Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ավարտել է «Ծով, սարեր, կերամզիտ» սերիալը (8 սերիա), որը ընտանեկան սագա  է սիրո մասին նախաօլիմպիական Սոչիի շինարարության խորապատկերում: Պրեմիերան սպասվում է մայիսի վերջին ռուսական «Առաջին ալիքով»: Սերիալի նկարահանման մանրամասների մասին  ռեժիսորը պատմել է «Իզվեստիայի» թղթակցին:

Տիգրան Քեոսայան

Տիգրան Քեոսայանը նկարահանման հրապարակում

– Ի՞նչը հատկապես գրավեց Ձեզ օլիմպիական շինարարության  առօրյայի մեջ:

– Ինձ բուն շինարարությունը չէր հետաքրքրում: Կարևոր էր ցույց տալ այն մարդու էվոլյուցիան, որը սկզբում մերժում է ամենայն նորը, ինչը խափանում է սովորական դրվածքը և ստիպում ապրել այլ կերպ: Այն ըմբռնումը, որ այդ նորը շատ հաճախ կյանքն ավելի լավ, բարեկեցիկ ու հետաքրքիր է դարձնում, հետո է տեղի ունենում: Օլիմպիական Սոչիի պարագայում մենք հենց նման պատկեր ունենք: Օլիմպիական շինարարությունն իմ կինոնկարում ընդամենը ֆոն է տարբեր մելոդրամատիկ և ծիծաղելի իրավիճակների համար:

– Սցենարի հեղինակների թվում նաև Մարգարիտա Սիմոնյանն է, նրա համար սա կինեմատոգրաֆիական դեբյուտ է: Ինչո՞ւ որոշեցիք ընդգրկել նրան այս նախագծում:

– Ես առաջարկեցի Մարգարիտային սցենար գրել` ելնելով նրա հեղինակային սյունակներից: Ամբողջ հարավային կոլորիտը վերցված է հենց դրանցից, թեպետ սյուժեի հիմքում մի պատմություն է, որը երբևէ որևէ տեղ չի նկարագրվել:

– Առանցքային սյուժետային գծերից մեկը հնադավան գերդաստանի աղջկա և հայ ընտանիքի տղայի սիրո պատմությունն է: Բավական տարօրինակ համադրություն է:

– Սոչիում միշտ էլ կողք կողքի ապրել են հնադավանները, հայերը, հույները, տարբեր ազգությունների ու մշակույթների մարդիկ: Բայց, օրինակ, ի՞նչ հավանականություն կա, որ միջնադարյան Վերոնայում նշանավոր քաղաքացու դուստրը կսիրի թշնամական կլանի ներկայացուցչի որդուն: Կարծում եմ` շատ փոքր: Մեր ֆիլմում սիրահարները թշնամի չեն, այլ հարևաններ: Այնպես որ այդ առումով իմ սերիալում ֆանտազիան ավելի քիչ է, քան Վիլյամ Շեքսպիրի ողբերգությունում:

– Նկարահանումների ժամանակ Դուք մասնակից եք դարձրել մեծ թվով տեղաբնակների:

– Ես կասեի` մեզ հետ աշխատել են մեծ թվով տեղի բնակիչներ: Շատ են օգնել թեʹ տեղի  ղեկավարության ներկայացուցիչները, թեʹ շարքային քաղաքացիները: Մենք մեծ բավականություն ենք ստացել նկարահանման գործընթացից.  շատ հուզիչ էր ու ջերմ:

– Սերիալում շատ սկսնակ դերասաններ են նկարահանվել: Սա երիտասարդացման միտումնավոր ուղղությո՞ւն է:

– Չէ, ինչո՞ւ, խաղացել են նաև նշանավոր դերասաններ` Սերգեյ Գազարովը, Յուրի Ստոյանովը, Լարիսա Գուզեևան, Անդրեյ Կայկովը: Բացի նրանցից, բոլորը փորձեր են անցել, որոնք ինձ շատ բան են տվել: Ոմանց, օրինակ` Դանա Աբիզովայի և Արմեն Առուշանյանի համար, որոնք խաղում են սիրահար հնադավանին և հային, սերիալն առաջին լիարժեք աշխատանքն էր կինոյում: Նրանք թատրոնի շատ լավ դպրոց անցած դերասան են, ուստի հիմա արդեն հավատ ունեմ նրանց նկատմամբ:

Արմեն Առուշանյան

Արմեն Առուշանյան

– Սա արդեն Ձեր յոթերորդ համատեղ աշխատանքն  է օպերատոր Իգոր Կլեբանովի հետ: Ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ էր այս փորձը նախորդներից:

– Ոչ, ոչ, ամեն ինչ սովորական էր. օպերատորի հոյակապ աշխատանք, ֆանտաստիկ պատկեր, լավ տրամադրություն նկարահանման հրապարակում:  Հո պատահական չէ, որ այսքան ժամանակ միասին ենք աշխատում:

– Ի՞նչ լսարանի համար է նախատեսված սերիալը:

– Ցանկացած: Ոչինչ չկա, որ կարող է ստիպել ծնողներին հեռացնել երեխաներին հեռուստացույցից:

«Ծով, սարեր, կերամզիտ»

Ֆիլմում խաղացել է նաև ռեժիսորի զարմուհին` Լաուրա Քեոսայանը

– Հիմա արդեն կարո՞ղ եք ծանուցել Ձեր հաջորդ նախագծի մասին կինոյի ոլորտում:

– Որոշ մտահղացումներ կան: Գրեթե բոլորն էլ կապված են հեռուստացույցի հետ: Կինոհանդիսատեսի ներկայիս պահանջմունքները քիչ են համապատասխանում իմ` ռեժիսորիս հետաքրքրություններին: Ցավոք: Այդ իսկ պատճառով այսքան տարի գեղարվեստական ֆիլմեր չեմ նկարել: Նկարահանելու այն, ինչ ինձ համար առավել հետաքրքիր է, հնարավորություն է տալիս հեռուստատեսությունը: Դա իրականություն է: Ոչինչ չես կարող անել:

Օլգա Զավյալովա


    Ֆրանսիական «նոր ալիքի» գլխավոր ֆիլմերը

    Պարող կինոխցիկ, ծնկի վրա գրված սցենար, Բելմոնդոն կապույտ դեմքով. ինչպես էին Գոդարը, Տրյուֆֆոն և մյուս ռեժիսորները փորձեր անում կինոխցիկի, դերասանների...