ շնորհակալ ես տրվածից:
«Թակոցը» տուն վերադառնալու միայն ֆիզիկական իրավիճակի մասին չէ, այլ հոգևորի: Այն առավելապես զգացական մակարդակում է, տարօրինակություններով լեցուն»,- անկեղծանում է ռեժիսորը:
Ֆիլմը նվիրված է հեղինակի մորը՝ արձակագիր Ջուլիետ Մատինյանին:
«Թակոցի» օպերատորներն են Քրիս Աղազարյանը և Արմեն Ջանոյանը:
Ներկայացնելով վերջին տարիներին արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հաջողությունները` օբյեկտիվորեն պետք է նշենք, որ հայրենիքից հեռու ոչ բոլորին է հաջողվում զբաղվել սիրած գործով:
Հայ թատերական և կինոարվեստում տասնյակից ավելի դերեր կերտած դերասանուհի, բեմադրիչ Ն. Հայկազյանն արվեստի ոլորտի այն եզակի ներկայացուցիչներից էր, որ ինչպես ինքն է ասում, «փորձեց չկորցնել իր տեսակը»` ԱՄՆ-ում բնակվելու ընթացքում շարունակելով ստեղծագործել:
Քչերը գիտեն, որ Նարեն զբաղվում է նաև հագուստի ձևավորմամբ, նկարչությամբ: Մասնակցել և մասնակցում է ցուցահանդեսների, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել 2012 թ. օգոստոսին Գլենդելում:
Այսօր հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` դերասանուհին առանց վարանելու կարող է ասել, որ Աստված է արվեստի անփոփոխ աղբյուրը: «Նա արարման իսկ պահից մինչ վերջ հավերժ աղբյուր է: Միայն ծարավ սիրտը կարող է այդ աղբյուրը փնտրել և հագենալ, զգալ, որ ամեն բան ի վերուստ է տրված, և ուրախություն նրանց, ովքեր արդեն ունեն այդ ճանապարհը»,- կարծում է Ն. Հայկազյանը, որի համոզմամբ` ամենից կարևորը սիրո շունչն է, որի առկայության դեպքում հեռավորություն ասվածը վերանում է:
Բացակա լինել կնշանակի լինել քնած, իսկ դերասանուհին ու ռեժիսորն իրեն արթուն է համարում:
Կան նոր գաղափարներ, ծրագրեր, որոնք առաջիկայում հանրությանը հայտնի կդառնան: Դերասանուհին այժմ փնտրում է Հայաստան վերադառնալու, հայրենիքում հաստատվելու, նոր ամուր հենակետ ունենալու, ստեղծագործելու հաստատուն հնարավորություն:
«Կինոաշխարհ»