բալ1Կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանն ամեն ամիս 4-5 օրով գալիս է Հայաստան: Պատճառը վարպետության դասերն են, որ մեկ տարուց ավելի անց են կացվում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Էկրանի վարպետներն, այդ թվում և արտասահմանից, մասնագիտական դասընթացներ են անցկացնում ուսանողների հետ:

«Երբ ինձ առաջարկեցին պարբերաբար գալ Երևան ու երիտասարդներին վարպետության դասեր տալ, մեջս հույս ծագեց, թե կտեսնեմ Հրանտ Մաթևոսյանին: Հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ: Ուզում եմ տեսնել երիտասարդի, որ գյուղից քաղաք է եկել սովորելու, բայց ինքն ավելի շատ բան գիտի, քան իր տարեկիցներն ու անգամ դասախոսները. Հրանտ Մաթևոսյանի պես: Բնատուր իմաստուն, դեռ գիրք չբացած՝ հզոր գիտելիքներով, տեսանելի ու անտեսանելի հազարավոր զգայարաններով զինված ջահելի եմ ուզում հանդիպել ու հասկանալ, որ նոր Հրանտ Մաթևոսյան է ծնվել: Ցավոք, դեռ չեմ հանդիպել նրան: Չեմ ասի, թե այսօրվա ուսանողները մասնագիտական գիտելիքներ չունեն: Ո՛չ, ունեն, կարդացել են, տեսություն, հայտնի անուններ գիտեն, բայց զգացողությունների, ներքին սրված ջղի պակաս ունեն: Էս ջահելների ձեռքներին հազար տեսակ համակարգիչ, iPad ու  iPhone կա: Ի՞նչ են մտածում` չես հասկանում: Էդքան էլ ծո՞ւյլ լինի մարդ. նկարեք, ստեղծագործեք էդ տեխնիկայով, ո՞ւմ եք սպասում: Էնքա՜ն հրաշալի ֆիլմեր կարելի է ստեղծել ձեռքի տակ եղած տեխնիկական միջոցներով, բայց ցանկություն չունեն: Շնորհք ունեն, տեսնում ես, որ կարող են, բայց ծույլ են, չեն անում»,- վարպետության վերջին դասի ավարտին ասաց Ռոման Բալայանը:բալ2

Ռոման Բալայանը կարծում է, որ պետք է հավաքվեն կինոգաղափարներ ու սցենարներ: Պետք է շրջել Հայաստանի մարզերում, գտնել բնատուր տաղանդավոր մարդկանց, ստեղծագործողների ու նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն տալ:   «Չի բացառվում, որ հենց հիմա Հայաստանի գյուղերում փայլուն կինոնախագծեր, սցենարներ լինեն, որոնց մասին ոչ ոք չգիտի»,-ասում է կինոռեժիսորը:

բալ3Ռոման Բալայանի չիրականացած կինոնախագծերից մեկն էլ Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշն» է: Չնկարահանված ֆիլմի մասին խոսելիս թեթև բնավորության շնորհիվ որևէ մեկի հասցեին քննադատական խոսք չի ասում: Չստացվեց ու վերջ: Պատճառները ժամանակին պարզաբանվել, անցել-գնացել են, էլ ի՞նչ իմաստ ունի թարմացնելը: Կինոռեժիսորը պատրաստվում է աշնանը գեղարվեստական լիամետրաժ նոր ֆիլմի նկարահանումներ սկսել: Չի մանրամասնում՝ ինչ ֆիլմ է. դեռ կես տարի կա, չեղած բանի մասին ժամանակից շուտ խոսել չի ուզում:

Թե ինչպես կանդրադառնան Ուկրաինայի քաղաքական վերջին զարգացումները մշակութային դաշտի վրա, Ռոման Բալայանը վատ կանխատեսումներ չի անում:  «Հիմա էլ Ուկրաինայում մշակութային ոչ մի նախագիծ չի ընդհատվել, ամեն ինչ իր հունով է գնում: Չեմ կարծում, թե աշնանը նկարվելիք իմ ֆիլմին ինչ-որ վտանգ սպառնա: Բայց որ ուկրաինացիները նեղացած են հայերից, չեն թաքցնում: Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը նրանց սրտով չէ. վիրավորված են»,- նկատեց Ռոման Բալայանը:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ