Թևանիկ ռեժիսորական ուրվագծումներ, հանդիսատեսի կռահումներ
Հայ-լիտվական արտադրության խաղարկային լիամետրաժ «Թևանիկ» ֆիլմը բաղկացած է երեք մասից՝ «Արամ» էլեգիա (Հենրիկ Շահբազյան), «Աստղիկ» սոնետ (Մարի Մովսեսյան), «Թևանիկ» ասք (Հովհաննես Խոդերյան)։ Առնոլդ Աղաբաբովի Արցախյան ազատամարտի մասին կարճամետրաժ ֆիլմի սցենարն ընդլայնել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, էկրանավորել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Օպերատորը Նարեկ Շահբազյանն է։
Ֆիլմում Արցախյան ազատամարտը ներկայացվում է երեք դեռահասների կյանքի պատմությամբ։
Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան։ Իսկ շուտով ոչ միայն «Թևանիկը», այլև ռեժիսորի նոր՝ դարձյալ Արցախի մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիմի նախագիծը կներկայացվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում։ Երկու տարում նույն ռեժիսորի երկու խաղարկային ֆիլմ՝ «Ընդհատված մանկություն» և «Թևանիկ», երկուսն էլ Արցախի մասին և առանց կրկնության։ Ջիվան Ավետիսյանը վստահեցնում է, որ կրկնություն չի լինի նաև երրորդում. «Արցախյան ազատամարտն այնքան հարուստ նյութ է և այնքան բազմակողմանի դիտարկման հնարավորություն է տալիս, որ կրկնել ուղղակի անհնար է»։
Կրակոցներ կան, արկ ու ռումբի պայթյունները շեմին են հասել, բայց դեռ պատերազմի գիտակցումը չկա։ Գյուղն իր կենցաղով, իր բան ու գործով է տարված. այդպես է ընդդիմանում պատերազմին, բայց անզոր է իր խաղաղության ձգտմամբ։ Նահանջի հրաման կա, բայց հրամանին տեր կանգնելու ցանկություն չկա. հակառակը կնշանակի բնօրրանը, տունը, տեղը, պատմությունն ու ապագան հակառակորդին թողնել։ Ու պատերազմը մի օրում մտնում է յուրաքանչյուրի տուն։
Գյուղն այլևս գյուղ չէ, այլ պատերազմի դաշտ, գյուղի տերերն այլևս մեծ ու փոքր չեն, այլ մարտիկ կամ դասալիք։ Ահա այսպես գյուղի մի օրը 80 րոպեում տեղավորելով, սիրո ու խաղաղության մասին պատմելով` «Թևանիկի» ստեղծագործական կազմը ցույց է տալիս պատերազմը, որի ժամանակն ու աշխարհագրությունն առանձնապես չեն ճշգրտվում, միայն ուրվագծվում են մեկ-երկու ակնարկով՝ «սովետի դեմ», «թորքի աղջիկ», «թորքի լակուտ»։ Ուրվագծվում են նաև ճակատագրերն ու կերպարները, հակառակորդն ու պատերազմի պատճառը՝ շատ ու շատ հարցեր թողնելով առկախ, ինչպես բուն պատերազմն է «Թևանիկում» խիստ շոշափելի ու միաժամանակ օդում կախված։
Առկախումների մտածողությամբ կառուցված ֆիլմը յուրաքանչյուր դիտողի սեփական կռահումներով լուծում գտնելու հնարավորություն է տալիս, ուրեմն նաև դիտողին է մասնակից ու գործող անձ դարձնում։ «Թևանիկի» պատերազմը դիտողն ինքը կարող է վերագրել թեʹ ժամանակ ու աշխարհագրություն, թեʹ պատճառ ու հետևանք, թեʹ հակառակորդ կողմերի ինքնություն, ինչն ընդհանրապես, անշուշտ, վատ չէ, և կռահումների շղթան դիտողին տանում է այլընտրանքի ճանապարհով, ինչը նույնպես վատ չէ, սակայն ուղղակիորեն խանգարում է, քանի որ ամբողջացված չէ ստեղծագործական կազմի ասելիքը։ Չնայած շատ դրվագներում ֆիլմը վավերագրության չափ մոտ է պատմական իրականությանը, իսկ կերպարների շարքում խիստ ճանաչելի է ՄոնթեՄելքոնյանը (ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս), այնուամենայնիվ «Թևանիկը» տարակուսանքի տեղիք կարող է տալ թեʹ Արցախյան պատերազմին անտեղյակ օտարին, թեʹ խիստ տեղյակներին ու անգամ պատերազմի մասնակիցներին։
Հակառակորդը ֆիլմում հայտնվում է երեք անգամ՝ յուրաքանչյուր հայտնությամբ ավելացնելով ու խորացնելով առկախ մնացած հարցերը։
Առաջին՝ հայի հետ ընտանիք կազմած դստերն ու փոքր թոռանը պատերազմող գյուղերի սահմանագծին դիմավորելու և հայրենիք տանելու եկած տղամարդը, ի տարբերություն հայերի, քաղաքացիական հագուստով է, անզեն ու խաղաղ, մինչդեռ նրա հայ խնամին անզիջում հաստատակամությամբ ընդդիմանում է մարտիկ որդու խնդրանք-պարտադրանքին` ընդունելու մեծ թոռանը և բացի թոռանը «թորքի լակուտ» անվանելուց, նաև որդունէ տնից դուրս անում։ Վերջինս, սակայն, հասցնում է հայտարարել. «Շենը լիքն ա թորքի լակուտներավը, բայց մինակ իրանըն ասում թորքի լակուտ»։
Թեʹ մարդկային պարզ հիշողությունները, թեʹ պաշտոնական վիճակագրությունը չեն ապացուցում ասվածի հավաստիությունը։ Արցախում խառն ամուսնությունների քանակն այնքան մեծ չէր, որ հայկական գյուղերը լիքը լինեին «թորքի լակուտներավ»։ Իսկ հայ պապի ուշացած զղջումը հակառակորդ կողմերի տղամարդու և կնոջ ընտանիքին ոչ մի կերպ չի օգնում. ընտանիքը սիրո առկայությամբ և աշխարհի պարտադրանքով բաժանվում է հայկական և ադրբեջանական մասերի։
Երկրորդ՝զրահամեքենայով հայկական կողմը եկող հակառակորդը խնայում է հերկած արտերը. «Հենց ա մեր հրևան Հասանն ա՝ հանդերը կոխ չի տամ. ինքն ա վարալ»,- զենքը ձեռքներին` խրամատում ծիծաղելով երկխոսում են հայկական գյուղի բնակիչները։ Ու տպավորություն է ստեղծվում, թե հակառակորդը խիստ մարդասեր, կիրթ ու աշխատավոր հավաքականություն է, որի հետ խաղաղ համակեցությամբ ու անհամար խառն ամուսնություններով ապրում էին մինչև մի օր առաջ։ Հայ գյուղացին էլ զրույցում զարմանքով ասում է. «Շենումը հազար գործ կա, հրամանատարը ասում ա՝ տրակտորը երկալ պիցրացի դիրքերը»։
Երրորդ՝ ֆիլմի ավարտին պարզվում է, որ հակառակորդը կովկասյան ծագում չունի, նույնիսկ արական սեռի չէ, ընդամենը` վարձկան մարդասպան, որն առանց աչք թարթելու` սպանում է հայկական կողմի երիտասարդ, բայց իմաստուն ու ռազմական հմտությունների տիրապետող հայազգի, բայց ոչ տեղաբնիկ հրամանատարին։ Այնուհետև` վայրկյան անց, մեծագույն հանգստությամբ մորե մերկ վայելում ջուրն ու բնությունը։ Իսկ արբունքի տարիքի հասած Թևանիկը, որը մեկական անվրեպ զարկով մի օրում երկու զրահամեքենա է խփում, կանացի մերկությունից կարկամած և միակ փամփուշտով լիցքավորված հրացանը ձեռքին, հայտնվում է հրամանատարին սպանողի հետ ճակատ ճակատի։ Միակ կրակոցը հնչում է լիակատար մթության մեջ։ Ու թեև կրակոցը մեկն է, դեռահասի հակառակորդն էլ` կին, կրակոցը դեռահաս Թևանիկինը չէ։ Չէ՞ որ հակառակորդը պրոֆեսիոնալ մարդասպան է, որի համար մայրական բնազդն առաջնային չէ։ Իսկ մերկություն տեսած դեռահասին շփոթությունը հաղթահարելու համար ժամանակ է պետք, հետևաբար կրակելու առաջնայնությունը նրան վերագրելն առավելաբար անհիմն ու զգայական մոտեցում է մնում։
Եվ ֆիլմն անպատասխան է թողնում մի շարք հարցեր. ովքե՞ր են հակառակորդները, ինչո՞ւ են պատերազմում, այն էլ մի կողմում` վարձկանների միջոցով, մյուս կողմում` հայազգի, բայց ոչ տեղաբնիկ հրամանատարի ղեկավարությամբ (վերջին հանգամանքը նկատելու հնարավորությունը կրկին հայերինն է. ֆիլմը Արցախի բարբառով է, հրամանատարը խոսում է արևմտահայերեն, իսկ կնոջից ստացած նամակներն արևելահայերեն են), պատերազմը հրահրվա՞ծ է երրորդ կողմից, ո՞վ է հրահրողը։
Այս հարցերի պատասխաններն այդպես էլ առկախ են մնում հատկապես արտաքին սպառողի համար։ Վերջինս, որ մեծավ մասամբ անտեղյակ է Արցախյան ազատամարտին և բնականաբար կարիք ունի պատասխանների, ինքնուրույն կարող է մարդկային ճակատագրերն ամբողջացնել սեփական կռահումներով ու երևակայությամբ, քանի որ պատերազմն ամենուր նույն դեմքն ունի ու համանման են հետևանքները՝ ընդհատված կյանք ու մանկություն, կորուստ ու ցավ, սիրո ու խաղաղության ամեն վայրկյան ավելի ուժգնացող ձգտում։ Այ սա բավական գունեղ ու նրբորեն ցուցադրվում է «Թևանիկում», որն իր բոլոր անկատարություններով ու կռահումների պարտադրանքով հանդերձ, հեռու է անիրական խաբկանքներից և արժանի է հանդիսատեսի։
Նանա Պետրոսյան