Շարունակվում է «Ժամանակի» հարյուրամյա ժամանակը
«Ժամանակի» ժամանակը», որ արդեն դար է կազմում, վավերագրողներ Տիգրան Պասկևիչյանն ու Արա Շիրինյանը ութ տարվա աշխատանքի արդյունքում տեղավորել են մեկ ժամում՝ խնամքով ընտրելով հայկական ամենահին օրաթերթի՝ Պոլսի «Ժամանակի» կենսագրության ամենաազդեցիկ, ամենածանրակշիռ, շրջադարձային, նշանակալի, բախտորոշ, հետաքրքրական պահերը։
Միսակ (գրող, հրապարակախոս, մանկավարժ) և Սարգիս (գործարար, Պոլսի առաջին գովազդային գործակալության հիմնադիր) Գոչունյան եղբայրների հիմնադրած և արդեն 106 տարի Պոլսում անխափան գործող «Ժամանակ» օրաթերթը, Գոչունյան ընտանիքի չորս սերունդների շրջահայացության ու դիվանագիտական մտածողության շնորհիվ, հիմնադրման օրվանից դիտարկվել է ոչ որպես փոքրամասնության՝ Թուրքիայի հայության լրատվամիջոց, այլ համապետական նշանակության, առաջավոր և կարծիք ձևավորող լրագրական միավոր։
Պարբերականի համարումը մշտապես բարձր է եղել Թուրքիայի հայության շրջանակներում։ Օրաթերթն ի սկզբանե չի սահմանափակվել տեղեկացման գործառույթով և համախմբել է ժամանակի առաջավոր մտավորականությանը. Գրիգոր Զոհրապ, Զապել եսայան, Ռուբեն Սևակ, Ռուբեն Զարդարյան, Երվանդ Օտյան, Վահան Թեքեյան, Արշակ Չոպանյան, Լևոն Զավեն Սյուրմելյան և այլք։ Օրաթերթը եղել է նրանց և հասարակության հավասարակշիռ ու հեռատես միջնորդը։ Ասվածի ամենավառ դրսևորումն էր, թերևս, Ցեղասպանության ընթացքում ոչ միայն ցավից, այլև իր թղթակիցների ֆիզիկական ոչնչացումից կաթվածահար օրաթերթի լինելությունն ու ամենօրյա հրապարակումները ապահովելու զորությունը։ Խմբագրակազմն այդ զորությունն ունցավ նաև Գոչունյան ընտանիքի կանանց ամուր ոգու և ճկուն մտքի շնորհիվ։
«Ժամանակն» իր կենսունակությամբ ապրեցրեց հայությանը՝ ամենօրյա հրապարակումներով ստանձնելով վերապրելու և վերապրեցնելու պարտականությունը։ Այս հարցում հաջողելու փաստը բացատրվում է օրաթերթի գոյության բոլոր շրջաններում ծայրահեղականությունից զերծ մնալով և արկածախնդրությամբ հեղինակություն ձեռք բերելու ուղուց հրաժարվելու հաստատակամությամբ։ Այս սկզբունքին են դավանել պարբերականի բոլոր խմբագիրները՝ Միսակ, Սարգիս, Մելիք, Մարտիրոս, Արա, Լիլի, Սարգիս և կրկին Արա Գոչունյանները (վերջինս ներկայիս խմբագիրն է, ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչը)։
Պարբերականը, ազգային հարցերում մշտապես ինստիտուցիոնալ սկզբունքներն անձնային շահերից վեր դասելով, Թուրքիայի հայությանը կարողացել է զերծ պահել այդ հարցերի լուծմանն ուղեկցած ցնցումներից։ «Ժամանակը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական դժվարությունները կարողացավ հաղթահարել, որոնք առաջացան 1940-ականներին ունևորության տուրքի ներմուծմամբ աղքատության հասած հայախոս ընտանիքների Թուրքիայից զանգվածաբար հեռանալու հետևանքով։
«Ժամանակն» այսօր էլ իր սկզբունքներին ու կոչմանը հավատարիմ է մնում, ինչի վավերագիր ապացույցները բավական մանրամասն ներկայացված են «Ժամանակի» ժամանակը» ֆիլմում, որի ցուցադրությունը կայացավ մայիսի 16-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երևանյան գրասենյակում այդ միության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Եվ կայացավ վավերագրությամբ ու հայ մամուլի պատմությամբ հետաքրքրված անձանցով լեցուն դահլիճում։ Ֆիլմը գնահատվեց ոչ միայն որպես վավերագրության հաջողված օրինակ, այլև որպես տպագիր մամուլի ստեղծման տեխնիկական միջոցների և հայ մամուլի պատմության ուսումնական ձեռնարկ, ինչի պակասը մեզանում շարունակաբար չի լրացվում, չնայած որ հայ մամուլի պատմությունն իրավամբ փառավոր է համարվում։
Նանա Պետրոսյան