ռեժՄիջազգային հեղինակավոր կինոփառատոները վաղուց որդեգրել են սցենարների զարգացման ու համարտադրությունների խթանման քաղաքականությունը: Ժամանակակից փառատոների կարևորությունն ընդգծվում է նաև այս գործառույթով: Նույնիսկ Ֆրանսիայի ու Գերմանիայի նման հարուստ երկրները, որոնք մշակել են ֆիլմարտադրությունը ֆինանսավորելու մեխանիզմները, երբեք մենաշնորհային դիրքորոշում չեն ցուցաբերում. ֆիլմեր արտադրում են այլ երկրների հետ համատեղ: Մի քանի երկրների մասնակցությունը ֆիլմի ստեղծման փուլերում մեկտեղում է տարբեր կինոարտադրողների ու ստեղծագործական կազմերի ջանքերը. ստեղծվում են արտադրական հարթակներ, որոնք ընդլայնում են սցենարը ֆիլմ դարձնելու հնարավորությունները:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 15-17-ը, «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն իրականացվել  է  8-րդ անգամ:  Ներկայացվել են Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչների նախագծեր: Դրանք քննարկվել են. ժյուրին ընտրել է լավագույնները և սցենարի զարգացման համար տրամադրել դրամաշնորհներ:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար, ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշում է մեր փառատոնի դերը նաև համատեղ ֆիլմարտադրությունը խթանելու տեսանկյունից:

«Ոսկե ծիրանի» նշանակությունը մեր տարածաշրջանում պայմանավորված է նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի աշխատանքով: Այն հարթակ է, որտեղ հայկական, վրացական, թուրքական և էլի մի քանի երկրների կինոնախագծեր են ներկայացվում: Համատեղ արտադրությունների օրինակները բազմաթիվ են, դրանք հաճախ  ճանապարհ են հարթում դեպի այլ փառատոներ, գտնում են ֆինանսական այլ աղբյուրներ ու վերածվելով ֆիլմերի՝ հաջողություններ ձեռք բերում հեղինակավոր փառատոներում: Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի նախագիծը ՌԱՍ-ի մասնակից է եղել: Ուկրաինական «Ցեղը» ֆիլմը, որը մեծ հաջողություններ ունեցավ երևանյան ու միջազգային այլ փառատոներում, նույնպես ՌԱՍ-ի միջով է անցել»,- ներկայացրեց Սուսաննա Հարությունյանը:

Այս անգամ ՌԱՍ-ին ներկայացված 24 կինոնախագծերից ընտրվել են 14-ը: Դրանցից 6-ը հայկական նախագծեր են եղել: Հեղինակները հնարավորություն են ունեցել ժյուրիի առաջ ներկայացնել իրենց մոտեցումները, պատասխանել հարցերին ու պաշտպանել իրենց կինոնախագծերը: Սուսաննա Հարությունյանը նշում է, որ հայկական կինոնախագծերը, մրցունակ լինելով, պարզերես են արել իրենց: Եթե նախկինում՝ ՌԱՍ-ի առաջին տարիներին, հայկական ծրագրերը, դրսի նախագծերի համեմատ,  շատ տկար էին, ապա այս տարվա նախագծերը բավականին հաջող էին: ՌԱՍ-ի ղեկավարն ավելացնում է, որ Վրաստանի ծրագրերը միշտ որակյալ են, այս տարի՝ առավել քան, նմանապես՝ թուրքական կինոնախագծերը:

Այս տարի հրավիրված են եղել Բեռլինի կինոֆոնդի նախագահը, Սերբիայի կինոկենտրոնի ներկայացուցիչը, պրոդյուսերներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իտալիայից:   Նրանք լսել են ներկայացված կինոնախագծերը, մասնակցել քննարկումներին, պատմել համագործակցության իրենց  փորձի մասին և վերջապես  ընտրել լավագույն կիոնախագծերը:

Ըստ նախատեսվածի՝ պետք է ընտրվեր 3 կինոնախագիծ, որոնց զարգացման համար կտրամադրվեր  5000 և  3.500-ական եվրո դրամաշնորհ: Երկու ժամ ժյուրին քննարկել է, թե որ ծրագրերին հատկացնի դրամաշնորհները: 3-ի փոխարեն ընտրվել է 4 կինոնախագիծ, և ընդհանուր գումարը հավասարաչափ բաշխվել  4-ի միջև, յուրաքանչյուրին՝ 3000-ական եվրո: Դրամաշնորհները տրամադում է ԵՄ-ը:

4 նախագծերից 2-ը հայկական են, երրորդը՝ վրացական, չորրորդը՝ թուրքական:   Դիանա Մկրտչյանի «Ջիվանի-74» կինոնախագիծը հայ-վրացական համատեղ արտադրությամբ կիրականացվի, Նիկա Շեկի «Երկար այգիները»՝ հայ-ադրբեջանական:   Կինոնախագծերն արտադրական փուլեր կանցնեն, և ինչպես փորձն է ցույց տալիս, 1-2 տարի հետո կվերադառնան «Ոսկե ծիրան» որպես պատրաստի ֆիլմեր:

Հայկական 6 նախագծերից մեկն էլ Ջիվան Ավետիսյանի «Վերջին տեղաբնակը» ֆիլմի նախագիծն է եղել  արցախյան պատերազմի մասին: Այն արդեն լիտվական համարտադրող ունի. լիտվական կինոհիմնադրամը հետաքրքրված է սցենարով ու ֆինանսավորելու ցանկություն է հայտնել:

ՌԱՍ-ը ստացել է առաջարկ համագործակցելու Իտալիայի Տրիեստ քաղաքում կայանալիք «Երբ Արևելքը հանդիպում է Արևմուտքին» համարտադրական ֆորումին: Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ» նախագիծն այդ ֆորումում կներկայացնի պրոդյուսեր Անի Ոսկանյանը: Ի դեպ, նույն ֆիլմի սցենարը հնարավորություն ունի մասնակցելու Կաննի Producers Network ծրագրին:

Մեծ հաշվով՝ ՌԱՍ-ը ոչ միայն խրախուսում է համատեղ կինորատադրություններն ու դրամաշնորհներ տրամադրում նախագծերի զարգացման համար, այլև նոր գործընկերներ գտնելու նպատակով կինոգործիչներին ուղղորդում դեպի միջազգային այլ ծրագրեր ու հիմնադրամներ:

Նաիրա Փայտյան