Թե օտարը տեղեկանում է մեր պատմության ամենադառը շրջանին՝ Հայոց ցեղասպանությանը, ապա ողջ կյանքում իր հետ է կրում ու բավական հաճախ միանում հայության պահանջին։ Պրոդյուսեր Յան Կուդելան և սցենարիստ, ռեժիսոր Մարտին Մահդալը նույնպես ոչ միայն տեղեկացել են, այլև փորձում են նաև այլոց տեղեկացնել: Չեխ կինոգործիչները Հայաստանի ու հայության մասին են պատմում իրենց նոր՝ «Ցեղասպանության հավերժական լռությունը» վավերագրական ֆիլմում։

674617_jan-kudela-fotograf-hviezd«Ծրագրել ենք ֆիլմը ցուցադրության պատրաստել 2015-ին, քանի որ հենց այդ տարի այդ զարհուրելի իրողությունից կհեռանանք ուղիղ 100 տարով։ Այո, կհեռանանք, սակայն, ցավոք, մեր կողքին, մեր օրերում հենց այդ իրողության հետևանքները ոչ միայն հայության հետագա սերունդների կյանքում, այլև նոր ցեղասպանություններում տեսնելով և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման սպասումով»,- տեղեկացրեց պրոդյուսեր Յան Կուդելան, որը, ինչպես և ողջ ստեղծագործական կազմը, ֆիլմի ապագան, բացի Չեխիայից և Հայաստանից, տեսնում է նաև եվրոպական երկրներում հեռուստատեսային, փառատոնային և այլ կարգի ցուցադրություներում։  Այդ նպատակով էլ «Ցեղասպանության հավերժական լռությունը» կունենա երկու՝ հեռուստատեսային (52 ր.) և լիամետրաժ (72 ր.) ձևաչափ։

Martin-Mahdal«Առաջին անգամ չէ, որ անդրադառնում եմ Հայաստանին ու հայությանը։ Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին ու Սպիտակի երկրաշարժի օրերին Յարոմիր Շտետինան (ներկայում Չեխիայի սենատոր, որը պատրաստվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր ներկայացնել Չեխիայի սենատ- Ն.Պ.) որպես ռազմական լրագրող աշխատում էր Արցախում ու Հայաստանում, իսկ ես նրա ասիստենտն էի։ Տարիների ընթացքում կարճամետրաժ վավերագրական ֆիլմերով անդրադարձել եմ հայության և հատկապես Արցախի խնդիրներին։ Իսկ ցեղասպանությանն անդրադարձս ուղղակի պարտադիր եմ համարում որպես այն դեռևս չճանաչած երկրի քաղաքացի և որպես մեկը, որ վստահ է` մերօրյա Եվրոպան բավականաչափ տեղյակ չէ այդ ոճրին։ Այս ֆիլմով նպատակ ունենք տեղեկացնել և հուզել»,-ընդգծեց սցենարիստ, ռեժիսոր Մարտին Մահդալը: Նա Արցախն այնչափ հարազատ է համարում, որ ֆեյսբուքյան էջում իրեն կոչել է Արցախ՝ գրանցվելով Martin Arcach Mahdal։

Բացի չեխ վավերագրողների` հայության ու Հայաստանի հանդեպ անհատական հետաքրքրությունից, ֆիլմի լինելիությանը նպաստել է նաև պետական դրամաշնորհը (այն կազմում է անհրաժեշտ գումարի՝  72 հազար եվրոյի 20%-ը), որը շնորհելու համար Չեխիայի համապատասխան պետական կառույցն  ամեն տարի դիտարկում է հարյուրավոր սցենարներ և այս տարի, ի թիվս ընտրված 7-ի, ներառել է նաև Մարտին Մահդալի նախագիծը։ Ի դեպ, այն նկարահանվում է նաև Չեխիայի պետական հեռուստաընկերության պատվերով։

10154557_265995860238548_7551706327863800439_nՀայաստանում նկարահանումներն իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տեխնիկական աջակցությամբ։ Նշանակալի են նաև Չեխիայի հայկական համայնքի աջակցությունը և համայնքի ղեկավար Գագիկ Տոնյանի անհատական ջանքերը։ Բայց ֆիլում հայկական մասնակցությունն այսքանով չի ավարտվում: «Ցեղասպանության հավերժական լռության» համասցենարիստն ու համառեժիսորն է Արմեն Կարապետյանը, որի հավաստմամբ` չեխ վավերագրողների հետ համագործակցությունը յուրօրինակ արդյունք կունենա. «Շուրջ մեկ դար անց էլ որևէ հայի համար չափազանց դժվար է ցեղասպանությանն այս կամ այն կերպ անդրադարձը հեռու պահել ցավից ու զգայականությունից։ Այս իմաստով չեխ գործընկերներիս մոտեցումն ու մեր համագործակցությունը բերում են օտար աչք ու ականջի համար խիստ անհրաժեշտ հավասարակշռում։ Ի դեպ, կարծում եմ, որ պետական աջակցությունը նույնպես հարկավոր է հավասարակշռել, մանավանդ որ արդեն առկա է անհրաժեշտ գումարի 80%-ը հայթայթելու հարցը»։

Այնուամենայնիվ ստեղծագործական կազմը գնահատում է բոլորի, այդ թվում նաև երկու երկրների դեսպանների աջակցությունը, վստահ է, որ ֆիլմն ավարտին կհասցնի ճիշտ ժամանակին և հույս ունի, որ նշանակալի արձագանք կստանա բոլոր այն երկրներում, որտեղ կցուցադրվի։

Մինչ այդ սցենարը մի փոքր մանրամասնելու հնարավորությունը Մարտին Մահդալն անօգուտ համարեց. «Մանրամասնել չէի ուզենա։ Միայն ասեմ, որ սյուժետային երեք գիծ կա, յուրաքանչյուրը տարբեր ժամանակում՝ ներկայացնելով անցյալը Հայաստանում, անցյալը Հայաստանի շուրջ և ներկան։ Կարևորագույն խնդիրս եմ համարում ժամանակակից սերնդի կյանքում ցեղասպանության հետևանքներն ու դրանց ժամանակակցի վերաբերմունքը ցույց տալը։ Միջոցներից մեկն էլ հայրենակցիս՝ Կառլ Հանսայի կյանքը ներկայացնելն է։ Նա Հայոց ցեղասպանության ականատեսներից է և չի զլացել իր տեսածն արձանագրել ու հրատարակել 1923-ին։ Ի դեպ, նրանով հետաքրքրվեցի այն ժամանակ, երբ Չեխիայի հայ համայնքն սկսեց Հանսայի մասին տեղեկություններ հավաքել։ Չլիներ հայկական համայնքի փնտրտուքը, գուցեև սցենարն էլ այլ կերպ կառուցվեր»։

Նանա Պետրոսյան