Միխալկովը դատարան չի մտնի, բայց դեմ չէ, եթե դա անեն իր գործընկերները

ՌԴ կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովն այսօր` հունիսի 19-ին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մեկնաբանել է կինովավերագրող Վիտալի Մանսկու` այլընտրանքային Կինոմիության ղեկավարներից մեկի արտահայտած մտքերը:

36-րդ Մոսկվայի կինոփառատոնի բացմանը նախորդող մամլո ասուլիսում հրապարակվեց ուկրաինական կայքերից մեկին տրված հարցազրույցից մի հատված, որում Մանսկին Միխալկովին որակում է անպատշաճ բառով և հայտարարում, որ նա «պայքար է մղում եվրոպական արժեքների դեմ»:

Միխալկովին հարցրել են, թե մտադիր չէ՞ արդյոք դատի տալ Մանսկուն: «Դատի պիտի տա Կինոմիությունը, եթե նրա դեմքն է. և դա սարսափելի է,- ասել է ռեժիսորը:- Եթե նա դեմք է, նշանակում է պարոն Մանսկին ղեկավարում է մանր, չարացած, շատ նախանձ մարդկանց: Նա քողազերծեց նրանց,  որոնց ներկայացնում է: Ինձ համար ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ ես պառակտման դեմ եմ» (Կինեմատգրաֆիստների միությունից հեռացել և Կինոմիություն են գնացել կինոգործիչներ, որոնք համաձայն չեն Միխալկովի քաղաքականությանը-ԻՏԱՌ ՏԱՍՍ):

«Ես չեմ պատրաստվում դատի տալ, չեմ համարում, որ ինձ վիրավորել են,- նշել է ռեժիսորը,- բայց եթե Կինեմատոգրաֆիստների միությունը, իսկ խոսքը մոտ 5 հազար մարդու մասին է, որոշի, որ վիրավորել են ղեկավարին, ես դրա դեմ ոչինչ չեմ անի»: Ըստ Միխալկովի կանխատեսման, եթե Կինեմատոգրաֆիստների միությունը դատի տա, ապա կշահի դատը: Այդ դեպքում ստացված միջոցները կուղղվեն ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության կարիքավոր անդամների օգնությանը:

Ռուսաստանի դեմ քաղաքական պատժամիջոցները հարվածել են նաև փառատոնին

Նիկիտա Միխալկովը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի դեմ քաղաքական պատժամիջոցներն անմիջական բացասական ազդեցություն են ունեցել 36-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի վրա:

«Փառատոնը չի մեռնում,- ասել է փառատոնի նախագահը:- Խնդիրներն առաջացան` կապված մեր դեմ պատժամիջոցների հետ: Մեկը զգուշանում է, մի ուրիշը` վախենում: Անդրադարձել է դա փառատոնի վրա, չեմ կարող թաքցնել: Եվ շատ տարօրինակ կլիներ, եթե  ամբողջ Ռուսաստանի վրա անդրադառնար, իսկ կինոփառատոնի վրա` ոչ: Դա անախորժ է, բայց դրական բան էլ կա,- շարունակել է նա:- Իրական անհրաժեշտություն կա դիմելու ինքներս մեզ: Անձամբ ես զգում եմ, որ անկախ լինելու և Ռուսաստանին պատժելու ձևակերպման դեմ բողոք հայտնելու ցանկություն է առաջանում»:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահը հույս ունի, որ այն հանգիստ կանցնի: Նա հայտարարել է, որ ցուցադրությանը ներկայացվել են 61 երկրների աշխատանքներ` 397 գեղարվեստական ֆիլմ, մինչդեռ սկզբում ուղարկվել է 1144 ֆիլմ: «Վերջին հաշվով, սա այնքան էլ վատ չէ: Համոզված եմ, որ նրանք, ովքեր ուզում են զգալ ու հասկանալ, թե ինչպիսին է այսօր համաշխարհային կինոն, կարող են դա անել, եթե հաջողվի տոմսեր ձեռք բերել»,- ասել է նա:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ