Այն կինոնկարների շարքում, որոնցից հրաժարվել է ուկրաինական առաջատար վարձակալներից մեկը, Ալեքսեյ Ուչիտելի «Ութնյակն» է:

3390203

Կադր Ալեքսեյ Ուչիտելի «Ութնյակը» ֆիլմից

«Ուկրաինական դիստրիբյուտորները և կինոթատրոնները հրաժարվում են ռուսական կինոյի վարձույթից»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ցենտրալ փարթնըրշիփ» ընկերությանը:

«Ուկրաինական առաջատար վարձակալներից մեկը` «Ինտեր-ֆիլմ» ընկերությունը, հենց նոր հաղորդել է Ռուսաստանի իր գործընկերներին, որ չի պատրաստվում մայիսին ուկրաինական վարձույթ թողարկել երեք ռուսական ֆիլմ, որոնց հետ աշխատանքի մասին արդեն պայմանավորվածություն է եղել: Հանդիսատեսը չի տեսնի «Ութնյակը» դրաման, «22 րոպե» էքշնը և « Խոհանոցը Փարիզում» կատակերգությունը:

Ըստ «Ցենտրալ փարթնըրշիփի» հաղորդման` «Ինտեր-ֆիլմի» գլխավոր տնօրեն Օլեգ Գոլովաշկինը հայտնել է պաշտոնական նամակում, որ ընկերությունը որոշում է ընդունել մայիսին վարձույթ չթողարկել այդ ֆիլմերը` «պայմանավորված երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով, ինչպես նաև բարոյա-էթիկական պատճառներով»:

«Ցենտրալ փարթնըրշիփի» հայտարարությունում նշվում է, որ Ալեքսեյ Ուչիտելի «Ութնյակը» «գրաքննության է ենթարկվել», քանի որ պատմում է ռուս օմոնականների կյանքի մասին, «22 րոպեն»` որովհետև պատմում է այն մասին, թե ինչպես են ռուս նավաստիները և զինվորականները կռվել սոմալիական ծովահենների դեմ, իսկ «Խոհանոցը Փարիզում»-ը այն պատճառով, որ ֆիլմի հերոսներից մեկը Ռուսաստանի նախագահն է: «Մենք խորապես վշատացած ենք ստեղծված իրավիճակից, քանի որ ուկրաինացի հանդիսատեսը չի տեսնի ֆիլմեր, որոնք հավանաբար մեծ հաջողություն կվայելեին: Շատ ցավալի, որ աշխարհաքաղաքական հարցերն ազդում են մեր կյանքի այդպիսի ոլորտների վրա»,- ասվում է «Ցենտրալ փարթնըրշիփի» հայտարարությունում:

Ըստ «Ցենտրալ փարթնըրշիփի» տվյալների` ռուսական ֆիլմերը Ուկրաինայի վարձույթում հավաքում են իրենց ընդհանուր շահույթի 10%-ը:

Կինոընկերությունները հրաժարվում են Ղրիմում ցուցադրման իրավունք տալուց

Մարտի վերջին Ղրիմի հնագույն` Շևչենկոյի անվան կինոթատրոնի տնօրեն Վլադիմիր Միրոշնիչենկոն  հայտնեց, որ ամերիկյան խոշոր կինոընկերությունները, այդ թվում Paramount Pictures-ը, Sony Pictures-ը, Universal-ը, 20th Century Fox-ը հրաժարվում են ռուսական դիստրիբյուտորներին փոխանցել իրենց ֆիլմերի ցուցադրման իրավունքը:

Ամերիկյան մեյջերները, մասնավորապես` Paramount-ը, ասում են, որ իրենք չեն ընդունում Ղրիմի ՌԴ-ին միանալը: Նման իրավիճակում Ղրիմում ֆիլմերը չեն ստանա թեʹ ուկրաիներեն, թեʹ ռուսերեն: Փաստորեն Ղրիմը զրկվում է նոր ֆիլմեր ցուցադրելու հնարավորությունից:

Կիևը դադարեցրել է «Ճակատամարտ Սևաստոպոլի համար» ֆիլմի ֆինանսավորումը

Մարտի 26-ին ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտնեց, որ Ուկրաինան չի կատարել Ռուսաստանի հետ համատեղ «Ճակատամարտ Սևաստոպոլի համար» ֆիլմի ֆինանսավորման պարտավորությունները: Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ նախագիծը դառնալու էր մի կինոնկար, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին: Սկզբում Ուկրաինայի կողմից ֆինանսավորումը ստացվում էր կինոյի հարցերի պետական գործակալությունից, Ռուսաստանի կողմից ֆինանսավորումը` մշակույթի նախարարությունից:

Ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկին նկարահանումները սկսել է Ղրիմում մինչև Կիևի իրադարձությունները` անցած տարվա աշնանը: «Ճակատամարտ Սևաստոպոլի համար»-ը դառնալու էր վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների առաջին խոշոր կինոնախագիծը:

Աղբյուրը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ