DSC_0020Մի օտարերկրացի Երևանի հրապարակում լուսանկարում է կարմիր լույսի տակ կանգնած ավտոմեքենաները: Երիտասարդ կինոռեժիսոր Հարություն Շատյանը պատահաբար նկատում է օտարերկրացու այդ տարօրինակ մղումը, հարցնում պատճառը: «Ուշադրությունս գրավեց այն, որ կարմիր լույսի տակ 10 ավտոմեքենա է կանգնել, տասից ութը՝ տաքսի է: Նշանակում է Հայաստանն աղքատ երկիր է»,- պատասխանում է օտարերկրացին:

Այս փոքրիկ դիպվածը Հարությունի հերթական ֆիլմի պատճառն է դառնում: Որոշում է մուտք գործել տաքսիստների աշխարհ, փորփրել նրանց խնդիրները, անկեղծանալու նախադրյալներ ստեղծել, շերտատել նրանց հոգին: Վերցնում է հեռախոսն ու տաքսի նստում՝ որպես սովորական շարքային ուղևոր: «Բարև-բարի լույս, ոնց ես-ոնց չես, էս ինչի՞ ես բա էս գործին, գոհ ես-գոհ չես, ինչքան ես վաստակում». խոսքը խոսք է բերում, զրույցը՝ վերածվում անկեղծ խոստովանության: Իսկ այդ ընթացքում Հարությունը տեսաձայնագրում է վարորդներին: Ու այդպես տասնյակ տաքսիստներ՝ Երևանում, այնուհետև՝ Գյումրիում, Կապանում, Գորիսում, Մոսկվայում, Պոդոլսկում, Բաթումիում, Թբիլիսիում ու անգամ Սերբիայի փողոցներում:

«Ես շեշտը դրել եմ, այսպես կոչված, սևագործ աշխատողների վրա, նրանց, ովքեր պարտավորված են ուրիշների քմահաճույքները կատարել, սպասարկել՝ մի կտոր հաց վաստակելու համար: Այդ մարդիկ կյանքի հատակում են հայտնվել, ունեն իրենց աշխարհն ու ծով խնդիրներ: Նրանք քաղաքական վերլուծաբաններ են, իրենց պատկերացնում են նախարարների, նախագահների պաշտոններում, հավաստիացնում, որ եթե ղեկավար պաշտոնների լինեին, դրական լուրջ տեղաշարժեր կանեին: Իմ հերոսները մեծ մասամբ տաքսիստներ են ու մեծ մասամբ՝ հայ: Կան նաև այլ մասնագիտության տեր մարդիկ՝ դարձյալ սևագործներ: Նրանք տարբեր են, բայց միևնույն ժամանակ՝ շատ նման միմյանց, որովհետև գրեթե նույն կենցաղն ու սոցիալական խնդիրներն ունեն, բոլորն էլ տաքսու ղեկ են բռնում՝ օրվա հացի հույսով: Օրվա մեջ շփվելով տասնյակ ուղևորների հետ՝ այդ մարդիկ դարձել են փիլիսոփաներ, դրա համար էլ ֆիլմս վերնագրեցի այսպես. «Ճանապարհի փիլիսոփաներ»,-ներկայացնում է Հարություն Շատյանը:

1467210_657745237579412_1168360171_nՈրպեսզի տաքսիստներն անկեղծ ու անմիջական լինեն, չձգվեն ու չբարդութավորվեն, Հարությունը նպատակահարմար է գտել նրանց չզգուշացնել, որ նկարահանվում են: Տեսախցիկով մտնել ավտոմեքենա, նստել վարորդի կողքին ու նրան գաղտնի նկարահանել, անհնար կլիներ, իսկ հեռախոսով՝ հեշտ ու աննկատ: Բայց  հետո Հարությունը տեղեկացրել է իր հերոսներին, որ նրանց նկարահանել է ֆիլմի նպատակով: «Կարևորն այն է, որ իմ հերոսները չեն խաղում: Ինչքան էլ նախապատրաստես մարդուն, համոզես, որ անկեղծ ու հանգիստ լինի տեսախցիկի առջև, միևնույն է, նա խաղալու է. իսկ իրական-վավերագրական ֆիլմ ստանալու համար մարդիկ չպետք է իմանան, որ իրենց նկարահանում ես: Միգուցե ես այդ պահին վատ եմ վարվել՝ չզգուշացնելով նրանց, բայց իմ նպատակը տաքսիստների աշխարհի իրական, չմիջնորդավորված պատկերն ստանալն էր, ինչը հաջողվեց ինձ»,- մանրամասնում է Հարություն Շատյանը:

«Ճանապարհի փիլիսոփաներ» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հարություն Շատյանի նոր աշխատանքը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, բայց դեռ հայտնի չէ՝ կընտրվի՞ այն մրցութային ծրագրում: Հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ներկայացնել նաև դրսի փառատոներին՝ հատկապես վավերագրական ֆիլմերի մրցույթներին:

Ի դեպ, կարմիր լույսի տակ կանգնած մեր ավտոմեքենաները լուսանկարող օտարերկրացու դիտարկման մասին: Ի՞նչ ասել է՝ եթե  կարմիր լույսի տակ կանգնած 10 ավտոմեքենայից 8-ը տաքսի է, ուրեմն Հայաստանն աղքատ է: Բացատրություն. երկրում աշխատատեղ չկա, մարդիկ աշխատանք չունեն  ու ստիպված տաքսի են քշում: Ընդհանրապես, ըստ վիճակագրության՝ աղքատ է համարվում այն երկիրը, որտեղ կարմիր լույսի տակ կանգնած ավտոմեքենաներից 6-ն է տաքսի: Մենք, փաստորեն, աղքատից մի գլուխ էլ անց ենք: Իսկ Հարություն Շատյանի «Ճանապարհի փիլիսոփաներ» նոր ֆիլմը նույնպես դառը համոզման կմղի մեզ:

 

Նաիրա Փայտյան