Կաննը, ուկրաինական կինոն, Փարաջանովը և ռուսալեզու լրատվամիջոցները
Վերջին օրերին ռուսալեզու լրատվամիջոցներում Կաննի փառատոնին վերաբերող ամենատարածված լուրը Ուկրաինայի մասին է, քանի որ այդ փառատոնում ներկայացված ֆիլմերի քանակով այդ երկիրը ռեկորդ է սահմանել` 8 ֆիլմ: Ամենուրեք նշվում է, որ մինչ այս երբեք որևէ երկիր այսքան թվով կինոնկար չի տարել Կանն: Թե ինչու է Կանն այսպես լայնորեն բացել դռները Ուկրաինայի առջև, անշուշտ, բացատրության կարիք չունի: Ավելին, Ուկրաինայի և մանավանդ Մայդանի թեման այնքան հետաքրքրական է, որ Կաննի փառատոնի կինոշուկայի տնօրենը, Կաննի պատմության մեջ առաջին անգամ, Ուկրաինայի տաղավարի վարձակալության վճարը կիսով չափ զեղչել է (անցած տարի վարձակալության վճարը կազմել է 17,6 հազար եվրո):
Կաննի փառատոնում Ուկրաինան ներկայացնելու է Սերգեյ Լոզնիցայի «Մայդան» վավերագրական ֆիլմը, Միրոսլավ Սլաբոշպիցկու լիամետրաժ խաղարկային «Ցեղը» («Племя») կինոնկարը, որը մասնակցելու է «Քննադատության շաբաթ» և «Լավագույն դեբյուտ» մրցույթներին, և 5 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մասնակցելու են «Short Film» ծրագրին (դրանցից, ի դեպ, երեքն են նկարել ուկրաինացիները, մնացած երկուսը համատեղ արտադրություն են):
Բայց տեսնում ենք, որ ուկրաինացիներն այնքան են ոգևորվել, որ ռեկորդ են խփել ոչ միայն ֆիլմերի քանակով, այլև ապատեղեկատվությամբ: Պարզվում է, որ 8-րդ ֆիլմը «Նռան գույնն» է:
Բանն այն է, որ փառատոնի «Կաննի դասականները» հետահայաց ծրագրում այս տարի, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվելու է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Եվ քանի որ ուկրաինացիները, ինչպես երևում է նրանց լուրերից, Փարաջանովին համարում են ուկրաինացի ռեժիսոր, որոշել են, որ նրա հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն, առավել ևս նրա հեղինակած յուրաքանչյուր կինոնկարի ցուցադրություն պետք է համարել ուկրաինացի ժողովրդի նվերը միջազգային կինոսեր հանրությանը:
Ուկրաինական և ռուսական աղբյուրների մեծ մասը, հղում անելով «Մոլոդոստ» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալփախչիին, որ ասուլիս է տվել մայիսի 7-ին, Կաննում Ուկրաինայի ներկայացրած ժապավենների թվում նշում են նաև «Նռան գույնը»: Եվ այս «տեղեկատվությունը» որոշ լրատվամիջոցներ մատուցում են բավական անակնկալ ոճով` «Նռան գույնի» ցուցադրությունը որակելով որպես իզյումինկա կամ զակուսկի Ուկրիանիայի կողմից: Այսպես.
«Որպես այսպես կոչված իզյումինկա` Կաննի փառատոնում ցուցադրվելու է հեռավոր 1968-ին նկարահանված և Իտալիայում ամերիկյան ֆոնդի փողերով վերականգնված «Նռան գույնը» կոչվող ֆիլմը»: («Դելայթ նովոստի»):
«Որպես իզյումինկա Ուկրաինայի կողմից, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, Cannes Classics ծրագրում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի 1968 թ. «Արմենֆիլմ» ստուդիայում նկարահանված և վերջերս Իտալիայում ամերիկյան ֆոնդի փողերով վերականգնված «Նռան գույնը»: (Lenta.ru, «Զերկալո նեդելի»):
«Իսկ որպես զակուսկի Cannes Classics ծրագրում կներկայացվի ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (որի 90-ամյակը աշխարհը նշեց 2014 թ. հունվարի 9-ին) վերջերս վերականգնված նշանավոր «Նռան գույնը» կինոառակը (1968)»: («Ուկրաինայի կոմսոմոլսկայա պրավդա»)
Թեև Փարաջանովը հայ ռեժիսոր է, ուզենան թե չուզենան, համաձայնեն թե չհամաձայնեն մեր ուկրաինացի գործընկերները, հայ և համաշխարհային դասական, որը մեծ ավանդ ունի նաև ուկրաինական կինեմատոգրաֆում, թեև վերոհիշյալ հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից, միևնույն է, հայկական աղբյուրներն իրենց իրավունք չեն վերապահել գրել, թե այն ներկայացնում է Հայաստանը: Ընդամենը տեղեկացնում են այն մասին, ինչ հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում: Այսինքն` ֆիլմը փառատոնին ներկայացրել է վերականգնող հիմնադրամը: Ուկրաինան, ինչքան էլ ուզենար, ուղղակի ֆիզիկապես չէր կարող նման բան անել:
Խալփախչին վերոհիշյալ ասուլիսում ընդգծել է, որ Կաննի փառատոնը «ոչ միայն ուկրաինական կինոյի հանրահռչակման, այլև Ուկրաինայի դրական իմիջի ստեղծման հարթակ է դառնում»: Մի՞թե կարծում է, որ այսպիսի ապատեղեկատվությամբ, այսպես թեթև ձեռքով ուրիշինը յուրացնելով` հնարավոր է հարգ ու վարկ ձեռք բերել: Եթե խոսքը վերաբերեր գոնե «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենին, դեռ ինչ-որ կերպ գուցե հնարավոր լիներ, եթե ոչ արդարացնել, բայց գոնե բացատրել ուկրաինացիների այս գործելակերպը: Բայց, ի սեր Աստծո, ի՞նչ կապ ունեն Ուկրաինան և ուկրաինական կինոն հայ ռեժիսորի հայկական կինոստուդիայում հայ պոետի` Սայաթ-Նովայի մասին նկարած ֆիլմի հետ: Այնքանով, որքանով յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր ժողովուրդ: Քանի որ, ինչպես և ահա Կաննի փառատոնն էլ է նշանավորում, Փարաջանովը համաշխահային դասական է, և նրա ստեղծագործությունն էլ վաղուց ի վեր համաշխարհային ժառանգության սեփականությունն է:
Անահիտ Հարությունյան