«Չինեչիտա». ինչո՞վ է ապրում այսօր լեգենդար կինոստուդիան
Իտալական «Չինեչիտա» կինոստուդիայի անվանումը` որպես ապրանքանիշ, ներկայացնելու կարիք չունի: Բայց եթե զուգահեռներ տանենք նորաձևության հետ, ապա այն ավելի շուտ Schiaparelli և Ferré է, քան Gucci և Valentino: Այն իմաստով, որ այդ անունների շուրջ առաջացած երբեմնի աղմուկը դեռ արձագանք ունի, բայց ավելի շատ անցյալի հետ է զուգորդվում, քան ներկայի ձեռքբերումների: 1960-ականների լեգենդը` «Չինեչիտան», բարեփոխումների խիստ կարիք ունի: Ինչո՞վ է ապրում հայտնի կինոստուդիան: Եվ կարո՞ղ է արդյոք «Չինեչիտան» կրկին դառնալ իտալական անուրջների ֆաբրիկա:
30-ականների երկրորդ կեսին Հռոմի հարավարևելյան ծայրահամսում մեծ կինոքաղաքի կառուցում էր սկսվել (իտալերեն Չինեչիտա հենց դա է նշանակում): Ճարտարապետ Ջինո Պերեսուտտին ընտրել է ժամանակի ավանգարդ ոճը` ռացիոնալիզմ` լակոնիկ, խիստ և մանավանդ արագ իրագործելի: Շինարարությունն ավարտվեց մեկ տարում, և 1937 թ. կինոմեքենան գործի դրվեց` տարեկան թողարկելով մինչև 60 ֆիլմ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կինոարտադրության «արդյունաբերական» տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ վերջին տարիներին «Չինեչիտան» գործնականորեն դադարեցրել է աշխատանքը: Իսկ հետպատերազմյան ժամանակահատվածում կինոստուդիան ծաղկեց, նրան ճանաչում բերեցին Տիբրի ափեր եկած հոլիվուդյան ռեժիսորներն իրենց փեփլումներով և վեսթերններով: Դրանից հետո Անտոնիոնին էր, Վիսկոնտին, Դե Սիկան և Ֆելինին, որոնց շնորհիվ «Չինեչիտա» անվանումը վերջնականապես գրվեց համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ: Իտալացի նեոռեալիստների հեռանալուն զուգընթաց սկսեց աստիճանաբար դիրքերը զիջել նաև կինոստուդիան: 1980-ականներին «Չինեչիտան» սնանկության եզրին էր, այն մասնավորեցվեց, իսկ 2000-ականների սկզբին կինոստուդիայում կործանարար հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց դեկորացիաների մեծ մասը: Չնայած բոլոր անախորժություններին, որոնք բաժին ընկան «Չինեչիտային» վերջին տասնամյակներին, հոլիվուդյան ռեժիսորներն առաջվա պես ժամանում են Հռոմ: Այստեղ է Մարտին Սկորսեզեն նկարահանել «Նյու Յորքի ավազակախմբերը», իսկ Մել Գիբսոնը` «Քրիստոսի չարչարանքները»:
«Չինեչիտայի» շրջակայքում մի հսկա միկրոշրջան ձևավորվեց` մեծ քաղաքին բնորոշ արվարձան: Մուսոլինիի ժամանակներից ի վեր կինոստուդիայի տարածքը նկատելիորեն փոքրացել է. հողերի մի մասը տրվել է առևտրային կենտրոն կառուցելու համար: Չնայած դրան, «Չինեչիտան» այսօր էլ ցնցում է իր մեծությամբ: Մինչև 2011 թ. կինոստուդիայի տարածքում հայտնվելը սովորական մահկանացուների համար գրեթե անհնարին էր: Իսկ այսօր «Չինեչիտան», ինչպես նոր իրողություններին հարմարվող սնանկ արիստոկրատ, փոխզիջումների է գնում: Այդ ճկունությունը կարծես նրան միայն օգուտ է բերում: Կինոստուդիայի 85-ամյակի նախաշեմին դրա տարածքում թանգարան է բացվել, իսկ զբոսաշրջիկներն արդեն կարող են նկարահանման հրապարակներ այցելել:
Էքսկուրսիոն խմբերի երթուղին անցնում է նկարահանման երեք հրապարակներով` հին Նյու Յորքով, որտեղ իր ավազակային սագան է նկարահանել Մարտին Սկորսեզեն, անտիկ Հռոմով և միջնադարյան Ասիզիով: Փոքր Նյու Յորքը շատ հավաստի տեսք ունի` տիպիկ աղյուսե ճակատամասեր` մետղայա արտաքին հրդեհասանդուղքներով և մեծ պատուհաններով: Բեմադրող նկարիչ Դանթե Ֆերրետտին նյույորքյան դեկորացիաները ստեղծել է ռեկորդային կարճ ժամկետներում` ընդամենը երկու ամսվա ընթացքում: Այստեղ` «1930-ականների Նյու Յորքում» էլ պատահաբար հայտնվել է Լյումեր եղբայրների արվեստանոցը. դեկորացիաների մեծ մասը մնացել էր կինոյի պատմության մասին ֆիլմի նկարահանումներից հետո:
«Հռոմի» ստեղծումը Մայքլ Էփթեդի համանուն սերիալի ստեղծման համար ավելի երկար ժամանակ պահանջեց` գրեթե մեկ տարի: Հռոմը Հռոմում տպավորիչ է: Այստեղ ևʹ Պանթեոնն է, ևʹ պատրիկների պալատները, ևʹ հաղթակամարները, ևʹ գլադիատորական արենաները, ևʹ լատինատառ գրություններով անտիկ սյուները: Իհարկե, պարզվեց, որ այդ լատիներենը շատ պայմական է. «անտիկ գրությունները» միայն տառերի խումբ են և որևէ իմաստ չունեն: Միակ իմաստավոր արտահայտությունը` Senatus Populus que Romanus, զարդարում է Պանթեոնի ճակատային մասը: Թեպետ դրա նախատիպի` իսկական Պանթեոնի ճակատին նման գրություն չկա: Հին Հռոմից ճանապարհորդությունը տեղափոխվում է միջին դարեր: Ասիզի քաղաքի դեկորացիաները ստեղծվել են Սուրբ Ֆրանցիսկոսի մասին ֆիլմի նկարահանումների համար: Հետագայում այստեղ նկարել են նաև Ֆլորենցիայի մասին ֆիլմը, այդ իսկ պատճառով Ասիզիի աշտարակների դիմաց կարելի է տեսնել ֆլորենտական տաճարի ճակատային մասը` զարդարված տիպիկ տոսկանյան խճանկարով և կանաչ մարմարով: Բնականաբար, մարմարն ու խճանկարն իսկական չեն. «Չինեչիտայի» բոլոր դեկորացիաները պատրաստված են պոլիստիրոլից և ապակե մանրաթելից:
Վերջին ժամանակներս կինոսիրողների համար բաց է նաև «Չինեչիտայի» սրբության սրբոցի`թիվ 5 տաղավարի մուտքը: Բացի նրանից, որ հինգերորդ տաղավարն ամենից մեծն է Եվրոպայում (դրա մակերեսը գերազանցում է 3 հազար քառակուսի մետրը), այն նաև հայտնի է որպես Ֆեդերիկո Ֆելինիի սիրած տաղավար: «Երբ ինձ հարցնում են, թե որ քաղաքում կուզենայի ապրել` Լոնդոնում, Փարիզում թե Հռոմում, ես միշտ պատասխանում եմ` Չինեչիտայում: Թիվ 5 տաղավարն իդելական վայր է: Զգացումները, որ ունենում եմ այստեղ, համեմատելի են դատարկ թատրոնում գտնվելուց ստացած զգացումների հետ: Իմ առջև բացվում է մի ամբողջ աշխարհ, որը ես ինքս եմ ստեղծում»,- ասում էր Ֆելինին: Այստեղ` հինգերորդ տաղավարում, ռեժիսորի մահից հետո մի քանի օրով սգո դահլիճ բացբվեց: Այստեղ էլ Ֆելինիի բարեկամ և գործընկեր Էտորե Սկոլան նկարահանեց ռեժիսորի մահվան 20-ամյա տարելիցին նվիրված «Ֆելինի` այդ տարօրինակ անունը» ֆիլմը: Ֆելինին «Չինեչիտայի» գլխավոր խորհրդանիշն է: Այդ կինոստուդիայում ռեժիսորը 23 ֆիլմ է նկարահանել, որոնցից հինգն «Օսկար» են ստացել: Անշուշտ «Չինեչիտայի» թանգարանում Ֆելինիին առանձին ցուցադրություն է նվիրված, որտեղ, մասնավորապես, ներկայացված են ֆիլմերի օրիգինալ զգեստները` Անիտա Էքբերգի սև զգեստը «Քաղցր կյանք» ֆիլմում և Ջուլիետա Մազինայի վառ կարմիր դարսերով զգեստը ռեժիսորի առաջին գունավոր «Ջուլիետան և ոգիները» ֆիլմում:
«Չինեչիտայի» թանգարանի մեկ այլ ցուցադրություն էլ յուրօրինակ արհեստանոց է (workshop), որի յուրաքանչյուր սրահ նվիրված է կինոարտադրության որոշակի փուլի: Մի սրահում պատմում են հնչունավորման գաղտնիքների, մյուսում` սցենարների ստեղծման, երրորդում` հատուկ էֆեկտների և դիմահարդարման մասին (այստեղ կեղծ արյուն էլ կտեսնես, սիլիկոնե սարսափազդու դիմակներ էլ): Եվս մեկ սրահ էլ նվիրված է զգեստների ստեղծման ընթացքին: Այստեղ կարելի է համակարգչով մոդելավորել կինոհերոսների կերպարները` զգեստներ հորինել, կոշիկներ, սանրվածքներ և աքսեսուարներ: Ավարտելուց հետո մեքենան գնահատում է աշխատանքի արդյունքները: Իհարկե, արհեստական բանականությունից առանձնապես նրբանկատության սպասելիք չկա, և առավել հաճախակի հնչող վճիռն այս է. «Այնքան էլ լավ չէ, կրկին փորձիր»: Workshop-ցուցադրությունը եզրափակում է այն սուզանավի ինտերիերի մոդելը, որում նկարահանվել է Ջոնաթան Մոստոուի «U-571» ֆիլմը:
Ընդհանուր առմամբ, «Չինեչիտան» գերազանց է կատարում բաց երկնքի տակ կինոյի թանգարանի դերը: Այսօր կինոստուդիան կինոսիրողների համար յուրօրինակ Դիսնեյլենդ է: Բայց թե կարող է այն հետագայում աշխարհին տալ «Ամարկորդի» և «Դոլչե վիտայի» մակարդակի նոր ֆիլմեր, մեծ հարց է, որին դժվարանում են պատասխանել հենց իրենք` իտալացիները: