Բուբայի կինոն ու երգը
Վախթանգ Կիկաբիձեն՝ նույն ինքը՝ Բուբան, Երևանում է հոբելյանական համերգի առիթով: «Մեցցո» ընկերությունն է նրան առաջարկել, որ համերգային շրջագայությունների հերթական հանգրվանը Երևանը լինի, Բուբան էլ սիրով համաձայնել է: Թե երբվանից են իրեն սկսել Բուբա անվանել, չի հիշում, ասում է, որ այդպես է եղել միշտ: Հայաստանում շատ ընկերներ ունի, իսկ որ ամենակարևորն է՝ անցյալի թանկ հուշեր են նրան կապում մեր երկրի հետ: Կինոն ու երգն արդեն մի քանի տասնամյակ զուգորդվում են նրա կյանքում: Երաժշտության աշխարհ շատ պատահական է մուտք գործել: Համերգից առաջ պարզվել է, որ հարվածային գործիքներ նվագող երաժիշտը հիվանդ է, չի կարող գալ: «Մերը տոհմական առանձնահատկություն է. ես ինչ հիշում եմ ու գիտեմ մերոնց, բոլորը ծնվելուն պես ինչ-որ բանով սեղանին կամ որտեղ պատահի, հարվածում են: Ես էլ եմ ժառանգել այդ հատկությունը: Երեխա ժամանակվանից փայտիկով կամ, ինչ ձեռքս ընկներ, այսուայնտեղ եմ հարվածել: Այդ օրն էլ վերցրի փայտիկները, նստեցի հարվածային գործիքների առաջ, ու կարծես այդպես էլ պիտի լիներ, ամբողջ համերգին նվագեցի»,-հիշում է Կիկաբիձեն իր կյանքի բեմելի առաջին դիպվածը:
Վաղ տարիքում առաջին անգամ տեսել է քառակուսի հսկայական բարձրախոսը, սիրահարվել, ու այդ օրվանից նրան ոչ ոք փողոցում չի տեսել: Վճռել է՝ պիտի երգի, մինչդեռ մինչ այդ, երազել է նկարիչ դառնալ՝ մորը գցելով գլխացավանքի մեջ. ինչպե՞ս է իր տղան 8 քմ. սենյակում նկարելու:
Շատ կոմպոզիտորներ են հատուկ Կիկաբիձեի համար երգեր գրել: Հիմա նրանք չկան, իսկ երիտասարդներին Բուբան չի վստահում: Գերադասում է ինքը գրի իր երգերը. այդպես էլ անում է: «Այն տարիքում եմ, որ չգիտեմ՝ վաղն ինչ կլինի ինձ հետ: Դրա համար էլ որոշեցի հոբելյանական համերգաշար անցկացնեմ տարբեր երկրներում, խորագիրը՝ «Իմ տարիներն իմ հարստությունն են»,-ասում է Կիկաբիձեն:
Ալեքսանդր Հեքիմյանի «Իմ տարիներն իմ հարստությունն են» հայտնի ու սիրված երգը սովոր ենք լսել Կիկաբիձեի շուրթերից: Թե ինչպես նա երգեց այդ ու Հեքիմյանի մյուս երգերը, արտիստը պատմում է. «Մի օր ՊԱԿ-ի աշխատակիցները եկան ինձ մոտ ու ասացին, որ ինչ-որ մեկն ուզում է տեսնել ինձ, երգեր է բերել, որ ինձ ձայնագրի: Գնացի. տեսնեմ գեներալի ուսադիրներով ու համազգեստով մի մարդ է նստած: Չէի ճանաչում նրան, համազգեստն էլ մի տեսակ վանում էր: Նա Ալեքսանդր Հեքիմյանն էր: Գնացինք ձայնագրման ստուդիա: Մելիք Մավիսակալյան հրաշալի դիրիժոր-կոմպոզիտորի հետ էի համագործակցելու: Ասացի. «Մի շիշ կոնյակ բերեք»: Բերեցին կոնյակը. շիշը դատարկեցի ու սկսեցի երգել բոլոր 16 երգերն իրար հետևից: Այդպես սկսվեց մեր ծանոթությունն ու մտերմությունը Հեքիմյանի հետ: Իսկ արդեն մեկ տարի անց ես նրանց տանն էի, ու նրա կինը մեզ համար պստլիկ տոլմաներ էր փաթաթում»:
Խաչիկ-Վալիկո զույգը սովետական կինոյում անմրցելի է: Բուբան ասում է. «Այդ հերոսները վաղուց կարմիր գրքում են, նրանց նմաններն էլ չեն ծնվում»: Էկրանավորումից մեկ տարի անց «Միմինոն» արդեն դիտել էր մոտ 25 միլիոն մարդ: Այդ ֆիլմում նկարահանվելով՝ Մհեր Մկրտչյանն ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ: «Միմինոն» մտերմացրեց Մհեր Մկրտչյանին ու Վախթանգ Կիկաբիձեին:
«Դանելիան է «մեղավոր» մեր բարեկամության համար: Գնացի Մոսկվա՝ նկարահանումների: Նկարվում էինք, խաղում էինք, ու չէի հասկանում՝ ախր դա ինչ ֆիլմ է, ի՞նչ է ստացվելու դրանից: Հետո, երբ նկարահանումներն ավարտվեցին, ու ֆիլմն ի մի բերվեց, հասկացա, թե Դանելիան ինչ է արել: Ֆրունզիկի հետ հենց այդ ժամանակ մոտիկից ծանոթացա: Նա մեծ արտիստ է, ափոսոս, որ մահից հետո են մարդիկ հասկանում դա: Թեև գիտեմ, որ Ֆրուզիկին հայ ժողովուրդն այլ կերպ է վերաբերվում: Միշտ լսում էի՝ տխուր աչքերով ու բացառիկ հումորով արտիստ: Չէի հասկանում՝ ինչու են նրա մասին այդպես ասում: Հետո, երբ իմացա, թե անձնական ինչ ողբերգություն է նրան բաժին ընկել, հասկացա Մհերի աչքերի տխրության պատճառը: Իմ կյանքում երկու մարդու եմ հանդիպել, որոնք հումոր էին անում, անեկդոտ պատմում, ուրիշները ծիծաղում էին, իսկ իրենք լուրջ-լուրջ նայում էին նրանց՝ Մհեր Մկրտչյան ու Յուրի Նիկուլին»,- ավելացրեց Կիկաբիձեն:
Կյանքը Բուբան ամենաիմաստ երևույթն է համարում: Տուն սարքել, զավակներ ունենալ, ծառ տնկել. այս արժեքներից բացի, մնացածն անհեթեթություն է համարում: Կիկաբիձեն գիրք է գրել. համարյա ավարտել է ու պատրաստվում է հանձնել տպագրության: «Նրանք». այսպես է վերնագրել, որը պատմելու է կովկասցիների մասին:
Կինոառաջարկներ շատ է ստանում, բայց հաճախ է մերժում: Կտրականապես հրաժարվում է սերիալներում նկարահանվելուց, իսկ եթե այս կամ այն ռեժիսորի առաջարկն ընդունում է, ուրեմն դա անում է իր համար շատ թանկ մարդկանց հորդորով ու միջնորդությամբ: Օրինակ՝ անցյալ տարի նկարահանվելով երիտասարդ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում՝ Կիկաբիձեն հրավերն ընդունել է միայն նրա համար, որ Մհերը Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:
Նաիրա Փայտյան