Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների նոր ֆիլմը 88-ի երկրաշարժի մասին է
Հայտնի է դարձել, որ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս մեդիա» կինոընկերությունը Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ համատեղ պատրաստվում է «Մի երկրաշարժի պատմություն» բարձրբյուջետային էքշն դրամայի նկարահանումներին:
Ֆիլմը պատմելու է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած երկրաշարժի մասին, երբ ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, ևս 300-ից ավելի բնակավայրեր: Ըստ պաշտոնական տվյալների` զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմվեց, 514 հազար բնակիչ անօթևան մնաց: Այդ աղետը ցնցեց աշխարհը և միավորեց բոլոր ազգությունների մարդկանց: Հայաստան ժամանեցին փրկարարներ ու բժիշկներ ԽՍՀՄ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԳՖՀ-ից, ԱՄՆ-ից: Մարդասիրական օգնություն ցույց տվեց բոլոր աշխարհամասերի 111 պետություն:
Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանը և 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյը, հայտնվում են երկրաշարժի էպիկենտրոնում և առաջիններից են, որոնք շտապում են օգնություն ցույց տալ տուժածներին:
«Մի երկրաշարժի պատմության» ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է: Քաստինգն անցկացվելու է Ֆրանսիայում և եվրոպական ուրիշ երկրներում, նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում` Վրաստանում և Ուկրաինայում: Գլխավոր հերոսներից մեկի` Անդրեյ Բերեժնոյի դերում դիտարկվում է դերասան
Վլադիմիր Մաշկովի թեկնածությունը:
Նախատեսվում է, որ նկարահանումները կսկսվեն Հայաստանում 2015 թ. գարնանը: Ֆիլմի բյուջեն 5 մլն դոլար է: Նկարահանվելու է Ռուսաստանի առաջին ալիքի, Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի, Հայաստանի կառավարության, մշակույթի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և հանրային հեռուստատեսության աջակցությամբ:
Աղբյուրը` kino-teatr.ru
