42015-ի  ապրիլին  ընդառաջ  ոչ միայն Հայաստանում, այլև  Սփյուռքում   ավելի  ու ավելի հաճախ է  հնչում այն հարցը, թե  հայերն ինչ ֆիլմերով  կնշանավորեն  Հայոց  ցեղասպանության 100-ամյակը: Դեռ  նախորդ  տարվա հուլիսին` «Ոսկե ծիրան»  հոբելյանական` 10-րդ  փառատոնի օրերին,  Հայաստանի մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի  համատեղ  նախաձեռնությամբ  անցկացվեց  XX դարի առաջին  ցեղասպանության թեմայով կինոնախագծերի քննարկում: Հայաստանյան  կինոգործիչների ներկայացրած փաթեթը գնահատում էր հեղինակավոր միջազգային հանձնախումբը, որի   կազմում էին  Ատոմ Էգոյանը, Քշիշտոֆ Զանուսին, Արսինե  Խանջյանը, Գևորգ Գևորգյանը  և ուրիշներ: Երկարատև ու շահագրգիռ քննարկման արդյունքում հանձնախմբին ներկայացված  37  նախագծերից ընտրվեցին միայն  մի քանիսը: Այժմ արդեն այդ նախագծերն արտադրության են նախապատրաստվում մշակույթի նախարարության  և  ազգային  կինոկենտրոնի աջակցությամբ  ու համաֆինանսավորմամբ:

Հանգամանորեն ներկայացնելով  վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմերի նախագծերը` Հայաստանի ազգային  կինոկենտրոնի տնօրեն  Գևորգ Գևորգյանը փաստում է, որ  տարբեր ժանրերի   այս նախագծերը 1915-ի ոճիրը կներկայացնեն տարբեր  տեսանկյուններից: Արդեն ֆինանսավորում ստացած ու արտադրական փուլ մտած   նախագծերի թվում են «Բարս մեդիայի»  և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի  «Բանտարկված հոգիներ»  ֆիլմը, «Ման փիքչերս» ստուդիայի  «Փրկության քարտեզը», «Մշո ճառընտիր»  անիմացիոն   ֆիլմը,  ռեժիսորներ Նարինե  Մկրտչյանի  ու Արսեն Ազատյանի  «Դաշտը»  խաղարկային լիամետրաժ  ֆիլմը, ինչպես նաև  չեխական  «Ցեղասպանության հավերժական վիշտը» նախագիծը  և Ռոբեր Գետիկյանի նոր «Մի խելագարի պատմություն» ֆիլմը:

Գևորգ Գևորգյանը լիահույս է, որ  այս  նախագծերը   ոչ միայն   փառատոնային  կենսագրություն կունենան, այլև մեծապես կնպաստեն  ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների միջազգային քարոզչությանը. «Քանի որ  այս ֆիլմերը հիմնականում նկարահանվում են  համատեղ արտադրությամբ, ինքնաբերաբար լուծվում է նաև արտերկրում ֆիլմերի վարձույթի և ցուցադրության  հարցը: Դա վերաբերում է  նաև չեխական հեռուստատեսության «Ցեղասպանության հավերժական վիշտը»  նախագծին, որի սցենարի հեղինակն ու  ռեժիսորն է  Մարտին Մահդալը: Նկարահանումներն արդեն իրականացվել են Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, իսկ այս պահին չեխական նկարահանող խումբն  աշխատում է Երևանում: Սա նշանակում է, որ այդ երկրներում  մենք  կունենանք լիարժեք  վարձույթ: Նույնը  կարելի  է  ասել նաև  «ԱրտՍտեպ»  ստուդիայի ներկայացրած   «Մշո ճառընտիր»  անիմացիոն  15-րոպեանոց  ֆիլմի  նախագծի  վերաբերյալ, որը  նկարահանելու է  Սերժ  Ավետիքյանը: Իսկ  «Ման փիքչերս» ստուդիայի  «Փրկության քարտեզ»    վավերագրական   նախագիծը նախատեսում է նկարահանումներ  եվրոպական մի շարք  երկրներում, որտեղ եվրոպացի   հինգ  միսիոներուհիների շնորհիվ  ապաստան են գտել   եղեռնից մազապուրծ տասնյակ հայ մանուկներ»:

«Փրկության քարտեզ» ֆիլմի   ռեժիսորն է  Արամ Շահբազյանը: Ֆիլմի հեղինակները մեկ դար անց  քայլ առ քայլ  անցնելու   են այն ճանապարհը, որ XX դարի սկզբին անցել են   եվրոպացի   հինգ  հայտնի միսիոներուհիները: Նրանց   առաքելության ճանապարհը ֆիլմում անցնում է  դանիացի հայտնի պատմաբան Մատթեաս Բյորնլանդը: Ֆիլմի  գլխավոր հերոսուհիների  անուններն  այսօր արդեն  հավերժացել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիշատակի պատի մեծ մարդասերների շարքում. Մարիա  Յակոբսեն, Քարեն Եփփե, Բոդիլ Բյորն, Ալմա Յոհանսոն  և  Հեդվիգ Բյուլ: Այս հինգ կանայք ոչ միայն հայկական ողբերգության ականատեսը դարձան, այլև համարձակություն և խիզախություն ունեցան քաղաքակիրթ Եվրոպայում պատմելու  թուրքական ոճիրի մասին:

Նրանցից շատերը 1915-ի սպանդն ընդունեցին որպես անձնական ողբերգություն  և  որդեգրելով հայ որբուկներին` եղեռնի հիշողությունը փոխանցեցին նաև նրանց սերունդներին: Այդ հիշողության ժառանգորդներից մեկը`  Յուսի  Ֆլեմինգ  Բյորնն այսօր Հայաստանում է  և  ընդգրկված է   «Փրկության քարտեզ» Ֆիլմի խորհրդատուների կազմում:

Յուսին  Բոդիլ Բյորնի թոռն է, նրա հայրը մեկն էր այն  տասնյակ  հայ ծնողազուրկ երեխաներից, որոնց  որդեգրեցին  անձնազոհ    միսիոներուհիները: Յուսին արդեն  հասցրել է իր տատիկին  նվիրված ֆիլմ  ստեղծել, որը  կոչվում  է  «Մայրիկ»: Ֆիլմը նկարահանելիս  օգտվել է իր տատիկի օրագրից  ու օգտագործել նրա թողած արխիվային նյութերը: Հիմա  էլ  իր խորհրդատվությամբ օգնում է հայկական  նախագծի հեղինակներին, քանի որ  նաև անձնական  պատասխանատվություն է  զգում այդ կարևորագույն թեմայի հարցում. «Այս  ֆիլմը նաև իմ տատիկի պատմությունն է,  ուստի   ուզում եմ  իմ ներդրումն ունենալ այս նախագծում: Եթե մանավանդ  հաշվի առնենք այն հանգամանքը, որ սա կարող է սթափեցնել  մարդկանց: Երբ հետևում ես այն  կանանց  ճակատագրերին, որոնք թողել են իրենց ապահով տները, բարեկեցիկ կյանքն ու գնացել Թուրքիա հայերին փրկելու, հասկանում ես, որ դա նրանց համար չափազանց կարևոր  է եղել»:

Գևորգ  Գևորգյանը   շատ է կարևորում նաև Ռուսաստանի  «Comer  work» ստուդիայի նոր միջազգային նախագիծը, որն   Առաջին   համաշխարհային պատերազմին նվիրված   լիամետրաժ «WW1»  կինոալմանախն է: Այս միջազգային  կինոնախագծին մասնակցում են  ռուս, սերբ, գերմանացի և  ֆրանսիացի կինոգործիչներ: «Մշո ճառընտիր» անիմացիոն  15-րոպեանոց  ֆիլմը մեկն է այն  կինոնովելներից, որոնցով ամբողջանալու է  կինոալմանախը:

Գևորգ   Գևորգյանն  ակնկալում է, որ  արդեն 2015-ի ապրիլին  թվարկված ֆիլմերը պատրաստ կլինեն հայտնվելու  մեծ էկրանին. «Մենք արդեն մտածում ենք  այս ֆիլմերի   ոչ միայն  արտասահմանյան,  այլև փառատոնային    ցուցադրությունների մասին: Իհարկե, աշխատելու ենք,  որ դրանք ցուցադրվեն հեղինակավոր  և առաջնակարգ փառատոներում և որքան  հնարավոր է  մեծ լսարան ունենան կինոաշխարհում»:

 Նունե   Ալեքսանյան