IMG_1455Ստացված է համարվում այն ֆիլմը կամ մուլտֆիլմը, որի երաժշտությունը ներդաշնակ է կադրերին, թեմային ու հերոսների հոգեվիճակին, երբ ֆիլմն ու երաժշտությունը մեկ ամբողջություն են: Եթե առաջին իսկ նոտայից անմիջապես գլխի ես ընկնում, թե որ ֆիլմի մասին է խոսքը, ուրեմն այդ երաժշտությունը ծնվել է հենց այդ ֆիլմի համար. այլ կերպ լինել չէր կարող:

Այդպես մեր մանուկներն անգիր գիտեն իրենց սիրելի մուլտֆիլմերի երգերն ու երաժշտությունը: Իրականում դրանց մեջ կան բավականին բարդ ու հետաքրքիր սիմֆոնիկ գործեր, որոնք կարճ ժամանակում հիթային են դարձել ու գրավել ամբողջ մոլորակը: Խոսքն, իհարկե, ամերիկյան մուլտֆիլմերի մասին է, որոնք գայթակղում են բոլոր մանուկներին՝ առանց տարիքային ու ազգային խտրականության: Մուլտերի համար գրվում են առանձին երաժշտություն ու սաունդթրեքներ, որոնք կատարում են աշխարհի լավագույն նվագախմբերն ու երգիչները: Դրանք անգամ հեղինակավոր մրցանակներ են ստանում ու մուլտֆիլմին մեծ համբավ բերում:

IMG_1527Խաղի միջոցով երեխային երաժշտության հետ հաղորդակցելու մեթոդը հոգեբանները վաղուց են տարածել: Դասական երաժշտությունն այնքան էլ գրավիչ չէ մանուկների համար: Բայց մուլտֆիլմի միջոցով նրանք, փաստորեն, լսում են դասական արվեստ: Կինոյի, ավելի ճիշտ՝ մուլտֆիլմի միջոցով դասական երաժշտության վրա հրավիրել մանուկների ուշադրությունը. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական մտահղացումն է: Cartoon Non-Stop նոր նախագիծը Hollywood Non-Stop-ի շարունակությունն է: Հանրության կողմից սիրված Hollywood Non-Stop-ը, որ շրջեց նաև հանրապետության մարզերով, ներկայացվեց բուհերում, հաջողված սկիզբ էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այդ նախագծի օրինակով է մտահղացել Cartoon Non-Stop-ը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում 3 օր՝ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին վագախումբը փոքրիկ հանդիսատեսներին ներկայացրեց non-stop համերգային ծրագիր. մեծ էկրանին սիրված մուլտֆիլմերի կադրերն էին, բայց համր: Ֆիլմերի երաժշտությունն ապահովում էր երիտասարդական նվագախումբը: 18 մուլտի 19 սաունդթրեք է ընդգրկված ծրագրում: «Թոմն ու Ջերին», «Գեղեցկուհին ու հրեշը», «Սիմբան», «Շրեկը», «Մոխրոտը» և այլ մուլտֆիլմերի սիրելի հերոսներն էկրաններին էին, իսկ նվագախումբը կատարում էր արդեն հիթային դարձած մուլտ-երաժշտությունները: Նվագախմբային կատարումներից բացի, ծրագրում ընդգրկված էին սոլո երգեր ու նվագարանային գործեր՝ ըստ մուլտֆիլմի: Մայիսի 31-ի համերգին հրավիրված են եղել Գյումրու, Վանաձորի, Գավառի մանկատների երեխաները:

IMG_5601Նախագծի ամենամեծ գնահատականը փոքրիկների անկեղծ ուրախությունն ու հրճվանքն է: Մանուկների ծափ-ծիծաղով ու արձագանքներով էր ուղեկցվում յուրաքանչյուր հաջորդ կատարումը:

«Non-stop-ը համերգաշար է. այդպես է որոշված եղել հենց սկզբից: Տեսնելով, թե որքան սիրվեց Hollywood Non-Stop-ը, անմիջապես ծրագրվեց Cartoon Non-Stop-ը: Մտադիր ենք այս նախագիծը ևս ներկայացնել մարզերում: Hollywood Non-Stop-ի ժամանակ, եթե համերգները մարզերում նշանակվում էին, օրինակ, ժամը 17:00-ին, հանդիսատեսը ժամը 16:00-ին արդեն դահլիճում նստած էր լինում: Ապշեցուցիչ էր մարզաբնակների վերաբերմունքը սիմֆոնիկ երաժշտության նկատմամբ. գիտեին բոլոր ֆիլմերն իրենց երաժշտությամբ: Վստահ ենք, որ մարզերում Cartoon Non-Stop-ն էլ նույնքան բուռն կընդունվի ու կսիրվի հատկապես փոքրիկների կողմից: Իսկ երևանյան հանդիսատեսը գերազանցեց մեր սպասելիքները: Անշուշտ, համերգները կկրկնենք»,- երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով կայացած համերգից առաջ տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն ծրագրել է Non-Stop հաջորդ նախագիծը՝ դարձյալ համերգ՝ հիմքում կինոն: Բայց թե որ թեմայով, առայժմ գաղտնիք է:

Նաիրա Փայտյան