գեդ4Ընդամենը  մեկ, բայց իր նոր ֆիլմի գուցե  ամենակարևոր տեսարանի համար  Ռոբեր Գետիկյանը  Հայաստանում է բազմամարդ նկարահանող խմբով  և  կյանքի  ու ստեղծագործական ճանապարհի անբաժան ուղեկցի՝ տիկնոջ` ֆրանսիական կինոյի  ինքնատիպ  դերասանուհիներից մեկի`  Արիան Ասկարիդի հետ: Այն, ինչի  համար հայտնի ֆրանսահայ ռեժիսորը պատմական հայրենիքում  է, «Մի խելագարի պատմություն»  ֆիլմի եզրափակիչ տեսարանն է. նկարահանվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց  ցեղասպանության 99-ամյակի ոգեկոչման երթի  ընթացքում: Կինոնկարի աշխատանքներին աջակցում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Այս  տեսարանը, ըստ  Գետիկյանի, բարձրակետին  կհասցնի    մարսելցի հայ երիտասարդի՝ Արամի արդարության պահանջի ու փնտրտուքի  երկարամյա պատմությունը: Արամն  իր հայկական ինքնության  գիտակցության ու  արդարության ձգտման  ճանապարհին անցնելու  է   բոլոր հնարավոր փորձությունները:   Փարիզում պայթեցնելու  է  Թուրքիայի դեսպանի մեքենան, ապա հեռանալու է երկրից  և   80-ականներին անդամագրվելու է   ԱՍԱԼԱ-ին: Ռոբեր Գետիկյանը  երկար  է  նախապատրաստվել այս ֆիլմին: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»  և   «Ոճրագործության բանակ» ֆիլմերից հետո  այս նոր նախագծով ռեժիսորն ամբողջացնում է հայկական թեմայով իր   եռապատումը:

Ի՞նչ է զգում այն պահին, երբ  Ծիծեռնակաբերդի ամենաբարձր  կետից  նկարահանում է մարդկային հիշողության կենդանի հոսքը: Այս հարցին ռեժիսորը  բնավ ոչ  զգայական, ավելին ` միանգամայն պրագմատիկ պատասխան ունի. այս  պատմությունը պետք է շարունակվի  այնքան, քանի դեռ  աշխարհում և մանավանդ  Թուրքիայում որևէ  մեկը կասկած ունի,  թե 1915-ին ցեղասպանություն է կատարվել: գեդ2Ամենակարևորն այս ֆիլմում, ըստ Գետիկյանի, պատասխանատվության այն բեռն է, որ կրել է  ամբողջ կյանքի ընթացքում, և իհարկե՝ հանդիսատեսի արձագանքը.  «Երբ   ֆիլմ ես նկարում, որը ցուցադրվում է  տարբեր երկրներում  ու փառատոներում, դա միշտ էլ հանրության, մարդկանց հետ անմիջական շփման  հնարավորություն է: Այս դեպքում  իմ պատասխանատվությունը  կրկնակի   է, քանի որ միշտ ցանկացել եմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով մի ֆիլմ նկարել: Այս ֆիլմն առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ չափազանց մոտ է իմ հոգուն, այլ որովհետև  այն  հասցեագրված է ոչ միայն հայերին, եվրոպացիներին, այլև թուրքերին, որոնք ընդունել կամ դեռ չեն ընդունել ցեղասպանության իրողությունը: Անշուշտ, հայկական ողբերգության  պատմությունը պիտի փոխանցվի սերնդից սերունդ, ու քանի դեռ այն չի ընդունել ամբողջ աշխարհը, հայերը պիտի շարունակեն արդարության իրենց պահանջը»: «Մի խելագարի պատմությունը»  ժամանակային   և  տարածական մեծ ընդգրկում ունի: Կինոպատումը  սկսվում է Բեռլինում, Թալեաթի կյանքի վերջին օրը, Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան հայտնի կրակոցի տեսարանով, ու իրադարձությունների  հետագա  զարգացումներում   միահյուսվում են պատմական անցյալն ու այսօրը, XX դարասկիզբն ու  80-ականները, Եվրոպան, Հայաստանն ու Մերձավոր Արևելքը: Արիան Ասկարիդը, որ ֆիլմում  կերպավորում է  հայուհի Անուշին, իր հերթին  անդրադառնում է պատասխանատվության  այն  բաժնին, որ   կրում է  մայրը, որի որդին  ահաբեկչության է դիմել: Դերասանուհին  համոզմունք ունի, որ այս ֆիմում արծարծվող  հարցերը զուտ հայկական խնդիրներ չեն, այլ մտահոգության  թեմա   են նաև եվրոպացիների ու աշխարհի բոլոր  ազգերի համար, քանի որ առնչվում են ոչ միայն  ազգային ինքնությանը, այլև պարզ մարդկային բարոյականության ու արդարության պահանջին:

գեդ6Չափազանց դժվար է  Անուշի ցավի, տագնապների  ու մեղքի  զգացողության  մեջ  գտնել արդարության  ու սխալի եզրագիծը, փաստում է  դերասանուհին.  «Իմ  հերոսուհին նախևառաջ  ցավ  է  ապրում, բայց շատ ավելի՝ պատասխանատվություն  այն բանի համար, որ գուցե ինքն  է  որդուն  մղել  այդ քայլին՝ արդարության այդ պահանջին՝ իր բոլոր հետևանքներով: Անուշն անվերջ ինքն իրեն հարցնում է՝ ինչ կատարվեց, որ որդին ուզում է մոռանալ ամեն ինչ` հարազատ տունը, ծնողներին ու գնալ դեպի մահ:Կարծում եմ, որ ծնողներն անպայման իրենց զավակներին պետք է փոխանցեն ընտանեկան հիշողությունը, մանավանդ  հայկական ընտանիքներում երեխաները պետք է իմանան, թե ինչ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել անցյալում, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է դա անեն»:

Հայաստանյան նկարահանումների ընթացքում Գետիկյանը վերստին  համոզվել  է, որ հայերին ամբողջ աշխարհում միավորում է  փրկության, միասնության և  հիշողության պահանջը, որի  առջև անզոր է անգամ   երիտթուրքերի ժառանգորդների ժխտողականությունն ու ցինիզմը։ Ռեժիսորը վստահ է` կգա   այդ օրը,  և Թուրքիան ստիպված կլինի  ընդունել նախնիների ոճիրը: «Թուրքիան պետք  է վերջապես ընդունի իր պատմությունն ինչպես որ կա, և դա պետք է դաս լինի  բոլորին: Ֆիլմն ավարտվում է Ծիծեռնակաբերդի համազգային ոգեկոչման տեսարանով: գեդ7Եվ մեր պատմական հերոսի ծոռները գալիս են Հայաստան՝ մասնակցելու այս երթին,  ու մի յուրօրինակ կապ է  ստեղծվում անցյալի  և այսօրվա միջև: Նրանք հենց այստեղ՝ անկախ Հայաստանում են նշում սահմռկեցուցիչ ոճրագործության 100-ամյակը: Եվ մենք բոլորս հույս ենք փայփայում, որ այլևս երբեք որևէ  երկրում  չի կրկնվի ցեղասպանության ոճիրը»:

«Մի խելագարի պատմությունը»    էկրանին  կհայտնվի  ճիշտ մեկ տարի անց՝   2015-ի ապրիլին` կրկին հիշեցնելու,  որ ցեղասպանության ոճիրը վաղեմության ժամկետ չունի  ու մաքրագործումն անխուսափելի է:

Նունե  Ալեքսանյան

 


Ջուլիետ Բինոշը կգլխավորի 2019 թ. Բեռլինի կինոփառատոնի միջազգային ժյուրին

Օսկարակիր ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը  2019 թ. կգլխավորի 69-րդ Բեռլինի կինոփառատոնի միջազգային ժյուրին (փետրվարի 7-17-ը): Այս մասին հայտնել է screendaily.com-ը։...

|11 Դեկտեմբեր 2018,22:04