IMG_1916Հեքիաթը սցենարիստ, դերասանուհի, պրոդյուսեր, գրող Արմինե Անդայի համար դեռ փոքր տարիքից եղել է ամենահարազատ աշխարհը: Ֆիլմ նկարելուց դեռ շատ առաջ Արմինեն հեքիաթներ է գրել: «Ժաննան և ձայները» ֆիլմից հետո նա ծրագրում է նկարահանել հեքիաթ-ֆիլմ: Հայ գրականությունը հեքիաթներով հարուստ է, բայց դրանց էկրանավորման փորձեր հազվադեպ են եղել. խոսքը մուլտֆիլմերի մասին չէ, այլ խաղարկային ֆիլմերի: Եզակիներից է  Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը:

Արմինե Անդայի նոր ֆիլմը ֆանտազիայի ժանրից է լինելու: Հեղինակը դժվարանում է ասել՝ ավելի շատ հեքիաթի՞, թե լեգենդի տարրեր է պարունակելու այն: Ֆիլմը պատմելու է Միգուի մասին, որն ուրիշ մոլորակից գալիս է Երկիր՝ վաղուց կորած իր փոքր եղբորը փնտրելու: Սյուժեի մասին ավելին չի պատմում Արմինեն, որովհետև ֆիլմի աշխատանքները նոր են սկսվում. գաղտնիքներ ու հստակեցնելու ենթակա աշխատանք կա դեռ:

Երևակայությունը միշտ մարդուն ուղեկցում է, ու դժվար է ասել՝ երևակայության ծնունդ պատմություննե՞րն են ավելի իրական, թե այն իրականությունը, որտեղ ապրում է մարդը: Իրականության ու երևակայության բաժանումը պայմանական է: Արմինե Անդան իր նոր ֆիլմով ցույց է տալու իրականի ու երևակայականի միացման ու բաժանման սահմանները: Իսկ մինչ ֆիլմի նկարահանումները, նա նախապատրաստական փուլեր է անցնում: IMG_1888Այդ ընթացքը վճռորոշ է, քանի որ Արմինեն աշխատում է երեխաների հետ, որոնցից շատերը դառնալու են իր ֆիլմի հերոսները: «Միգու» մուլտի-պլատֆորմը մեծ նախագիծ է, որտեղ «Միգուի լեգենդը» ֆիլմ-հեքիաթը վերջին՝ ավարտուն ու ամբողջացնող դեր է ունենալու: Դրան նախորդելու են մյուս պլատֆորմները, որոնք, ըստ էության, ֆիլմի  նախապատրաստական փուլերն են և հասունացնելու, ավարտին են հասցնելու «Միգուի լեգենդի» գաղափարը: Այդ մեդիա-հարթակներում Արմինե Անդայի կողքին դարձյալ երեխաներն են լինելու՝ իրենց երևակայական պատմություններով, ազատ մտքերով ու կարծիքներով: Երեխաների չմիջնորդավորված վերաբերմունքն ու արձագանքն ամենաիրական գնահատականներն են: Արմինեն ապավինելու է մանուկների պատմություններին ու դերասանական չխաղացվող խաղին:

Արմինեն ինտերնետային կայք է ստեղծելու, որտեղ  ընթերցողին է ներկայացնելու  իր գլխավոր հերոսի՝ Միգուի մասին պատմությունները: Լինելու է նաև կենդանի շփում երեխաների հետ՝ դարձյալ հեքիաթի աշխարհում: Փոխադարձ շփումը նոր պատկերացումներ կտա, թե ինչն է հետաքրքրում այսօր մանուկներին, ինչ տեսլական  ունեն նրանք հեքիաթի աշխարհի, ֆիլմի մասին:

poster exhibition 1Արմինեն ու երեխաները երկուստեք վարպետության դասեր են անցկացնում, որոնց ընթացքում միմյանց են հաղորդում իրենց մտքերը, երևակայական պատմությունները: Գործի է դրվում մանուկների՝ հորինելու ընդունակությունը, որը բացահայտում է նրանց ենթագիտակցության շերտերը:  Հայտարարվել է նաև լուսանկարչական մրցույթ պարի թեմայով: Սա նույնպես ֆիլմի նկարահանումներին ընդառաջ է:

«Միգուի լեգենդը» ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է: Արմինեն դարձյալ փնտրելու է տարբեր տարիքի երեխաների, որոնք խաղալու են իր ֆիլմում: Դերասանների 90 տոկոսը նրանք են լինելու: «Միգու» մուլտի- պլատֆորմը ստեղծագործական հարթակ է լինելու մեծերի ու փոքրերի համար,  իսկ ֆիլմ-հեքիաթը՝  ստեղծագործական գործընթացի արդյունքը:

Նաիրա Փայտյան