Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1967ֆիլմի վերականգնումը, որ Համաշխարհային կինոյի հիմնադրամի նախաձեռնությունն է, արդեն ավարտված է և ցուցադրվելու է  2014 թ. Կաննի միջազգային կինոփառատոնում՝ «Կաննի դասականները» արտամրցութային ծրագրում։ Այս մասին «Կինոաշխարհին» տեղեկացրեց  վերականգնման գործընթացի պատասխանատու, մենեջեր  Սեսիլիա Սենսիարելին:

Սենսիարելին վերականգնման գործընթացն սկսվելու առաջին իսկ օրվանից  հետևում է այդ աշխատանքներին, բացառությամբ տեխնիկական հատվածի։ Եվ հիմա Հայաստան էր ժամանել` հանդիպելու այն մարդկանց, որոնք մոտիկից գիտեին  Փարաջանովին, աշխատել են  նրա հետ և մասնակցել «Նռան գույնի» նկարահանումներին։

Երևանում գտնվելու երեք օրերի ընթացում Սենսիարելին հանդիպել է մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, բալետմայստեր Վիլեն Գալստյանի, նկարիչ-ձևավորող Ստեփան Անդրանիկյանի, Ս․Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ, որոնք Փարաջանովի ու «Նռան գույնի» նկարահանումների հետ կապված բազմաթիվ հուշեր ու մանրամասներ են պատմել  նրան։

DSC03357Դա վերականգնման աշխատանքների կարևոր մասն է, քանի որ հետագայում նաև գիրք է պատրաստվելու, ինչպես մյուս նախագծերի դեպքում է եղել։ Իհարկե, տպագրությունն ավելի ուշ կլինի,- ասաց նա։- Ես չափազանց ուրախ եմ  բոլոր հանդիպումների համար։ Ֆիլմի վերականգնում նշանակում է նաև ֆիլմին երկրորդ շունչ տալ,  վերադարձնել մեծ էկրան,  և այդ աշխատանքը լավ կատարելու համար անհրաժեշտ է  հետ գնալ դեպի ակունքները: Ակունքներին կարելի է վերադառնալ  ոչ միայն հարցազրույցներ, հոդվածներ կարդալով, այլև անմիջական շփումներով և ամեն ինչ մեկտեղելով:

Առաջին տպավարությունս  այն է, որ Փարաջանովը շրջապատել էր իրեն յուրահատուկ մարդկանցով, որոնք առաջադեմ էին այն ժամանակներում: Չնայած 1969 թվականից հետո շատ բան է փոխվել, մարդկանց հետ խոսելիս հասկացա, որ նրանք կասկածի տակ չեն դնում նրա հանճարը, նրա տեսակը: Եվ հետաքրքիր է, որ բոլոր մարդիկ, որոնք աշխատել են Փարաջանովի հետ, հանրաճանաչ են դարձել. մեկը` լուսանկարիչ, մեկը`  երաժիշտ, մյուսը` ազգագրագետ: Համոզված եմ, որ Փարաջանովի հետ աշխատելը մեծ դեր է խաղացել նրանց կարիերայի մեջ:

Հանդիպումների ընթացքում մեծ բացահայտումներ եղան: Նկատեցի, թե որքան խորն է եղել Փարաջանովը: Նա կարծես թե 360 աստիճանով ամեն ինչ ուներ իր մեջ, երբ խոսում էր բեմադրիչի հետ կարողանում էր խորեոգրաֆիկ գաղափարներ  առաջ քաշել, երբ  խոսում էր երաժշտի հետ, երաժշտության մասին էլ իր պատկերացումները կարող էր արտահայտել, նույնը նաև նկարչության դեպքում:  Փաստորեն, կինոռեժիսորի հանճարն այն էր, որ իր մտածելակերպով  ամեն ինչ կարողացավ մեկտեղել «Փարաջանով» հասկացության մեջ:

DSC03358Ինչո՞ւ և ինչպե՞ս է ընտրվել «Նռան գույնը»: Սենսիարելին դժվարանում է ստույգ պատասխանել այս հարցին, կարծում է, որ դա Սկորսեզեի գաղափարն է եղել: Բայց հստակ է մի բան. այդ գաղափարին բոլորն են հավանություն տվել:

1990-ականների սկզբին ստեղծված  Մարտին Սկորսեզեի հիմնադրամը նպատակ է ունեցել  վերականգնելու միայն ամերիկյան ֆիլմեր: Մինչև այդ ֆիլմերի վերականգնման ավանդույթ ԱՄՆ-ում գոյություն չուներ: Սկորսեզեն հրավիրել է ռեժիսորներ Վուդի Ալենին ու Սթիվեն Սփիլբերգին  սկսելու այդ աշխատանքները` փաստարկելով, որ հակառակ դեպքում կկորչի մի հսկայական ժառանգություն՝ սկսած համր կինոյի շրջանից: 1990-ականներից մինչև օրս հիմնադրամը վերականգնել է  600 ֆիլմ:

Սակայն  2000-ականների սկզբին Սկորսեզեն հասկացել է, որ  միայն իտալական, ամերիկյան ֆիլմեր վերականգնելը բավական չէ: 2007 թ. Սկորսեզեն հիմնադրեց Համաշխարհային կինոյի հիմնադրամը, որի  գաղափարն էր  նոր կյանք տալ մոռացված և քիչ ճանաչված ֆիլմերին։ Եվ մեկնարկել է այլ երկրիների ոչ  հանրահայտ ֆիլմերի վերականգնման գործընթացը, որոնց ոչնչացում էր սպառնում:  Ծրագրի շրջանակներում վերականգնվել են  Սենեգալի, Թուրքիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի շատ մոռացված ու ոչ հայտնի, սակայն արժեքավոր ֆիլմեր։ Մինչև օրս վերակնգնվել է այդ շարքի մոտ 20 ֆիլմ։

Անտեսված ֆիլմեր ասելով` նկատի ունենք տվյալ երկրում առկա ֆինանսական խնդիրները, որոնք  հնարավորություն չեն տվել պահպանելու մշակութային արժեք ներկայացնող ֆիլմերը,  կամ այդ մշակութային արժեքը հայտնի չի եղել համաշխարհային ասպարեզում։ Մենք հենց այդ նպատակով էլ սկսել ենք վերականգնման գործընթացը,- ասում է Սեսիլիան։ Ըստ նրա` կինոարտադրության և դրա պահպանության խնդիրները յուրաքանչյուր երկրում  տարբեր են․ – Թաիլանդում, օրինակ,  ունեն հետարտադրական շատ լավ լաբորատորիա, բայց վերականգնման փորձ երբեք չեն ունեցել: Եգիպտոսում հակառակը` վերականգնման ավանդույթը շատ ուժեղ է, գաղափարը կա, բայց բավարար տեխնիկա չունեն, կարծես  մնացել են 70-ականներում։  Հնդկաստանում  տարեկան արտադրում են 1500 ֆիլմ: Զարմանալի է, որ նրանք անցյալով չեն հետաքրքրվում, և կառավարությունը չի աջակցում պահպանությանն ու վերականգնմանը:  Սա նոր գործընթաց է, և աշխարհում կան շատ ֆիլմեր, որոնք վերականգնման կարիք ունեն։

SN-neg-05Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից վերականգնման ենթակա ֆիլմերի ընտրության չափանիշներին, ապա դա որոշում է տարբեր երկրների ռեժիսորներից կազմված խորհուրդը, որոնց միջոցով ապահովվում է անհրաժեշտ խորհրդատվությունը. – Սկորսեզեն անձամբ կարող է բազմաթիվ խորհուրդներ տալ, առաջարկներ անել: Կա նաև արխիվագետների խորհուրդ, որոնք նույնպես կարող են խորհուրդներ տալ: Մենք ունենք ծրագրերի ընդլայնված ցուցակ, որոնց վրա աշխատելը շատ ժամանակ է պահանջում: Երբեմն  ֆիլմի որոշ տարրեր կորչում են, լինում են  քաղաքական շրջադարձներ, որոնք վտանգում են առհասարկ ֆիլմերի գոյությունը: Օրինակ`35 մմ  ժապավեն ենք գտել Իրանից` միակ օրինակը, և վերականգնել ենք:

Ֆիլմերի վերականգնումից հետո ի՞նչ իրավունք է ձեռք բերում  հիմնադրամը և հետևո՞ւմ է վերականգնված ֆիլմերի ճակատագրին:

– Մենք  շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, և եթե ինչ-որ եկամուտ է   ստացվում ֆիլմի տարածումից հետո, ապա այդ գումարը կիսվում է  համագործակցող կազմակերպության  հետ, իսկ այն, ինչ մնում է, օգտագործվում է հետագայում վերականգնվելիք ֆիլմերի համար,- ասում էՍենսիարելին: – Մենք աշխատում ենք որոշակի  հովանավորների ցանցի հետ, ամեն մի ֆիլմ վերցնելիս գիտենք, թե որ հովանավորին դիմել,  և այդ ձևով   հայթայթում ենք գումարները` բացատրելով, թե ինչքան կարևոր է  ֆիլմերի հետագա պահպանումն ու վերականգնումը: Ինչ վերաբերում  է ֆիլմերի հետագա ճակատագրին, ապա դրանք կոմերցիոն կյանք չունեն: Կրթական օջախներում, համալսարաններում սկսում ենք կազմակերպել դրանց ցուցադրությունները։ Ուզում ենք համոզվել, որ նոր սերունդը  գնահատում է այդ աշխատանքը:  Բացի այդ,  ներկայացնում ենք Բեռլինի, Կաննի,  Վենետիկի, այլ կինոփառատոներին, որպեսզի դրանք նորից շրջանառության մեջ մտնեն: 

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնի» վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը Համաշխարհային կինոյի հիմնադրամին է տրամադրել Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բոլոր նյութերը։

Ռուզան Բագրատունյան