«Շքամուտք»Թվում էր` մինչև «Ոսկե ծիրանը» որևէ նշանակալից կինոիրադարձության առանձնապես չպետք է սպասել, բայց ահա կայացավ «Շքամուտք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան (ու փաստորեն ոչ առանց «Ոսկե ծիրանի», որին հատուկ շնորհակալություն հայտնեց ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը):
Սա Լուսինե Սարգսյանի դեբյուտային աշխատանքն է: Ֆիլմ, որ թերևս ապրիորի պիտի mustsee («պարտադիր դիտում» շարքից) համարվի յուրաքանչյուր հայաստանցու համար, որ «անցել է 90-ականները». Ալլեգրովա է լսել, ազատամարտիկ է կորցրել, կորցրել իրեն, Ռուսաստանից լուր ստացել, որ իր ընտանիքի հայրը «մի ռսի վրա նստել ա», որ տոկոսի տակ է եղել, «լևի լույսով» կամ մարտկոցով «Սանտա Բարբարա» նայել հարևանների հետ, «լևի լույս գուցե չի ունեցել, բայց «լևի հույս» միշտ ունեցել է, և այլն, և այլն: Ֆիլմը լայն իմաստով հետադարձ հայացք է մեր հենց այդ ընդհանուր անցյալին՝ «մութ ու ցուրտ տարիներին», ինչպես հիմա մի տեսակ նոստալգիկ ձևով անվանում ենք այդ դժոխքը (մենք էլ դժոխքի մեր անվանումն ունենք), որը դեռ մինչև վերջ գուցե չենք էլ գիտակցել ու «տակից դուրս եկել», որովհետև դրա վերարժևորման, արտացոլման փորձերով ենք զբաղված. իրականում մեր իրականության մեջ շատ բան հենց այդ փորձերի վրա է հիմնված՝ շատ լայն իմաստով:
Մեր փորձառության վերարժևորման այս կինոփորձը բաղկացած է 5 պատումից, որոնք գրական հենք ունեն. պատումների սցենարները հեղինակել են «գրել-ջնջելու» հետ կապված քիչ թե շատ հայտնի անուններ: Նրանք, ովքեր ծանոթ են այդ հեղինակների գործերին, շատ հեշտ կկողմնորոշվեն՝ որ պատումն ումն է: Դրանց կինեմատոգրաֆիականությունն ավելի լայն քննարկման հարց է: Պետք է, սակայն, ողջունելի համարել կինոարտացոլման նման փաստը: Իսկ փաստը հետևյալն է. ամբողջ 25 տարին, խիստ տարբեր հաջողություններով, ի մի է բերվել 5 նովելով՝ «մենք ենք մեր դարդերը» ձևաչափով:
Պոստֆակտում կինոանդրադարձը «մութ ու ցուրտին» տրագիկոմեդիայի ոգով վերաիմաստավորման փորձ է թվում ֆիլմի սկզբում: Հետո մտածում ես, որ մյուս պատումը նույն հաջողությամբ կարող էր հեռուստատեսային մանրապատում դառնալ, մեկ ուրիշը՝ ավելի շատ ռեպորտաժի նյութ:
Կան նաև այնպիսի պատումներ, որոնք առանձնանում են մեր կինոյին բնորոշ այնպիսի կողմով, ինչպիսին է տեղին ասված ձևակերպումը, որ հետո թևավոր խոսք է դառնում (երևի թե էլի տարբեր հանդիսատեսի ապրածի ընդհանրության բերումով): «Շքամուտքում» ամենից հագեցածը, ներքին դրամատուրգիայի առումով կայացածը և լիարժեքը հաշմանդամ ազատամարտիկի մասին պատումն է, որում գլխավոր դերակատարը ավելի շատ Նժդեհի դերակատարումով հայտնի Շանթ Հովհաննիսյանն է: Սյուժեի առանձնահատկություններից տպավորություն է ստեղծվում, թե այս պատումին նաև խրոնոմետրաժի առումով ավելի մեծ տեղ է հատկացված ֆիլմում, քան մյուսներին:
Հոծ դերասանական կազմից, փորձառու Շանթ Հովհաննիսյանից բացի, կառանձնացնեի նաև էպիզոդիկ դերով (նույն պատումում) հանդես եկած Սաթենիկ Հախնազարյանին և եզրափակիչ՝ «կանացի» պատումի դերակատարուհի, հաղորդավարուհի (իրականում պրոֆեսիոնալ դերասանուհի) Հերմինե Ստեփանյանին՝ մեր հեռուստատեսության այն սակավ դեմքերից մեկին, որ անչափ կեպարային է, հետաքրքիր:
Առհասարակ վերջին նովելը ցույց է տալիս, թե ինչ կոլորիտային կարող են լինել մեր կանայք կինոյում (նաև այս, ոչ միայն սերիալային ձևաչափում):
Խոսելով ձևաչափերի մասին՝ ասեմ, որ ֆիլմի ալմանախային կառուցվածքը ժամանակակից կինոյի ամենաբնորոշ կողմերից է: Բայց ի տարբերություն համաշխարհային միտումի, որի դեպքում տարբեր ռեժիսորներ են նկարահանում միևնույն ֆիլմի տարբեր պատումները, այս դեպքում Լուսինե Սարգսյանը նկարահանել է բոլոր մասերը, ինչը նույնպես հետաքրքրական է: Այս փուլում արձանագրեմ միայն, որ այս աշխատանքը տարբերվող է մեր նոր կինոյի կտրվածքով:
Ինքը` ռեժիսորը, պրեմիերայի ժամանակ իր աշխատանքը արտհաուսային, ապա հեղինակային կինո որակեց: Սակայն ֆիլմը, ըստ իս, չունի արտհաուսայինի փառատոնային պոտենցիալը. ֆիլմը լայն առումով «արտահանելի» փառատոնային չէ, ցավոք, քանի որ շատ նեղ ազգային է՝ մի տեսակ «մեր դարդերի մասին՝ մեզ համար»: Թվում է՝ որքան ֆիլմը հասկանալի, մոտ է հայաստանցի հանդիսատեսին, պիտի որ նույնքան անհասկանալի լինի արտասահմանցի հանդիսատեսի համար, որը գուցե հնարավորություն ունենա որևէ փառատոնում տեսնելու այս աշխատանքը:

Առանձնակի ուզում եմ նշել, որ ֆիլմի պաստառի, հրավիրատոմսի ձևավորումն ու ոճավորումը մեծ պլյուս են աշխատանքին, լրացուցիչ հուշում են մոտեցումների և մտադրությունների մասին: Ինչպես նաև այն բանի, որ Լուսինե Սարգսյանի, թիմի ու դերակատարներից ոմանց հետագա համագործակցությունը ավելի կարևոր արդյունքներ է տալու իսկապես գնահատող հանդիսատեսին:

Դավիթ Պ. Վարդազարյան