10344768_698206336911837_6905331663715215349_n«Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության նկարահանած «Հոգեվարք» կամերային դրաման «Նարեկացի» արվեստի կենտրոնում ներկայացվել է փակ դիտման։ Արդեն մի քանի ամիս էր՝ ֆիլմը պատրաստ էր. նկարահանումների, թեմայի, ստեղծագործական գործընթացների ազդեցություններն անցել են, ու ժամանակն էր նոր աչքերով դիտելու այն։ Ռեժիսոր Հայկ Օրդյանը փակ դիտմանը հրավիրել էր ստեղծագործական խմբի անդամներին. նրան հետաքրքրում էր առայժմ մասնագիտական  նեղ շրջանակի կարծիքը, ուստի հրավիրել էր նաև կինոյի մարդկանց։ Իսկ ֆիլմի պրեմիերային, որ նախատեսված է աշնանը, Հայկն ակնկալելու է ավելի մեծ թվով կինոգետների ու կինոքննադատների գնահատականներ։

«Հոգեվարքի» թեման արտագաղթն է, որը ռեժիսորն անուղղակի խոսքով է արտահայտել։ Ֆիլմի գործողությունները  ոչ թե նկարագրում են արտագաղթի մասին պատմություն, այլ ցույց են տալիս դրա հետևանքները։ Մահամերձ հայրը, աչքը դռանը, սպասում է արտերկրում բնակվող զավակներին։ Մի քանի րոպեում նա թերթում է իր անցյալի գիրքը, որի վերջին էջը  տխուր վախճանն է՝ դատարկ տուն, մահամերձի մահիճ ու կարոտալի սպասում։

10320255_698206956911775_3818090628001318534_nԳլխավոր դերում ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանն է, որն առաջին անգամ է կինոյում դրսևորվում որպես դերասան։ «Ամբողջ կյանքում ես եմ դերասանների պատրաստել, 75 տարեկանում առաջին անգամ դեր խաղացի։ Հավատացեք, ինչ տարիքում էլ լինես, ինքդ քեզ մինչև վերջ ճանաչելու, քո հնարավորություններն իմանալու անհարժեշտություն միշտ էլ կա։ Շնորհիվ Հայկի՝ բացահայտվեցին նաև դերասանական ունակություններս։ Չէի կարող վատ խաղալ, որովհետև զուգընկերուհիս դերասանուհի Գրետա Մեժլումյանն է։ Կինս ասում է, որ ֆիլմում լավ էլ համապատասխան զույգ ենք»,- կատակում է Հրաչյա Աշուղյանը։

Իսկ Գրետա Մեժլումյանը խոստովանում է, որ ամբողջ կյանքում թատրոնում խաղալով՝ իր համար հեշտ չի եղել կինոյի պահանջներին ենթարկվելը, բայց նկարահանման հրապարակում մթնոլորտն անմիջապես տրամադրել է իրեն ընկալել դերն ու կերպարը մարմնավորել ռեժիսորի մոտեցումներին համապատասխան։10350450_698207096911761_1027725598302566032_n

«Հոգեվարքում» օպերատորական աշխատանքն առաջին իսկ կադրից է աչքի ընկնում։ Յուրաքանչյուր կադրը խորհրդանշական է, ներքին իմաստ պարունակող, հերոսների հոգեվիճակն արտահայտող։ «Ֆիլմի նկարչի հետ ամեն կադրը նախապես որոշվել, հստակեցվել է, հետո միայն իրագործվել։ Ամեն շարժում, ամեն անցում հատուկ մտածված ու արդարացված է, որպեսզի ֆիլմի ասելիքն ընդգծվի։ Չէ՞ որ երկխոսություններ գրեթե չկան ֆիլմում, գործողություններ՝ նույնպես։ Բովանդակությունը, ասելիքը, թեմայի խորությունն արտահայտելու պատասխանատվությունը կադրինն է, ինչն էլ աշխատել ենք իրականացնել»,- նկատում է «Հոգեվարքի» բեմադրող օպերատոր Արման Օրդյանը։

Սակավախոս  կարճամետրաժ  այս ֆիլմում կարևոր դեր ունեն հնչյունն ու ձայնը, որոնք ևս խոսքի դեր են կատարում։ Դրանց է միանում նաև երաժշտությունը։ Կոմպոզիտոր Դավիթ Դավթյանն ասում է, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելով՝ լիարժեք պատկերացում է կազմել, թե հատկապես ինչ երաժշտություն է պետք  այս ֆիլմին։ Իսկ երբ նկարահանումներն ավարտվել են, ամբողջացրել է իր երաժշտական պատկերացումներն ու համադրել կադրերի հետ։

10401556_698206720245132_8578208798514688989_nՖիլմի ավարտին ներկաները հարցեր ուղղեցին ստեղծագործական խմբին ու հատկապես ռեժիսոր Հայկ Օրդյանին։ «Մենք վավերագրկան ֆիլմերի փորձ ունենք, իսկ խաղարկային ֆիլմ առաջին անգամ էինք նկարահանում։ Թեման խիստ մտահոգիչ ու արդիական է, այդ պատճառով էլ որոշեցի այն էկրան բարձրացնել, բայց ոչ թե սովորական խաղարկային, այլ կամերային դրամայի ժանրով։ Նկարահանել ենք մեր ուժերով՝ առանց հովանավորների։ «Հոգեվարքը» ներկայացված է  Վենետիկի միջազգային փառատոնին, որից հետո ֆիլմը կշարունակի մասնակցել միջազգային այլ  փառատոների»,-ավարտեց Հայկ Օրդյանը։

 Նաիրա Փայտյան