Ֆոլկեր Շլյոնդորֆը` գերմանական գիտակցության հայելացում
Գերմանական կինոյի մերօրյա դասական Ֆոլկեր Շլյոնդորֆը մուտք գործեց կինո անցյալ դարի 60-ականներին: Նախքան արևմտագերմանական «նոր կինո» կոչված ուղղության ռեժիսորների խմբին հարելը (Ռայներ Վերներ Ֆասբինդեր, Վիմ Վենդերս, Վերներ Հերցոգ, Ալեքսանդր Քլյուգե և ուրիշներ) նա, որպես ասիստենտ, աշխատել է ֆրանսիացի այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են Լուի Մալը և Ալեն Ռենեն:
Շլյոնդորֆն այն բացառիկ կինոռեժիսորներից է, որոնց հաջողվում է ստեղծել գրական ստեղծագործությունների վրա հիմնված իսկական կինոպատումներ: Նա ոչ թե սոսկ էկրանավորում է գործը, այսինքն` ընդամենը հասնում գրականության կինոնկարազարդման, այլ գրական երկերը դարձնում է ինքնուրույն, լիարժեք կինոստեղծագործություններ: Այդ են վկայում «Թիթեղյա թմբուկը» (ըստ Գյունտեր Գրասի համանուն վեպի, 1979), «Կատարինա Բլյումի անարգված պատիվը» (ըստ Հենրիխ Բյոլի վեպի, 1975), «Ճանապարհորդը» (ըստ Մաքս Ֆրիշի «Հոմո Ֆաբեր» վեպի, 1991), «Օգրը» (ըստ Միշել Թուրնիեի «Անտառի արքան» վեպի, 1996) ֆիլմերը:
Կինոյի հմուտ վարպետ Շլյոնդորֆը տիրապետում է կինոռեժիսուրայի գաղտնիքներին և կարողանում իրականության կտորն այնպես տեղավորել կինոկադրի շրջանակներում, որ այն ընկալվի նաև իբրև հորինվածք, իբրև միթոսի լուսապսակով պարուրված տեսարան: Միաժամանակ աշխատում է դերասաններին ազատագրել իրենց անհատականությանն ամրագրված առասպելներից, անճանաչելիորեն փոխել դերասանի արտաքին ֆակտուրան` կոտրելով կարծրատիպերը:
Ոչ միայն Շլյոնդորֆին, այլև գերմանացի մյուս ռեժիսորներին հատուկ է միթոլոգիականի, հեքիաթայինի ձգտումը: Օրինակ` Վիմ Վենդերսը համարում է, որ ֆիլմը պետք է նկարահանել իբրև հեքիաթ: Նրանց կինոաշխարհում, սկսած 20-ականների էքսպրեսիոնիզմի ժամանակներից, գրեթե մշտապես առկա է միթոլոգիական շերտը: Դա հատուկ է առհասարակ գերմանական գիտակցությանը և իհարկե ինքնանպատակ չէ: Նրանք միշտ փորձել են վերաիմաստավորել հին միթոսները, դրանց արդիական հնչողություն հաղորդել: Միթոսն օգնում է, իմաստավորելով անցյալը, հասկանալ ներկան, մոտենալ նրա պատճառներին:
Գերմանական կինոյում առկա է իդեալների կորստյան թեման, ինչն արտահայտվում է «պատմության կորստի» ձևով և «անցյալի փայլի» ընդգծմամբ: Ֆոլկեր Շլյոնդորֆին հուզող անցյալի թեմաներից մեկը նացիզմի պատճառներն են, որոնց միթոլոգիական հետազոտումը նրա համար շատ ավելին է, քան պարզապես քավությունը:
Ինքնըստինքյան հասկանալի է` մի բան է, երբ այս թեմայի շուրջ խորհում կամ ֆիլմ է նկարում, ասենք, ռուսը, լեհը, ֆրանսիացին, իտալացին, և բոլորովին այլ բան, երբ դա անում է գերմանացին: Եվ խնդիրները տարբեր են ոչ այնքան «ճակատի» տարբեր կողմերում լինելու հետևանքով: Գերմանացի մեկ այլ ռեժիսորի` Վոլֆգանգ Շտաուդտեի «Ռելսերի միջև» (1978) կինոնկարում գերմանուհին պատերազմի ավարտից հետո իր դստերը սիրահետող ամերիկացի սպային հարցնում է. «Ո՞ւմ մասին եք մտածում, երբ իմ աղջկա հետ եք, Բախի՞, թե՞ Հիտլերի»:
Առաքինի գերմանացու համար, անշուշտ, նացիզմի պարտությունը «պարտություն» չէ, այլ`«հաղթանակ»: Այնպես որ գերմանացու և մյուսների կողմից քննվող խնդիրների տարաբնույթ լինելը պայմանավորված է մի հանգամանքով, որի մասին հստակ արտահայտվել է հենց «Հոմո Ֆաբեր» վեպի հեղինակ, շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշը. «Արդյոք այն պատճառով չե՞նք այդպես սիրում խորհել Գերմանիայի ֆաշիզմի ու նրա պատճառների մասին, որ գերմանական «պատճառները» չեն համապատասխանում մեր «պատճառներին», և դա հանգստացնում է մեզ»:
Իր երկրի պատմության այդ ցավոտ ժամանակաշրջանին Շլյոնդորֆն անդրադարձել է վերոհիշյալ «Ճանապարհորդը» («Հոմո Ֆաբեր»), «Թիթեղյա թմբուկը» և «Օգրը» ֆիլմերում: «Թիթեղյա թմբուկն» այլաբանական լայնատարած որմնանկար է, որում նկարահանվել է 60-70-ականներին եվրոպական կինոյում մեծ ժողովրդայնություն վայելող դերասաններից մեկը` ազգությամբ լեհ Դանիել Օլբրիխսկին: Շատ տպավորիչ (թեև ոչ գլխավոր) կերպար է ֆիլմում ստեղծել Շառլ Ազնավուրը: Այս նշանակալի ֆիլմի մասին շատ է գրվել, և մինչ օրս շարունակում են այն վերլուծել:
«Օգրը» նվիրված է ֆրանսիական «նոր ալիքի» դեմքերից մեկի` Լուի Մալի հիշատակին: Ֆիլմի սցենարի վրա Շլյոնդորֆն աշխատել է Ժան Կլոդ Կարիերի հետ միասին: «Օգրի» գերբնական, սարսափելի, բայց և երկիմաստ հերոսն ամեն անգամ ինչ-որ մի աղետի գնով է ազատվում պատժից, իսկ վերջում արդեն երեխայի անմեղությամբ պաշտպանված է կամենում փրկվել: Ո՞վ է Օգրը. որբանոցում մեծացած միստիկ արարած, մարդակերպ մի հրեշ, որն անուն ունի` Աբել, և որի էության մի կեսը քարից է, իսկ մյուսում սիրտ է տրոփում: Նա նույնիսկ սիրում է երեխաներին: Բայց ճակատագիրը, պատմության հետ համագործակցած, այդ սերն իսկական չարիք է դարձնում… Ջոն Մալկովիչի մարմնավորած հերոսի ապակե սառը հայացքը, դեմքի անկիրք արտահայտությունը, ամեն դեպքում, միանգամից չեն ներշնչում այն միտքը, թե մեր առջև մարդակեր է կանգնած, այն էլ` փոքրիկ տղաներին խժռող հսկա:
Շլյոնդորֆի կինոօբյեկտիվում նույն Մալկովիչը կերպարանափոխվում է, նրա հերոսն ասես վերահայտնաբերում է իր մոգական ծագումը, երբ որսորդական շների ուղեկցությամբ, ձի հեծած, շրջում է գյուղերում և մայրերից խլելով զավակներին` հավաքում, տանում է նրանց: Այդ տղաները, հայտնվելով պրուսական դղյակում, նվիրաբերվում են «երրորդ ռեյխի» գաղափարներին: Հիրավի, ինչ աբսուրդի ասես, որ ընդունակ չեն հիվանդագին դիսցիպլինի ջատագովները` հանձինս նացիստների, մասնավորապես` Գերինգի` Ֆոլկեր Շպենգլերի դիպուկ դերակատարմամբ: Կյանքը նացիստական ռեժիմի պլացդարմում որոշ առումով պիոներական ճամբարի չափազանցված առօրյա է հիշեցնում ֆիլմի սկզբում, սակայն կադրերում տիրող կարգուկանոնը հետզհետե կորցնում է հանդիսավորությունը` դառնալով տխրահռչակ գաղափարների հրդեհված հանգրվան:
Ինչպես նշեցինք, «Օգրը» ֆիլմում գլխավոր դերով հանդես է եկել ամերիկյան հանրաճանաչ կինոդերասան Ջոն Մալկովիչը: Թերևս ինչ-որ չափով նաև այս հանգամանքն է դեպի լայն հանդիսասրահ ճանապարհ հարթել եվրոպացի ռեժիսորի ֆիլմի համար: Շլյոնդորֆի մոտ հաճույքով են նկարահանվել նաև ամերիկյան դերասաններ Դասթին Հոֆմանը, Ֆեյ Դանաուեյը, Սեմ Շեփարդը և այլք: Կինոյին ամենայն խորությամբ վերաբերվող և իր կինեմատոգրաֆում լրջագույն հարցեր արծարծող Շլյոնդորֆը, այդուհանդերձ, այն կարծիքին է, որ ֆիլմերը չպետք է խրտնեցնեն զանգվածային հանդիսատեսին: Գուցե դա է պատճառներից մեկը, որ նրա ֆիլմերը հետաքրքրությամբ են դիտվում տարբեր պահանջներ և ընկալման մակարդակ ունեցող կինոսիրողների կողմից:
Սիրանույշ Գալստյան