Իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին զայրացրել է Թեհրանին Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբի այտը բարեկամաբար համբուրելու պատճառով:

df12a899-bd39-49ac-8d1b-ca218f50ff1c_16x9_600x338

Այդ համբույրն «անմահացրած» լուսանկարը հրապարակվել է իրանյան ԶԼՄ-ներում և առաջացրել Թեհրանի բացասական արձագանքը: Մասնավորապես, Իրանի մշակույթի փոխնախարար Հոսեյն Նուշաբադին Հաթամիի ներկայությունը փառատոնում որակել է անպատշաճ և «կրոնական համոզմունքներին հակասող»: Նա հայտարարել է նաև, որ միջազգային միջոցառումների մասնակիցները պետք է հոգան իրանցիների հեղինակության և բարեպաշտության մասին, որպեսզի իրանցի կանանց  չներկայացնեն անցանկալի լույսի տակ:

Ժիլ Ժակոբն իր հերթին նշել է, որ այտը համբուրելը ավանդական վարվելաձև է Արևմուտքում, ուստի չի կարող ինչ-ինչ վեճերի առիթ դառնալ: «Այդ ես եմ համբուրել մադամ Հաթամիին: Ըստ իս, այդ պահին նա մարմնավորում էր ողջ իրանական կինոն»,- գրել է նա թվիթերում:

Հաթամին միջազգային ճանաչում է ձեռք բերել 2011 թ. «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» կինոնկարում խաղացած գլխավոր դերի համար: 2012 թ. այդ կինոնկարը «Օսկար» ստացավ որպես լավագույն արտասահմանյան  ֆիլմ: Իսկ այս տարի Հաթամին Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ է:

Լեյլա Հաթամին 41 տարեկան է, ապրում է Իրանում ամուսնու` դերասան Ալի Մոսաֆի և երկու երեխաների հետ:

Աղբյուրը` Ինտերֆաքս