Նենսի Վանհորն․ «․․․Թողնենք` հաճախորդն ինքը որոշի` տոմս գնել, թե ոչ»
«Տարածված կարծիք կա, որ Հոլիվուդը սոսկ արյունալի ու սարսափելի ֆիլմեր է նկարահանում, որ այդ ֆիլմերում չկան անդրադարձներ հասարակական կյանքին, առկա խնդիրներին կամ արվեստին: Ցավոք դա սոսկ հանիրավի տարածված կարծրատիպ է»,-նման միտք հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Նենսի Վանհորնը «Կինոաշխարհին» տված հարցազրույցում։
Եվ ի լրումն հիշատակեց 2013 թ. էկրան բարձրացած բոլոր ամերիկյան ֆիլմերը՝ մատնանշելով, որ այդ կարծրատիպը որևէ հիմք չունի կամ հիմնված է թյուր կարծիքի վրա»: «Օսկարի» առաջադրված ֆիլմերն անդրադարձել են և՛ ռասիզմնի, և՛ համասեռամոլության, և՛սրտկության թեմային, այսինքն` հասարակության մեջ առկա բոլոր խնդիրները տեղ են գտնում ամերիկյան ֆիլմերում: Ավելին, նա համոզված է, որ ամերիկացիներն ու հայերը ցանկանում են տեսնել ֆիլմեր, որոնք և՛կլանող են, և՛ միաժամանակ որոշակի ուղերձ են բովանդակում: «Խարդախություն ամերիկյան ձևով» (American hustle) ֆիլմը, որում նկարահանվել է նաև Բրեդլի Կուպերը, պատմում է երկու դերասանների մասին, որոնք խարդախ են, զբաղվում են կառավարությանը կաշառելով: Եվ գուցե չէիք մտածի երբեք, որ նման ֆիլմը կարող է հետաքրքիր և զավեշտալի լինել: Այդ ֆիլմն ինձ խորհուրդ է տվել դիտել իմ մայրը»,- ասում է Նենսի Վանհորնը: Ըստ նրա` Հոլիվուդը ազատական քաղաքականության համբավ ունի ԱՄՆ-ում: Օրինակ` «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմը շատ նուրբ հարց է բարձրացնում, անդրադառնում է համասեռամոլներին: «Ես կարծում եմ, որ ամերիկյան ֆիլմերը, Հոլիվուդը կարող են որոշ դեր խաղալ աշխարհում հանդուրժողականության սերմանման գործում»,-համոզված է դիվանագետը։
«Իհարկե, ամեն երկիր ինքն է որոշում իր կինոքաղաքականությունը, սակայն կարծում եմ, որ շահում են այն երկրները, որտեղ ազատ են արվեստի ուղղությունները»,- ասում է տիկին Վանհորնը և հավելում, որ ամերիկյան կինոթատրոնները ազատ են, ցուցադրում են կոմերցիոն ֆիլմեր, սակայն ԱՄՆ-ում հարուստ կինոավանդույթներ են ստեղծվել կինոյի մյուս ժանրերում ևս, այդ թվում՝ վավերագրական կինոյի:- Վավերագրական ֆիլմերը կարևոր են, որովհետև ամերիկյան հասարակության կյանքին են ծանոթացնում, մի բան, որ չեք տեսնի բլոգբաստերներում: Վավերագրական կինոն հնարավորություն է ընձեռում տեսնելու, թե ինչպես են իրականում ապրում ամերիկացիները»:
Դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատուն նշեց մի քանի ծրագրեր, որոնք իրականցվում են Հայաստանում։ 2013 թ. դեսպանատունը Հայաստանում իրականացրել է «Շոքես» ֆիլմերի կինոփառատոնը, որի շրջանակներում 24 մրցանակ է տրվել մասնակիցներին։ Տիկին Վանհորնը կարծում է, որ շատ տաղանդավոր երիտասարդ կինոգործիչներ կան Հայաստանում, որոնք զբաղվում են վավերագրական կինոյով։
Դեսպանությունը «Թումո»-ի հետ համատեղ նախագիծ է իրականացրել 20 տարեկանից բարձր երիտասարդների համար: Կազմակերպվել է մրցույթ, որին դիմել է ավելի քան 80 մասնակից։ Ընտրված 21 մասնակցի համար կազմակերպվել է 3 սեմինար՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ: Ընտրված մասնակիցներից յուրաքանչյուրը նկարելու է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ 15-20 րոպե տևողությամբ:
Դիվանագետը դեռ չի տեսել դրանք, քանի որ դեռևս նկարահանման փուլում են։ Սակայն տեղյակ է, որ դրանք նվիրված են այս կամ այն չափով հետաքրքրություն առաջացրած թեմաներին. «Կինոնկարներից մեկի թեման գյուղական կյանքն է, մյուսինը՝ սահմանները. Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի և Վրաստանի սահմանային գյուղը բաժանվել է: Մեկ այլ ֆիլմ էլ նվիրվել է անօթևան մարդկանց խնդիրներին, մի ֆիլմի հեղինակն էլ, որի տատիկ-պապիկները ռեպրեսիաների են ենթարկվել, ուսումնասիրել է Թբիլիսիի արխիվները»: Այս ծրագիրը կամփոփվի հունիսին նկարհանված ֆիլմերի ցուցադրմամբ, իսկ մասնագիտական հանձնախումբը` ժյուրին, կընտրի լավագույն աշխատանքները»։
Անդրադառնալով Ռուսաստանում և Հայաստանում «Ուոլ սթրիթի գայլը» և «Հեշտամոլ կինը» ֆիլմերի ցուցադրության արգելման փաստին՝ ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդը նշեց, որ ինքը դեռևս չի դիտել այդ ֆիլմերը և տեղյակ չէ դրանց հետ կապված մանրամասներին. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր մշակութային և բարոյա-հոգեբանական չափանիշները, ես չգիտեմ, թե ինչ է կատարվել այս ֆիլմերի առնչությամբ: ԱՄՆ-ում մեր մոտեցումն այն է, որ թողնենք` հաճախորդն ինքը որոշի` տոմս գնել, թե ոչ: Եվ այս մոտեցումը, կարծում եմ, արդարացնում է իրեն»:
Հնարավո՞ր են հայ-ամերիկյան համատեղ կինոարտադրության զարգացումներ երկու երկրների միջև հարցին ի պատասխան տիկին Վանհորնն ասաց, որ իր երկիրը մշակութային ծրագրերին չի սատարում, ինչը շատ արտասահմանցիների համար զարմանալի է: ԱՄՆ-ն մշակույթի նախարարություն չունի։ Ուստի ԱՄՆ-ի և Հայաստանի կինոարտադրողների միջև համագործակցությունը կարող է ծավալվել բացառապես մասնավոր հատվածում։ Ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա իրենք միայն ուրախ կլինեն և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում խարախուսելու այդ հարաբերությունների զարգացումը։ Առաջիկայում դեսպանությունը Հայաստան կհրավիրի երեք կինոարտադրողների։
Ի դեպ, ամերիկացի դիվանագետի համար ամենաճանաչված հայ ռեժիսորը Սերգեյ Փարաջանովն է , իսկ աշխարհահռչակ կինոգործչի թանգարանը նրա ամենասիրած վայրն է Երևանում․ «Ինձ համար «Նռան գույնը» բարդ ֆիլմ է, նրա ֆիլմերը շատ հոգևոր են»,- խոստովանում է նա: Նրան ծանոթ են նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի աշխատանքները․ «Մեծ բավականություն եմ ստացել նրա «Օրացույցը» և «Արարատը» ֆիլմերից, դրանք այնքան շատ բան են պատմում Հայաստանի մասին»:
Ռուզան Բագրատունյան