PlakatԱյսօր` մայիսի 13-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային կինոյի երրորդ «Հայակ» մրցանակաբաշխությունը:

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու նպատակով:  Մրցանակաբաշխությունն իրականացնում է  Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության ևՀայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

Այս տարի  «Հայակի» գլխավոր հովանավորն էր «Աֆինա պալադա» ընկերությունների նախագահ Հայկ Մաղաքելյանը, որը ժամանել էր Երևան՝ մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը։

Երրորդ մրցանակաբաշխության ժյուրիի կազմը ղեկավարում էր կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:  Ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ Է. Բաղդասարյանը բեմադրում է  մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: (Ժյուրիի ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://hayak.am/projects/browse)

«Հայակն» այս տարի 15 անվանակարգ ուներ, որոնցից յուրաքանչյուրում, ժյուրիի նախնական քվեարկության արդյունքում, առաջադրվել էր երեք ֆիլմ (ամբողջական ցանկը տեʹս http://hayak.am/page/nominate):

Ժյուրիի որոշմամբ Ազգային կինոյի երրորդ «Հայակ» մրցանակաբաշխությունում լավագույն ճանաչվածները

Լավագույն խաղարկային ֆիլմ

Այս անվանակարգում «Հայակի» արժանացավ չորս երկրների` Հայաստանի, Ուկրաինայի,  Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանովը»:  Ֆիլմի ռեժիսորները ֆրանսահայ Սերժ Ավետիքյանն ու ուկրաինացի Օլենա Ֆետիսովան են: Հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ անցած տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ երևանյան կինոթարոններում սկսեց ցուցադրվել այս տարի մարտի 22-ից: Գլխավոր դերերում հանդես են եկել Սերժ Ավետիքյանը, Յուլյա Պերեսիլդը, Կարեն Բադալովը, Զազա Քաշիբաձեն: Սերգեյ Փարաջանովի մասին պատմող այս կենսագրական ֆիլմն ընդգրկում է նրա կյանքի կարևորագույն իրադարձությունները:

Լավագույն ռեժիսոր

Ազգային կինոյի «Հայակ» երրորդ մրցանակաբաշխությունում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի արժանացան Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան «Փարաջանով» ֆիլմի համար:

Սերժ Ավետիքյանն ուսանել է Մյոդոնի (Ֆրանսիա) Դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում, այնուհետև հիմնել է թատերախումբ և ստեղծել բազմաթիվ ֆիլմեր: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել 1979-ին: 1982-ից սկսել է նկարահանել վավերագրական, 1990-ից` կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: «Փարաջանովն» Ավետիքյանի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է: Նրա ռեժիսորական կարիերայում կարևոր նշանակություն ունեցավ «Շների կղզին» անիմացիոն ֆիլմը, որը 2010-ին Կաննի փառատոնում արժանացավ  «Ոսկե արմավենու ճյուղի»:

Օլենա Ֆետիսովան ուկրաինացի սցենարիստ, ռեժիսոր,  պրոդյուսեր է: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութանական պետական  ինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր կինոյի ոլորտում է: Եվրոպայի վավերագրության ցանցի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2009-ինարժանացել է Ուկրաինայի պետական կինոմրցանակին: Ավարտել է նաև Եվրոպայի լսատեսողական ձեռնարկումներ կազմակերպության (EAVE) դասընթացը: 2001-ին հիմնել և ղեկավարում է «Ինտերֆիլմ»  կինոստուդիան: Մինչ այդ նկարահանել է վավերագրական ֆիլմեր, որոնք տարբեր փառատոներում արժանացել են մրցանակների: «Փարաջանովը» Ֆետիսովայի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Լավագույն դերասանուհի

2014 թ. «Հայակ» մրցանակաբաշխությունում լավագույն դերասանուհի ճանաչվեց կոնցեպտուալ արվեստագետ Լուսի Աբդալյանը «Կաուչո» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:     Ֆիլմը պատմում է երեք երիտասարդ արվեստագետների՝ ռեժիսորի, դերասանի և դերասանուհու մասին, որոնք բեմադրում են Վիլյամ Սարոյանի  «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսը և մինչև  պրեմիերան որոշում են հաղորդակցվել միայն պիեսի երկխոսություններով:

Լուսի Աբդալյանը ծնունդով Լիբանանից է, ներկայումս բնակվում  է Նյու Յորքում և Երևանում: Կինոյում դեբյուտը կայացել է Մարիա Սահակյանի «Սարսափ հեքիաթ» նախագծում, որտեղ աշխատել է որպես կերպարների ոճաբան և առաջին անգամ նկարահանվել որպես դերասանուհի՝ խաղալով Սերպենտինի դերը, որը բալետի չար ու նենգ պարուհի է,  օձ` մարդկային կերպարանքով: Ֆիլմը հետարտադրական  փուլում է: Իսկ«Կաուչո»-ում Լուսի Աբդալյանն առաջին անգամ հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ:

 Լավագույն դերասան

 Լավագույն դերասան ճանաչվեց ֆրանսահայ Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Սերժ Ավետիքյանը թատրոնի և կինոյի ճանաչված դերասան է: Նա նկարահանվել է 30-ից ավելի լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերում: Դերասանական կարիերան սկսել է  24 տարեկանում,  Ֆիլիպ Վալուայի միասեռականների մասին պատմող «Մենք մի մարդ էինք» սկանդալային ֆիլմի գլխավոր դերակատարմամբ: «Փարաջանով» ֆիլմում նրա դերակատարումը մեծ  քննարկումների առիթ դարձավ:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի  և երկրորդ պլանի լավագույն դերասան

 Ուշագրավ է, որ այս անվանակարգերում մրցանակների արժանացան Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերակատարները` Նարինե Գրիգորյանն ու Աշոտ Ադամյանը:

Նարինե Գրիգորյանը  Հայաստանի վաստակավոր արտիստ է: 1997-2002 թթ. դրամատիկ թատրոնի ռեժիսորի մասնագիտություն է ստացել Երևանի թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտում: Դասընթացներ  է անցել Մոսկվայում, Բոստոնում և Վրոցլավում: 2003-ից պետական «Համազգային» թատրոնի դերասանուհի է,  2008-ից՝ «Ագորա» թատերախմբի անդամ: Բեմադրել է Շեքսպիրի, Ստրինդբերգի, Ցվետաևայի, Գարսիա Մարկեսի, Խարմսի գործերը, խաղացել Չեխովի, Բրեխտի, Դե Ֆիլիպպոյի, Մյուսեի, Շվարցի, Դարիո Ֆոյի և այլոց պիեսներում: Արժանացել է թատերական պարգևների, այդ թվում՝ ՀԹԳՄ երկու «Արտավազդ» մրցանակի: 2003-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Դիալոգներ» ֆիլմում:

Աշոտ Ադամյանն ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ 1975-79 թթ.  սովորելէ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1987-ին ընդունվել է Սցենարիստների և ռեժիսորների մոսկովյան բարձրագույն դասընթացը (Ռոլան Բիկովի արվեստանոց) և ստացել կինոռեժիսորի մասնագիտություն։ Որպես դերասան սկսել է հանդես գալ ուսանողական տարիներից, խաղացել է բազմաթիվ ֆիլմերում։ 1980-ին դարձել է Հ. Մալյանի անվան թատրոնի հիմնադիրներից, աշխատել  որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում՝գեղարվեստական ղեկավար։ 2009-ին խաղացել է  Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» մենաներկայացման մեջ և տղամարդու լավագույն դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Լավագույն սցենար

Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկներ» ֆիլմը  «Հայակ» 2014-ի ամենաշատ առաջադրումն ունեցող ֆիլմն էր. ներկայացված էր 6 անվանակարգում, մրցանակի արժանացավ միայն «Լավագույն սցենար» անվանակարգում: Ֆիլմի սցենարի հեղինակները, ռեժիսորները և պրոդյուսերները Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանն են:  Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Երիտասարդ դերասանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ և մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված և անհեթեթ դեպքերի շղթան հանգեցնում է ողբերգության։

Լավագույն օպերատոր

«Լավագույն օպերատոր» անվանակարգում Թամմամ Համզան կրկնակի էր առաջադրվել. Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկներ» և Սուրեն Բաբայանի «Փուշ» ֆիլմերի համար: Հայակի արժանացավ «Փուշ» ֆիլմի համար: Թամմամ Համզան ծնվել է Դամասկոսում (Սիրիա)։ 2006-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորական բաժինը։ Տասը տարուց ավելի է, ինչ ապրում և ստեղծագործում է Հայաստանում։ 2003-ից նրա լուսանկարչական գործերը ներկայացվել են Հայաստանի և Սիրիայի մի շարք ցուցահանդեսներում: Որպես բեմադրող օպերատոր նկարահանել է ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։

Լավագույն նկարիչ

Այս անվանակարգում «Հայակի» արժանացավ ուկրաինացի բեմադրող նկարիչ Վլադիսլավ Ռիժիկովը «Փարաջանով» ֆիլմի համար: Ուսանել է Խարկովի գեղարվեստական ուսումնարանում: Զբաղվել է տների, ինտերիերների նախագծմամբ և արդյունաբերական դիզայնով: 2003-ից սկսել է հանդես գալ որպես բեմադրող նկարիչ: Աշխատել է բազմաթիվ երաժշտական տեսահոլովակների, կարճամետրաժ տեսաֆիլմերի, գովազդների վրա: 2006-ից մուտք է գործել կինո:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Հայակ» 2014-ում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը»:  Ֆիլմում գերիշխում են գրոտեսկը, աբսուրդը և տրագիֆարսը. սա հայացք է աշխարհին գառան աչքերով, մի հայացք, որն առաջ է քաշում կյանքի իմաստին, հավատարմությանը, ընկերությանը, սիրուն և դավաճանությանն առնչվող փիլիսոփայական հարցադրումներ:

Հրանտ Վարդանյանը տարիներ շարունակ  զբաղվելէարծաթագործությամբ, ապա` նկարչությամբ: Վերջապես, ի կատար ածելով մանկության երազանքը, մտել է կինոաշխարհ: 1995-ին նկարահանել է իր րառաջին կարճամետրաժ աշխատանքը` «Լռությունը»: Նկարահանել է նաև գովազդ, բազմաթիվ երաժշտական հոլովակներ փոփ ժանրի հայ և ռուս կատարողների համար, մրցանակների արժանացել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում:

Լավագույն վավերագրական ֆիլմ

Ըստ 2014 թ. «Հայակ» մրցանակաբաշխության` տարվա լավագույն վավերագրականը Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմն է:

 Լավագույն անիմացիոն ֆիլմ    

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Վրեժ Քասունու` առանց թևերի ճախրել երազող էակի մասին պատմող «Արշալույս» ֆիլմը:

Լավագույն դեբյուտ

«Լավագույն դեբյուտը» թերևս կարևորագույն անվանակարգերից է, որտեղ ուրվագծվում է հայկական կինոյի մոտ ապագան:  Այս տարի տվյալ անվանակարգում լավագույնը ճանաչվեց Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը:  

«Ճանապարհը» երկերգություն է բարոյական  բարդ երկընտրանքի մասին: Երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ, սակայն նման իրավիճակներ: Առաջին պատմության մեջ գերմանացի սպայի հրամանին չենթարկվելը մահվան սպառնալիք է: Երբեմն մարդասիրաբար վարվելու և մարդ մնալու գինը  չափազանց թանկ է: Երկրորդ պատմությունը ներկայացնում է մեր ժամանակները, երբ երիտասարդ գործարարները գյուղի ճանապարհին մահացու վրաերթի են ենթարկում մի երեխայի:  Ի՞նչ անել. թողնել մեռնող երեխային և փախչե՞լ, թե՞ դժվարին, բայց միակ ճիշտ վճիռն ընդունել:

Ալեքսանդր  Բաղդասարյանը ծնվելէ 1994-ին։ 2010-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժին, բայց, հետաքրքրված լինելով իր ներկայիս մասնագիտությամբ` 2011-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի օգնական աշխատել է Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» (2012) և Էդգար Բաղդասարյանի «Ներում» ֆիլմերում։

Լավագույն արտասահմանյան ֆիլմ

Լավագույնը ճանաչվեց բելգիահայ պրոդյուսեր և ռեժիսոր Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա. խենթ հող» վավերագրական կինոնկարը:  Ֆիլմը հրավիրում է ճանապարհորդության, որն իրական ու երևակայական հերոսներ գտնելու յուրատեսակ մշակութային փորձ է:

 «Կինոաշխարհը» սիրով շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին:

Րաֆֆի Մովսիսյան