Իտալացի նշանավոր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի փաստաբան Ջորջիո Ասուման (GiorgioAssumma)  հայտնել է, որ   մաեստրոյի բոլոր հյուրախաղերը չեղյալ են հայտարարվել: Այդ մասին հայտնում է LaRepubblica իտալական պարբերականը:

Այս որոշումը կապված է Մորիկոնեի առողջական վիճակ իհետ: 85-ամյա երաժիշտը տառապում է ողնշարային ճողվածքից, և բժիշկները նրան խորհուրդ են տվել դադարեցնել հյուրախաղերը: Փաստաբանի խոսքով, հիվանդությունը լուրջ վտանգ չի ներկայացնում, բայց թույլ չի տալիս մաեստրոյին ոչ խմբավարելու, և ոչ էլ երկարատև ուղևորություններ կատարելու: Մորիկոնեն արդեն երեք համերգ է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ում, որոնք նշանակված էին 2014 թվականի հունիսին, ինչպես նաև ամռանը ծրագրված «Երաժշտության 50 տարին» շրջագայությունը Եվրոպայում:

Չնայած հիվանդությանը` իտալացի կոմպոզիտորը ծրագրում է շարունակել աշխատանքը կինոյի երաժշտության ոլորտում: Եթե Մորիկոնեի վիճակը բարելավվի, ապա նա կկարողանա համերգներ տալ Հռոմում, որտեղ այս պահին ապրում է:

Էնիո Մորիկոնեն կինոյի երաժշտության դասականներից է, իտալացի նշանավոր կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր: 2007 թվականին նա «Օսկարի» արժանացավ կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար: Մորիկոնեին ճանաչում է բերել Սերջիո Լեոնեի հետ «Դոլարային եռապատում» համատեղ աշխատանքը, որը ելակետ հանդիսացավ «սպագետի-վեսթերն» ժանրի համար:

Աղբյուրը՝      lenta.ru