Ֆելինիի նկարներով մուլտֆիլմ կստեղծվի
Ֆրանսիացի նկարիչ-անիմատոր, «Իլյուզիոնիստ» մուլտֆիլմի ստեղծող Սիլվեն Շոմեն մտադիր է անիմացիոն ֆիլմ նկարահանել իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի աշխատանքային չհրապարակած գրառումներով և նկարներով: TheThousandMiles («Հազար մղոն») վերնագրով մուլտը կարտադրեն Մեծ Բրիտանիայում` լոնդոնյան Th1ng անիմացիոն ստուդիայում, հայտնում է Variety-ն: Ակնկալվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թվականի սկզբին:
Ժապավենն իրենից ներկայացնում է մուլտիպլիկացիայի և խաղարկային կինոյի սինթեզ: Գլխավոր դերը կխաղա իտալացի արքայազն Էմանուել Ֆիլիբերտոն: Նա հանդես կգա տարեց կոմսի դերում, ով մասնակցում է LeMilleMiglia («Հազար մղոն») հեղինակավոր ավտոմրցավազքին: Հիմնական դերասանական կազմը բաղկացած կլինի միջազգային աստղերից, երկրորդ պլանի դերերը կխաղան իտալացի դերասաններ: Ժապավենի մի մասը կնկարահանվի իտալական Cinecitta կինոստուդիայի «Բեմ 5»-ում, այնտեղ, որտեղ Ֆեդերիկո Ֆելինին նկահարահանել է իր ամենահայտնի ֆիլմերը` «Քաղցր կյանքը» և «Ութուկեսը»:
Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին «Օսկար» մրցանակների է արժանացել «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ութուկես» և «Ամարկորդ» ֆիլմերի համար, ինչպես նաև պատվավոր «Օսկարի»` կինոարվեստում ունեցած ավանդի համար: Հռչակավոր իտալացին այն հազվադեպ ոչ հոլիվուդյան վարպետներից է, որն արժանացել է այդ պարգևին: Ֆելինին համարվում է 20-րդ դարի առավել ազդեցիկ կինոռեժիսորներից մեկը:
Աղբյուրը՝ lenta.ru