Շքամուտքից ներս 90-ականների Երևանում
«Շքամուտքը» կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանի նորամուտն է խաղարկային կինոյում` առաջին լիամետրաժ ֆիլմը, և նկարահանվել է «Արեմակ» ընկերության ֆինանսավորմամբ:
Իր դեբյուտային ֆիլմում Լուսինե Սարգսյանը սահուն կերպով ներդաշնակել է ազգային կինոյի ավանդույթներն ու վերջին շրջանում եվրոպական և ամերիկյան կինոյում խիստ ընդունված բազմանովել կինոպատումների հաջողված փորձը: Դեռ նախորդ դարի 60-70-ականներին` հայկական կինոյի վերելքի լավագույն տարիներին, սկսած Այվազյան-Մալյան ստեղծագործական զույգի «Եռանկյունուց», տարբեր սերունդների հայ ռեժիսորներ փորձել են իրենց ժամանակն ու ժամանակակիցների ազգային տեսակը խտացնել կինոյի խորհդանիշ- պատկերներում: Մի դեպքում դա փոքրիկ դարբնոցի մկրտիչներն են, մի ուրիշ դեպքում` մաթևոսյանական «օրինազանց» հովիվները:
Լուսինե Սարգսյանը ևս որոշակի իմաստով կամերային մի տարածք է ստեղծել իր կինոպատմության համար` սովորական երևանյան մի շքամուտք, որտեղ հարևանությամբ ապրող մարդիկ իրենց առանձին` անհատական պատմություններով միավորվում ու ստեղծում են 90-ականների Երևանի մի փոքրիկ մանրակերտ-մոդել: 5 նովել և 5 հեղինակ, որոնց միմյանցից անկախ ստեղծված պատմությունները ներկայացնում են 90-ականների դժվար տարիները, սկսված ու այսօր էլ չավարտված պատերազմի հեռավոր արձագանքները, պատերազմական կորուսյալ սերնդի բարոյական ու ոչ միայն բարոյական կորուստները. մի խոսքով, անկախացող հայրենիքի տարատեսակ ցնցումներով ու պատերազմով բեկված մարդկային ճակատագրեր, որոնք առաձին նովելների դեպքում նաև իրական- փաստագրական հիմք ունեն:
Այս հանգամանքը, թերևս, պայմանավորված է նաև այն փաստով, որ 5 հեղինակներից 3-ը` Գնել Նալբանդյանը, Հարություն Հարությունյանը և Կարինե Խոդիկյանը, լրագրողական երկարամյա կենսագրություն ու փորձառություն ունեն: Նովելներից ամենատպավորիչը , որ ստեղծվել է Հարություն Հարությունյանի «Մի գնա» պատմվածքի հիման վրա, կորուսյալ սերնդի դասական պատմություն է արցախյան ազատամարտից վերադարձած ու երևանյան իր դատարկ բնակարանում մարգինալի կարգավիճակում հայտնված երիտասարդի մասին: Շանթ Հովհաննիսյանի չափազանց նուրբ, զուսպ և տպավորիչ կերպավորմամբ հերոսի երջանկության անհնարինության համոզմունքը նահանջում է անսպասելի ու անխարդախ սիրո առջև: Պատմվածքի գաղափարն էլ, ըստ Հարություն Հարությունյանի, ծնվել է կորստի ցավից. «Նովելիս հիմքում իմ սերնդի կորուստն է, որովհետև իմ սերունդը, որ պայքարեց, կռվեց, գուրգուրեց ձեռք բերած անկախությունը, իր շնչով մութ ու ցուրտ տարիներին տաքացրեց- պահեց ձեռքբերումը, հետո հանկարծ հայտնվեց «լուսանցքից դուրս» վիճակում: Կորուստների մի ամբողջ շարք կա այս նովելում, ընկերների կորուստ մարտի դաշտում, հաղթանակած տղաների արտագաղթ երկրից, սիրո, ընտանիքի, ծնողի կորուստ, բայց այս բոլորի կողքին կյանքը շարունակվում է, և այն շարունակվում է երկրի, ընտանիքի, գտնված հարևանուհու հանդեպ սիրո տածումով: Ու կա կռիվ. կռիվ ստեղծված վիճակի ու անզորության համար, բողոք անտարբերության դեմ, բայց նաև ուժ՝ ոտքի կանգնելու և կյանքը կրկին նույն կերպ ապրելու համար»:
«Շքամուտքի» ընդհանուր ներդաշնակությունն ամբողջանում է խիստ գերող առաջին նովելով` հրաշալի դերասանախմբով `Արթուր Կարապետյանի ու Արմեն Համբարձումյանի ստեղծած անմիջական ու ջերմ կերպարներով և անհեթեթ իրավիճակում հայտնված մարդկանց պարզ, նախանձելիորեն անկեղծ փոխհարաբերությունների մասին պատմությամբ, բանակային ընկերների հավատարմության փորձաքարը դարձած չարաբաստիկ կոստյումի մասին Գնել Նալբանդյանի նովելով և իհարկե լավագույն` «Մի գնա» կինոնովելով: Սակայն այս ներդաշնակությունը փոքր-ինչ խաթարվում է հայկական զույգի Լեհաստանում սկսված սրավեպի շինծու ու արհեստական պատմությամբ և վերջին` հղի կանանց մասին պատմվածքի բարձրագոչ հայրենասիրությամբ:
Այդուհանդերձ, շնորհավորանքների հետ միասին Լուսինե Սարգսյանին ուղղեցինք «Կինոաշխարհի» հարցերը նախա- և հետդեբյուտային ընթացքի մասին, մանավանդ որ իր առաջին ֆիլմով ռեժիսորն ընտրել է ոչ դյուրին ճանապարհ ու փորձել է ի սկզբանե կախում չունենալ պետական ֆինանսավորումից:
–Ձեր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է, և ամենից առաջ ուզում եմ հարցնել` դժվա՞ր է այսօր Հայաստանում կինո նկարելը:
– «Շքամուտք» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ինձ համար դեբյուտ է, բայց մինչև այդ ես 12 տարի աշխատել եմ բազմաթիվ ֆիլմերում և հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում ֆիլմ նկարելն իրոք բավական բարդ է թեʹ ֆինանսական առումով ՝ անկախ ֆիլմի բյուջեից, թեʹ մասնագետների բացակայության պատճառով:
– Երբ խոսվում է հայկական կինոյի ճգնաժամի մասին , առաջին փաստարկը , որ բերվում է, ֆինանսների խրոնիկ պակասն է: Եթե չեմ սխալվում, Ձեր դեպքում պետական ֆինանսավորում ընդհանրապես չի եղել , և մեծ գումարներ չեն ներդրվել: Ի՞նչ եք կարծում, լավ կինոյի համար պարտադի՞ր պայման է մեծ բյուջեն :
– Եթե այսօրվա հայկական կինոն համեմատենք տասը տարի առաջվա հետ, կարող եմ ասել, որ ի ուրախություն մեզ, այն արդեն ճգնաժամի մեջ չէ: Ինչ վերաբերում է ֆինանսների խրոնիկ պակասին, իսկապես ֆիլմարտադրությունը շատ ծախսատար պրոցես է, բայց լավ կլիներ, որ ուշադրություն դարձնեինք նաև դրամատուրգիայի պակասին: Լավ կինոյի համար առաջին հերթին պարտադիր պայման է լավ սցենարը: Ցավոք, այսօր ռեժիսորները ստիպված են ևʹ գրել, ևʹ նկարել, ևʹ նույնիսկ ֆինանսներ գտնել, ինչն ակնհայտորեն իր հետ որակական խնդիրներ է բերում: Իհարկե, միջազգային կինոշուկա դուրս գալու համար անհրաժեշտ են որակական չափանիշներ, որոնք պահանջում են ֆինանսներ, բայց եթե ունես հետաքրքիր գաղափար, կարելի է գտնել ժամանակակից կինոյի որևէ ձևաչափ այն ներկայացնելու համար:
– Ֆիլմի առանցքում տրամագծորեն տարբեր հեղինակների 5 նովելներ են: Նախ` ինչպե՞ս ծնվեց նրանց նույն ֆիլմում միավորելու գաղափարը , և սցենարական տարբեր ոճերը չէ՞ին խանգարում կինոպատումի ընդհանուր միասնականությանը:
– Գաղափարը շատ պարզ հիմնավորում ունի` ինչպես իրական կյանքում նույն շքամուտքում ապրող ընտանիքների տարբերությունն է, այնպես էլ ֆիլմում տարբեր հեղինակների պատմություններով և տարբեր օպերատորների ձեռագրով փորձել եմ ստանալ այդ տրամադրությունը: Նախաձեռնությունը մի քիչ ռիսկային է, քանի որ կինոն չպետք է իրական կյանքի պատճենը լինի, և, իհարկե, անսովոր է մի ֆիլմում տեսնել 5 տարբեր ոճի պատմություններ, բայց նրանք միավորվում են գաղափարի մեջ, որի հիմքում ընկած են 90-ականները` որպես իրականություն և հետևանք: Ասեմ նաև, որ հարևանները հանդիպում են հիմնականում հենց շքամուտքում, բացառությամբ մի կերպարի, որը կա երկու նովելում: Իմ սուբյեկտիվ կարծիքով` կինոպատումը միասնական է այնքան, ինչքան իրականությունը:
– Հիմա ,երբ ֆիլմն արդեն սկսել է իր էկրանային կենսագրությունը, հետադարձ հայացքով գնահատելիս շատ ավելի տեսանելի են ֆիլմի ուժեղ և թույլ կողմերը: Ձեր կարծիքով ի՞նչն է հաջողվել և հակառակը:
– Ցանկացած ֆիլմ ունի ուժեղ և թույլ կողմեր, և միշտ էլ ավարտելուց հետո շտկելու բան լինում է: Կարծում եմ` հաջողվել է ստեղծել 90-ականների տրամադրությունը շատ պարզ, մարդկային պատմությունների միջոցով, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն ճանաչել, ինչպես նաև այն ջերմությունը, որ կար 90-ականներին և որի շնորհիվ մարդիկ ուժ գտան հաղթահարելու դժվարությունները: Ամենակարևորը` ֆիլմում կա լավատեսություն ու ապագայի հավատ: Ինչ վերաբերում է վրիպումներին, մի քիչ դժվարամարս է ժամանակաշրջանների համադրումը, գուցե պետք էր հաջորդական ներկայացնել պատմությունները:
– Չնայած 90-ականների դժվար ժամանակներին` «Շքամուտքի» ընդհանուր տրամադրությունը լավատեսությունն է և մարդկային հարաբերությունների ու որոշակի արժեքների գերակայությունը: Եթե նկարեիք 2010-ականների «Շքամուտքը», ի՞նչպիսին կլիներ այն:
– Հարցն ինքնին ստիպում է պատմել նկարահանումների ժամանակ եղած անակնկալների մասին: Այն շքամուտքը, որտեղ հավաքված են ֆիլմի պատմությունները, գտնվում է Երևանի կենտրոնում, և կարծես թե միակն է իր տեսակի մեջ: Նկարահանումների ընթացքում մեր առջև բացվեց ընդամենը 4-5 դուռ, մյուսները կաʹմ ընդհանրապես փակ էին՝ երկրում չէին, կաʹմ էլ բնակիչները խոսում էին դռան հետևից խիստ բացասական վերաբերմունքով: Անկախ նրանից, որ ականատեսն ենք մարդկային տեսակի ձևափոխման, միևնույն է, ինձ համար շատ մեծ շոկ էր ու մեծ ցավ էի ապրում` հիշելով իմ մանկության Երևանը:
– Ի՞նչ թեմայի կանդրադառնաք Ձեր հաջորդ ֆիլմում:
– Այս պահին արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները. «Թափանցիկ տանիքները» լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որը պատմում է կին – տղամարդ հարաբերությունների ու նրանց առօրյա մենակության մասին: Սցենարի հեղինակը Լիլիթ Արզումանյանն է, և սցենարը գրվել է հենց Լիլիթի գրական ստեղծագործությունների հիմքով: Այս նախագիծը շատ ավելի վաղուց է ստեղծվել, քան «Շքամուտքը», սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով հետաձգվել է: Այս տարի մենք ստացանք Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը, որը որոշիչ եղավ ֆիլմի համար: Հիմա արդեն պետք է փորձենք արդարացնել ֆինանսավորողների վստահությունը:
Նունե Ալեքսանյան