2_from-yerevanՀայկական իրականության մեջ 60-ականները եղել են հոգևոր-մշակութային զարթոնքի, ներքին ազատության, արվեստում նոր ալիքի, նորարարության  շրջան։ Այդ ալիքը ներխուժեց արվեստի գրեթե բոլոր ճյուղերը՝ գրականություն, կինո, թատրոն, կերպրվեստ։ Նոր շունչն ու գաղափարը միս ու արյուն էին ստանում, դառնում ստեղծագործություն ու մշակութային արժեք, որոնցով այսօր էլ շարունակում ենք հիանալ: Նոր գաղափարները ծնվում էին 60-ականների երևանյան սրճարաններում, արվեստի մարդկանց հանդիպավայրերում, որտեղ մշակութային բոհեմն էր։ Եվ պատահական չէ, որ հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց ևʹ լավ գրականություն, ևʹ լավ կինո, ևʹ  լավ թատրոն, ևʹ հրաշալի  գեղանկարչություն։

Վաղուց արդեն անցել են այդ ժամանակները, չկան արդեն այն սրճարանները, չկան նաև այն մարդկանցից շատերը, որոնց շնորհիվ ստեղծվում էր այդ միջավայրն ու մթնոլորտը։ Սակայն, ինչպես ասում են, ամեն ժամանակ ստեղծում իր միջավայրն ու մարդկանց, որոնք էլ ձևավորում են մշակութային մթնոլորտը։raffi

Վերջին տարիներին Երևանում սկսել են ձևավորվել underground-ային կինոցուցադրումներ ակումբներում ու փաբերում, որոնք ուղեկցվում են քննարկումներով, մտքերի փոխանակումով ու բուռն վեճերով։ «Կինոաշխարհն» անդրադարձել է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի UPkino նախագծին, որի արդյունքում արդեն վեցերորդ ամիսն է` ամեն երկուշաբթի UPtown ակումբում տեղի են ունենում կինոդիտումներ տարբեր նախասիրություններ ու ճաշակ ունեցող հանդիսատեսի համար։ Մեր հանդիպման օրը նախագծի հեղինակը ներկայացրեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի արվեստանոցի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների ֆիլմերը։ Զրույցի հենց սկզբում Րաֆֆին նշեց, որ այս նախգծում ինքն իրեն չի դիտարկում որպես կինոքննադատի, այլ ավելի շատ փորձում է մնալ երկրորդ պլանում որպես համադրող և փորձում է ստեղծել կապ հանդիսատեսի, ռեժիսորի և կինոյի միջև։

upkino«Ընդհանրապես ինձ համար շատ ուշագրավ է, որ վերջին շրջանում` մեկ կամ երկու տարվա ընթացքում, ակումբները կամ սրճարանները, որոնք բնավ իրենց գործունեության մեջ չունեն մշակութային առանձնահատկություն, սկսել են հետաքրքրվել կինոյով և ցուցադրում են ֆիլմեր»,-ասաց նախագծի հեղինակը։

Նա համոզված է, որ հայ կինոյի պատմության մեջ 60-ականները հոգևոր կայացման, ազատության ձեռքբերման եզակի ժամանակահատված են եղել, որը սկիզբ է առել տարբեր փոքրիկ ալիքներից․ «Ու եթե հաշվի առնենք, որ Երևանում այսօր արդեն կան մի քանի սրճարաններ և մի քանի ակումբներ, որոնք անում են առանձին մշակութային ծրագրեր՝ կապված կինոյի հետ, ապա հույս ունեմ, որ այդ ալիքները մի օր իրար են բախվելու, և դրանց բախումից կարող է մի հետաքրքիր բան ծնվել, մի նոր ալիք ձևավորվել: Այս առումով կարևոր է, որ այսօրվա սցենարիստները, գրողները, ռեժիսորները միմյանց ճանաչեն, քննարկեն, կռիվ անեն։ Մեր նպատակն է ազատ տարածքում ձևավորել մի մթնոլորտ, միջավայր` այդ ամենը բերելով քննարկման մակարդակի, երբ կարող ես ինչ- որ բան առճակատ ասել,  ոչ թե գրառում կատարել ֆեյսբուքում»:

https://www.youtube.com/watch?v=OP8NHyRYftM&feature=youtu.be

Կինոցուցադրումների ծրագիրը բազմազան է․ ամեն ամիս ներկայացվում է համր ֆիլմ՝ էլեկտրոնային երաժշտության համադրմամբ: «Փորձում ենք XXI դարի մշակութային դրսևորումը` էլեկտրոնային երաժշտությունը, համադրել XX դարի հանճարեղ գյուտ համարվող կինոյի հետ, մշակութային երկու տարբեր տեսակներն իրար հետ միավորել և հասկանալ, թե արդյունքում ինչ կլինի»։ Բացի այդ, UPkino-ի ծրագրում ընդգրկված են անիմացիոն ֆիլմեր, համագործակցում են «Ռեանիմանիա» փառատոնի հետ, ցուցադրվում են այլ փառատոների ֆիլմեր, նախատեսվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր սկսել։

Ռուզան Բագրատունյան