Վայդայի ֆիլմերը Երևանում են
Լեհական կինոյում կես դարից ավելի իր ոսկե պատվանդանն է դրել Անջեյ Վայդան: Քաղաքական, պատմական, սոցիալական թեմաների նկատմամբ մոտեցումն ու ռեժիսորական լուծումները Վայդայի անունը համաշխարհային դասականների շարքն են դասել: 1997-ին՝ Ֆելինիից մահից հետո, Անժեյ Վայդան է ընտրվել Ֆրանսիայի գեղարվեստի կամ, ինչպես ընդունված է ասել, անմահների ակադեմիայի ցմահ անդամ: Այնքան մեծ է ակնածանքը Վայդայի նկատմամբ, որ նրան են տեսել որպես Ֆելինիի արժանի փոխարինողի:
Լեհական կինոյի նահապետը, որը նաև համաշխարհային կինոյի խոշորագույն վարպետներից է, 88 տարեկան է ու իր ստեղծագործական եռանդով, թարմ ու ժամանակակից մտածելակերպով կարող է մրցել ամենաերիտասարդ արվեստագետի հետ: Բավական է ասել, որ անցյալ տարի Անջեյ Վայդան նկարահանել է իր հերթական ֆիլմը՝ «Վալենսան»: Այդ ֆիլմով է «Մոսկվա» կինոթատրոնում բացվելու Անջեյ Վայդային նվիրված կինոշաբաթը: Հունիսի 4-9-ը մեծ էկրանի սիրահարները հնարավորություն ունեն դիտելու լեհ վարպետի՝ տարբեր ժամանակների վեց ՝ «Վալենսա», «Երկաթե մարդը», «Մարմարե մարդը», «Մոխիր և ադամանդ», «Գետնուղի» և «Խնկեղեգ» ֆիլմերը:
Կինոգետ, կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը Վայդային նվիրված կինոշաբաթի առիթով նկատեց. «Այս 6 ֆիլմերը սակավ պատկերացում կարող են տալ Վայդայի ստեղծագործական հսկայական ժառանգության ու նկարագրի մասին: Նա 54 ֆիլմ է նկարահանել, որից 40-ը՝ խաղարկային: Իսկ վերջին 10 տարում Վայդան կինոաշխարհում ունեցած իր աշխույժ ներկայությամբ ուղղակի զարմացնում ու հիացնում է: Պատերազմական դրամա թե սոցիալական թեմա, անհատի ողբերգություն թե ժողովրդական կյանք. ցանկացած թեմա Վայդայի ձեռքի տակ դառնում է համաշխարհային բարձրության կիոնմուշ: Նա էկրանավորումների ռեժիսոր է: «Ես փորձում եմ հուզել հանդիսատեսին»,-ասել է Վայդան: Իսկ նա մինչև ինքը չհուզվի, կինոդիտողին չի հուզի: Վայդան էկրանավորել է լեհ և համաշխարհային դասականների գրական գործերը: Կարդում է ստեղծագործությունը. հենց այն հույզեր պարգևեց, գիրքը բարձրացնում է մեծ էկրան»:
Դոստոևսկու «Ապուշն» ու «Դևերը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ժերոմսկու, Իվաշկևիչի ստեղծագործությունները Վայդայի շնորհիվ մեծ էկրանի գլուխգործոցներ են դարձել:
Վայդայի «Գետնուղի» պատերազմական դրաման Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի: «Մոխիր և ադամանդը», որ պատերազմի ողբերգությունն է ներկայացնում՝ արտացոլված հերոսների ճակատագրերում, Կաննի ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակն է ստացել: ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ է ստացել նաև 1976-ին նկարահանված «Մարմարե մարդը» ֆիլմը, իսկ «Երկաթե մարդն» արժանացել է «Ոսկե արմավենու»:
Վայդայի «Խնկեղեգ» հոգեբանական դրաման 2009-ին ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: 2013-ին նկարահանված «Վալենսան» պատմում է Լեհաստանի «Սոլիդարնոստ» շարժման մասին, որը ձեռնոց նետեց սովետական վարչակարգին ու հաղթեց:
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մեծ հպարտությամբ է պատմում իր հայրենակցի մասին. «Անջեյ Վայդան Լեհաստանի վերջին մեկ դարի պատմության վավերագրողն է: Բայց նա դա անում է գեղարվեստորեն, կինոյի՝ միայն իրեն հատուկ լեզվով: 1989-ի հունիսի 4-ին Լեհաստանում առաջին անգամ տեղի ունեցան ազատ խորհրդարանական ընտրություններ. արդյունքում «Սոլիդարնոստ» շարժումը հաղթեց, ու Լեհաստանում ստեղծվեց առաջին ժողովրդավարական կառավարությունը: Պատմական այս իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վրա: Այնտեղ տեղի ունեցան թավշյա հեղափոխություններ: Լեհ մեծ կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրումով փորձում ենք արժևորել լեհական պատմության արժանահիշատակ դրվագները, որոնք արտացոլվել են նրա ֆիլմերում: Այնպես որ Անջեյ Վայդան ոչ միայն կինոռեժիսոր է, այլև իր քաղաքացիական կեցվածքով ու հայացքներով շատ պատկառելի լեհ»:
Անջեյ Վայդան համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար 2000 թվականին արժանացել է «Օսկարի»:
Նաիրա Փայտյան